կարևոր
1927 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-12 13:48
Հասարակություն

Կառավարությունից պահանջում ենք օրակարգ բերել գերիների վերադարձի հարցը․ COP29-ի նախօրեին հայ գերիները պիտի գան․ Նարինե Դիլբարյան

«Միասին» այլընտրանքային  հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը ՀՀ կառավարության շենքի  դիմաց հանրային շտապ հավաք է անցկացնում՝ ներկայացնելով  պահանջագիր, որով կառավարությունից  պահանջում են դիվանագիտական միջազգային օրակարգ դարձնել «Ադրբեջանի տարածքից բռնի տեղահանված հայ բնիկ ազգաբնակչության իրավունքների պաշտպանության մասին» հարցը։

«Մենք այստեղ ենք եկել և մեզ հետ բերել ենք համապատասխան պահանջագիր, որով պահանջելու ենք ՀՀ կառավարությունից մեր դիվանագիտական միջազգային օրակարգում դնել հետևյալ հարցը՝ Ադրբեջանից բռնի տեղահանված բնիկ հայ ազգաբնակչության իրավունքների պաշտպանությունը»,- ասաց «Միասին» շարժման անդամ Նարինե Դիլբարյանը։

 «Այս հարցի մեջ մտնում է Ադրբեջանից, ըստ էության, բռնի տեղահանված 1մլն-ից ավելի հայերի իրավունքների, շահերի պաշտպանությունը՝ և՛ վերադարձի իրավունք, և՛ մշակութային հուշարձանների պահպանության իրավունք, և՛ մեր գերիների վերադարձը COP29-ի նախօրեին։ Մենք տեսնում ենք, որ ՀՀ կառավարությունը չի ձեռնարկում ոչ մի քայլ այս ուղղությամբ և, քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, «Միասին» շարժումը այս հարցը բարձրացնում է։ 30 տարվանից ավելի մենք լռել ենք, բայց հիմա այդ հարցը դարձել է ավելի ցավագին և ողբերգական՝ Արցախի հայաթափմամբ։ Ուստի այդ հարցը մենք հիմա բարձրացնում ենք։ Հենց այսպիսի հարցերն էլ պատճառ են դառնալու իշխանափոխության, որովհետև այն իշխանությունը, որը առաջ չի քաշում ժողովրդին պաշտպանող դրույթներ, հեռանալու է»,-նշեց  Դիլբարյանը։