կարևոր
3535 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-11 12:32
Հասարակություն

Երևանի համայնքներից մեկի նախկին ղեկավարը հափշտակել է համայնքապատկան մանկապարտեզը

Երևանի համայնքներից մեկի նախկին ղեկավարը հափշտակել է համայնքապատկան մանկապարտեզը

Ա.Ս.-ն, 2011 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցնելով Երևան քաղաքի համայնքներից մեկի ղեկավարի պաշտոնը, իր մտերիմ Ա.Շ.-ի հետ հափշտակել է Երևանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ներքին Չարբախ 3-րդ փողոց 60/1 հասցեում գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատության 124.3 քմ մակերեսով և 18 մլն 720 հազար դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը:

Այս մասին հայտնում են դատախազությունից ու մանրամասնում, որ Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից քրեական գործի (վարույթի) ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թվականի փետրվարի 9-ին համայնքի ղեկավարը, Ա.Շ.-ի կողմից ստանալով իր սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ դիմում, կազմել է նախադպրոցական ուսումնական հաստատությանը հատկացված հողամասը մասնավորեցնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշման նախագիծ այն պայմաններում, երբ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գույքը կարող էր օտարվել միայն բացառիկ դեպքերում, իսկ «Կրթության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օտարվելու դեպքում գույքը կարող էր օգտագործվել միայն ուսումնական նպատակներով:

Նախագծին կից պաշտոնեական փաստաթղթերում Համայնքի ղեկավարը Երևանի քաղաքապետարանին հաղորդել է կեղծ տվյալներ: Մասնավորապես՝ ներկայացրել է իրականում գոյություն չունեցող՝ Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարի 2005 թվականի որոշում, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակցի կողմից տրված՝ կեղծ տվյալներ պարունակող տեղեկանք: Դրանց հիման վրա՝ Երևանի քաղաքապետի 2018 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ՝ նախադպրոցական հաստատության վերոնշյալ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը նվիրաբերվել է համայնքի ղեկավարի մտերիմ Ա.Շ.-ին:

2018 թվականի փետրվարի 28-ին վերոնշյալ գույքը ձևակերպվել է Ա.Շ.-ի անվամբ. վերջինս 2019 թվականի փետրվարի 28-ին գույքը նվիրաբերել է համայնքի ղեկավար Ա.Ս.-ի դստերը:

Բացի այդ, համայնքի ղեկավարը կազմել է Երևանի քաղաքապետի որոշման մեկ այլ նախագիծ, որով մանկապարտեզի տարածքի մյուս հատվածը՝ 77.1 քմ մակերեսով և 11 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, նվիրատվությամբ օտարվել է համայնքապետարանի աշխատակից Մ.Մ.-ին:

Դատախազության փոխանցմամբ, 2024 թվականի փետրվարի 26-ին հսկող դատախազը սեփական նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ս.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացում)), Ա.Շ.-ի նկատմամբ՝ 38-178 րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախության օժանդակություն) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)):

Դատախազը 2024 թվականի մարտի 11-ին հաստատել է վերոնշյալ անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով: Հայցը վարույթ է ընդունվել:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: