կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-13 14:36
Հասարակություն

Դասախոսների գերակշիռ մասն իր համերաշխությունն է հայտնում ուսանողական շարժմանը. Նարինե Դիլբարյան

ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների դասախոսների գերակշիռ մասն իր համերաշխությունն է հայտնում ուսանողական շարժմանը՝ ի պաշտպանություն ԲՈՒՀ-երի ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր ուսուցման դրույթի. ըստ Yerkir.am-ի՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող դասադուլավոր ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ  ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հայտարության դրույթները ներկայացրեց ԵՊՀ հայ բանասիրության ամբիոնի դասախոս, լեզվաբան Նարինե Դիլբարյանը:

Նա ընդգծեց՝ իրենք հայտարարում են համերաշխության նախազգուշական մեկօրյա գործադուլ՝ որպես միաբանության քայլ: Միևնույն ժամանակ, նախատեսում և ակնկալում են  հարցի հրատապ քննարկում բոլոր շահագրգիռ իրավասու կողմերի, մասնավորապես՝ ԿԳՄՍ-ի նախարարության հետ՝ առանց քաղաքական շահարկումների:

Կկայանա՞ քննարկում: Դիլբարյանը հուսով է. «Ես հույս ունեմ, որ պարոն Հարությունյանը պատրաստ է քննարկման: Ելներով այն երկու հրապարակային հայտարարություներից, երբ նշեց, որ ինքը պատրաստ է երկխոսության, կարծում եմ, որ այս հանդիպումը կկայանա»,- նշեց լեզվաբանը:

Դիլբարյանը հավելեց, որ թաքցնելու ոչինչ չունեն, ուստի եթե քննարկում լինի, կլինի բաց: 

Հիշեցնենք՝ արդեն 7 օրն է, ինչ տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ: