կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-10 16:41
Հասարակություն

Վերջին զանգը` մայիսի 26-ին. դրամահավաքության վերաբերյալ ահազանգերը նվազել են

Վերջին զանգը` մայիսի 26-ին. դրամահավաքության վերաբերյալ ահազանգերը նվազել են

Այս տարի դպրոցներում Վերջին զանգը կհնչի մայիսի 26-ին: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշեց, որ այս տարի Վերջին զանգի կապակցությամբ դրամահավաքի վերաբերյալ ահազանգերի թիվը, նախորդ տարվա համեմատ, նվազել է:

«Մի քանի ահազանգ ենք ստացել, որոնց հետ կապված ուսումնասիրություն ենք կատարել, և միայն մեկի դեպքում է դրամահավաքություն գրանցվել. թիվ 3 դպրոցն էր, որի տնօրենի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝  խիստ նկատողություն, իսկ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Գայանե Պողոսյանն ազատվել է
աշխատանքից: Այդ դպրոցի 12-րդ դասարանցիների ծնողներին պարտադրվել էր հավաքել գումարներ Վերջին զանգի համար»,-ասաց Արշակյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ դրամահավաքության բացառման վերաբերյալ տնօրեններին շրջաբերականներ կուղարկեն:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ տեղեկացրեց, որ անհանգստություններ միշտ էլ կլինեն, սակայն իրենք արդեն սկսել են դրամահավաքության դեպքերը կանխելու համար միջոցներ ձեռնարկել: Նա նշեց, որ իրենք շրջում են դպրոցներով` ծնողներին ասելով, որ իրենց երեխաների տոնը կարող են նշել ինչպես ուզում են, բայց դա պետք է լինի դպրոցի պատերից դուրս:

«Արդեն իսկ խորհրդակցության ենք հրավիրել Երևանի դպրոցների բոլոր տնօրեններին և զգուշացրել, որ Վերջին զանգի անվան տակ դրամահավաքությունը պետք է բացառել, հակառակ դեպքում` պատասխանատվության կենթարկվի տնօրենն անձամբ:  Բացի այդ` մենք զրուցում ենք ծնողկոմիտեների նախագահների և ծնողների հետ: Հենց հիմա էլ ես դպրոցներից մեկում եմ, որտեղ պետք է հենց այդ առիթով ծնողկոմիտեների նախագահների հետ հանդիպեմ»,- ասաց Սողոմոնյանը: