կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-28 16:55
Առանց Կատեգորիա

Սահմանների պաշտպանության պարտականությունը

Սահմանների պաշտպանության պարտականությունը

Հեռուստատեսությամբ հետեւեցի Պետական համալսարանի ուսանողության եւ ռեկտորի միջեւ համալսարանի միջանցքում տեղի ունեցող «երկխոսությանը», որի ժամանակ պարոն ռեկտորը այն միտքն արտահայտեց, թե իշխանությունը չպետք է որոշի՝ որքան ժամեր պետք է հատկացվեն լեզվի ուսուցմանը: Ենթադրում եմ, որ նույն կերպ են մտածում նաեւ ԿԳՄՍ նախարարն ու վարչապետը, որոնք այսօրվա իրենց գործունեության կարեւոր խնդիրներից են համարում հայոց լեզվի եւ պատմության ուսուցման սկզբունքը, ոչ մասնագիտական ֆակուլտետներում, թողնել կրթական համակարգի ղեկավարների հայեցողությանը: Քանի որ այս նյութի շուրջ վերջերս փոթորկված խոսակցությունը վստահաբար սպառված չէ, ցանկանում եմ արձագանքել վերը բերված տեսակետին:

Գիտնականները եւ առհասարակ մտավորականները շատ են փորձել հստակեցնել, թե ինչ հատկանիշներով է բնորոշվում անհատի՝ այս կամ այն ազգին պատկանելության հարցը: Հավանական բացատրություններից մեկն այն է, որ մարդը պատկանում է այն ազգին (կամ ժողովրդին), որի լեզվով մտածում է: Մենք՝ որպես աշխարհացրիվ ազգ, որ դարերի ընթացքում իր բազում համայնքների ձուլումն ու վերացումն է վերապրել, կարող ենք վկայել, որ լեզուն կորցնելուց հետո արագանում է ձուլման եւ ազգային նախնական պատկանելության կորստի գործընթացը: Չձգտելով ավելորդ հուզականություն հաղորդել շարադրվող նյութին՝ ցանկանում եմ հիշեցնել նաեւ, որ մեծ ողբերգության օրերին հայ մայրերն իրենց զավակներին ավազի վրա հայերեն տառերն էին սովորեցնում՝ բնազդով հասկանալով, որ եթե լեզուն չկորցնեն, ողջ մնալու դեպքում կփրկեն նաեւ հայկական ինքնությունը:

Պետություններն ու ժողովուրդները ինքնապաշտպանության համար ստեղծում են բնակության տարածքը եզերող ֆիզիկական սահմաններ եւ ժողովրդի ինքնությունը պահպանելու համար լեզվական սահմաններ:

Մեծն Խորենացին գրել է. «Արտաշես արքան միավորեց հայոց լեզվի սահմանները»: Այս քաղաքականությունը յուրաքանչյուր իշխանության առաջին սրբազան պարտքը պետք է լինի, իսկ դրանից նահանջը՝ հրաժարում իր առաջնային պարտավորությունների կատարումից:

Խիստ կամ չափազանցված չէ՞, արդյոք, այս մոտեցումը:

Ժողովուրդները լեզվի հիմքի վրա ստեղծում եւ զարգացնում են սեփական մշակույթները: Ակնհայտ է, որ լեզուն խոսքի ու գրավոր մշակույթի գործիքն է, բայց ոչ միայն: Հարցրեք որեւէ երգահանի, եւ նա կհաստատի, որ, օրինակ, հայ երաժշտությունը հայոց լեզվի արդյունք է: Հայերեն խոսող ժողովուրդը չէր կարող ստեղծել ֆրանսիական, անգլիական, ռուսական կամ այլ ժողովրդի երաժշտություն, այդպիսիք կարող էին ծնվել տվյալ լեզուներից: Լեզվի փափկության, կոշտության, երգեցիկության, ռիթմայնության, զգացմունքայնության եւ այլ հատկանիշների արդյունք են նաեւ մշակույթի մյուս տեսակները՝ խոսքի հիմքի վրա ձեւավորված թատրոնը, կինոն, ինչպես եւ պարարվեստը, նկարչությունն ու քանդակագործությունը: Հենց լեզուն էլ այն թելն է, որ մեկ ու միանման ընդհանրություն է դարձնում մշակույթի բոլոր ձեւերը, ժանրերն ու դրսեւորումները: Դժվար չէ զգալ, թե ինչպես են իրար նման Նարեկացին, Սայաթ-Նովան, Չարենցն ու մանրանկարչությունը, եկեղեցիները, Կոմիտասը, Անիի ճարտարապետությունը, Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը, Բակունցն ու Հրանտ Մաթեւոսյանը, Արամ Խաչատրյանը, Սպենդիարյանն ու Տիգրանյանը, Թամանյանի Երեւանը եւ այլն:

Այն ժամանակից, երբ բնության ստեղծած կենդանու մեջ ծիլ տվեց բանականությունը, նա սկսեց պարել, երգել, նկարել ժայռապատկերներ, եւ դրանք բոլորը միջոցներ էին ինքն իրեն ու շրջապատող աշխարհը ճանաչելու համար: Այսինքն՝ մշակույթն այն հայելին է, որի մեջ մարդը տեսնում եւ ճանաչում է ինքն իրեն: Հայ ժողովուրդը հինգ հազար տարի ապրել էր իր բնօրրանում, բայց երբ Սարյանը վրձնով բանաձեւեց հայրենի բնօրրանը, բոլոր հայերն ու ոչ հայերը տեսան ու հասկացան, որ հենց այսպիսին է Հայաստանը: Կոմիտասը, նրանից առաջ ու հետո եղած ուրիշ մեծեր մեզ օգնում են հասկանալ, թե ինչպիսին է եղել հայը հարյուրամյակներ առաջ, ինչ խոհեր ու զգացմունքներ է ունեցել, ինչպես է ուրախացել եւ վշտացել:

Մշակույթը ինքնաճանաչման, ինքնադրսեւորման, եւ ինքնազարգացման միջոց է, իսկ նրա հիմքը լեզուն է: Սեփական լեզուն չզգացող մարդը հեռանում է սեփական ինքնությունից, չի կարողանում խորությամբ ճանաչել եւ ապրել սեփական մշակույթը եւ «նախապատրաստված է լինում» հեռանալու լեզվի տարածքից, մշակույթից ու, լայն առումով, մշակութային արժեքներից, ինքնությունից ու երկրից: Անցնող երկու հազար տարիների ընթացքում հայ ժողովուրդը գոյատեւել է ոչ թե հատկապես այս ու այն ճակատամարտի, ազատագրական շարժման շնորհիվ, այլ որպես լեզվի ու նրա հետ համաձուլված մշակույթի ու հավատքի, ինչպես եւ մշակութային ընկալում ձեռք բերած պատմության արդյունք:

Այն, ինչի մասին սեղմ ասվեց այստեղ հայտնագործություն չէ եւ, բնականաբար, վերաբերում է բոլորին: Այդ իսկ պատճառով պետությունները իրականացնում են լեզվի, ինչպես եւ մշակույթի պետական քաղաքականություն, ինչպես եւ հաստատում են նորմեր ու չափանիշներ, որոնք պարտադիր են լինում բոլորի համար:

Մարդը կարող է չցանկանալ պաշտպանել իր երկրի սահմանները, որովհետեւ դա հղի է չարչարանքով ու նույնիսկ կարող է կյանքից զրկվել, բայց պետությունը պարտադրում է նրան անել այդ, իսկ հակառակ դեպքում՝ կարող է նաեւ պատժել: Պետությունն ու իշխանությունները պետք է սահմանեն նաեւ պետության ներքին սահմանի՝ լեզվի պաշտպանության եւ կիրառման օրենքներ եւ խստորեն հետեւեն դրանց գործադրմանը, եթե իսկապես ազգային իշխանություններ են եւ երկրի պաշտպանության հարցը չեն թողնում քաղաքացիների քմահաճույքին:

Արտաշես Շահբազյան