կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-28 17:35
Հասարակություն

Կեղծ ահազանգերը փոխանցում ենք ոստիկանությանը. Արսեն Մկրտչյան

911 ծառայությունում գրանցվում են բազմաթիվ ահազանգեր, այդ թվում՝ կեղծ: Տարեկան կտրվածքով՝ գրանցվում է մոտ 2 միլիոնից ավելի զանգ, որոնցից ոչ բոլորն են ահազանգեր և ոչ բոլորն են վերաբերում արտակարգ պատահարներին՝ Yerkir.am-ի հետ զրույցում ներկայացրեց ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը:

Նա հավելեց, որ 911 ծառայությունում հերթապահում է նաև հոգեբանական աջակցության գծով հրահանգիչ, որը պատրաստ է ահազանգողներին և հոգեբանական աջակցության ու խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիներին տրամադրել դրանք:

«Լինում են դեպքեր, երբ երեխաներ են կեղծ ահազանգեր տալիս: Հորդորում եմ՝ կեղծ ահազանգերով չծանրաբեռնել գիծը: Եթե զանգերի բովանդակությունը չի վերաբերում ԱԻՆ-ի գործունեությանը, մենք զանգը փոխանցում ենք համապատասխան ծառայությանը, օրինակ՝ 1-03, իսկ ակնհայտ կեղծ ահազանգերը՝ ոստիկանությանը»,- ասաց Արսեն Մկրտչյանը:

Նա նաև նշեց, որ թեև կեղծ ահազանգողները ենթարկվում են պատասխանատվության, սակայն նրանց տարիքի կամ զանգելու վայրի վերաբերյալ վիճակագրություն չի վարվում:

   

Նարա Մարտիրոսյան