կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-09 13:04
Քաղաքական

«Սառույցը շարժվեց». ի՞նչ են քննարկել Վրաստանում իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները

«Սառույցը շարժվեց». ի՞նչ են քննարկել Վրաստանում իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները

Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Վրաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների` դիվանագետների մասնակցությամբ թվով երկրորդ հանդիպումը: Քննարկման հիմնական թեման եղել է ընտրական համակարգը: Այդ մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է վրացական «Ալիք մեդիան»:

Հանդիպումից հետո կողմերը լրագրողների հետ զրույցում տարբեր կերպ են ներկայացրել իրավիճակը: Այսպես, խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեի խոսքով, միավորված ընդդիմությունն այս անգամ հանդես է եկել բացարձակ նոր առաջարկով, որը տարբերվում է նախորդ պահանջներից:

«Ընդդիմությունն առաջարկում է մեկ մանդատ ունեցող մեծամասնական վարչությունները փոխարինել մի քանի մանդատ ունեցողներով: Այս նախաձեռնությունը սահմանադրական փոփոխություններ չի պահանջում: Մեր թիմը պետք է քննարկումներ անցկացնի ու որոշում կայացնի»:

«Նոր Վրաստան» ընդդիմադիր քաղաքական հարթակի ղեկավար Գիորգի Վաշաձեն ասում է` «սառույցը շարժվեց, սակայն ընդդիմության ու հանրության վստահությունն իշխող կուսակցության հանդեպ զրոյական է»։

«Բանակցությունների երկրորդ փուլը կարևոր ձեռքբերում է մեր խաղաղ, ոչ բռնի ընդվզումների և դիվանագիտական կողմի ճնշումների տեսանկյունից: «Վրացական երազանքը» սպառել է իրեն, ժամանակն է ճանապարհել նրանց իշխանությունից»:

Ինչ վերաբերում է դիվանագիտական կողմին` Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է․

«Դրական ու քննադատական երկխոսությունը պահպանելու համար յուրաքանչյուր անձ և քաղաքական կուսակցություն, որն ուզում է արտահայտել կարծիքը, պետք է դա անի օրենքի շրջանակներում»:

Ռուդի գնահատմամբ, հանդիպումը կայացել է կառուցողական միջավայրում, պայմանավորվել են, որ կհանդիպեն ևս մեկ անգամ: Նա հույս է հայտնել, որ հաջորդ հանդիպմանը կքննարկվի մեծամասնական պատգամավորների բաշխման կարգը խորհրդարանում: