Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք իսկապես մեղավոր ենք, որ մեր իշխանությունը լուրջ խնդիր ունի ձերբազատվելու թերարժեքության բարդույթից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը։
Նրա համոզմամբ՝ թերաժեքությունից ձերբազատվելուց հետո միայն հնարավոր կլինի հասկանալ, որ տարբեր երկրներում եղածը բնավ չի հակասում այն ավանդույթներին, որ ստեղծվել են հայկական կրթական, մշակութային և այլ համակարգերում։
«Նոր իշխանությունը բերեց նոր մտայնություն, որ դու կարող ես փոխել, եղիր համարձակ, բայց, միևնույն է, մնաց ազգայինի հանդեպ այն կարծրատիպը, որ ազգայինը մեզ տանելու է միջնադար և մնաց այն դյութանքը, որ այն, ինչ գալիս է դրսից, ճիշտ է»,-ասաց նա։
Նարինե Դիլբարյանը վստահ է, որ այդ կարծրատիպի հետևանք է մոտեցումը, թե՝ հայերեն սովորելն է մարդկանց խանգարում դառնալ լավ ֆիզիկոս, մաթեմատիկոս․ «Միևնույն է, դա այն սերունդն է, որը ձևավորվել է հենց այն տարիներին, երբ ազգայինի հանդեպ քամահրական վբերաբերմունք էր դրսևորվում։ Այ, երբ կարողանանք հանրային խոսույթ ծավալել և ցույց տալ, որ ազգային կրթությունը 21-րդ դարի արժեքներին հանրային հնչեղություն տալն է, իշխանությունների վերաբերմունքն էլ կփոխվի»։
Մեզ ինքնավստահություն է պետք, ասաց նա, ցավ ի սիրտ, այդ ինքնավստահությունը ո՛չ տալիս են մանկապարտեզից, ո՛չ դպրոցից, ո՛չ էլ բուհից։ Հետևանքն այն է, որ շրջանավարտները մտնելով քաղաքականություն և դառնալով ընտրող, շարունակում են չափազանցնել արևմտյան արժեքների ազդեցությունը մեր իրականության վրա։
«Մեր հանրությունը զարմանալի առավելապաշտ է և տրամաբանական կատեգորիաների և մտածողության սկզբունքը շատ հաճախ մեզ մոտ արհամարհվում է պահի զգացմունքների ազդեցության տակ»,-նկատեց Նարինե Դիլբարյանը։
Նա կողմնակից է, որ ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք ընդունվի, բայց գտնում է, որ եթե Ստամբուլյան կոնվենցիայի հանդեպ հանրային անհանգստություն կա, ուրեմն պետք չէ մտածել, թե այն, ինչ կարող է արդյունավետ գործել եվրոպական երկրներում, դիցուք՝ Հոլանդիայում, պետք է ինքնաբերաբար արդյունավետ գործի Հայաստանում։
«Ճիշտ հակառակը, կարող է բոլորովին չգործել։ Բայց դա հասկանալու համար մենք պետք է կարողանանք պատկերացնել, որ ազգայինը հետամնացություն չէ և 16-րդ դարին վերադարձ չէ»,-ասաց Նարինե Դիբարյանը։
Հիշեցնենք, որ ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը այն դասախոսների թվում էր, որոնք գործադուլով բողոքեցին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի կարգավորումների դեմ։ Դրանց համաձայն՝ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզուն», «Հայ գրականությունն» ու «Հայոց պատմությունը» դառնում են կամընտրական առարկաներ։
Աննա Բալյան
Առավել մանրամասն՝ տեսանյութում․