Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը կողմ է արտահայտվել, որ Եվրամիությունը ճանաչի Պաղեստինը՝ որպես անկախ պետություն: Այդ կարծիքը նա հայտնել է կիրակի Tagesspiegel am Sonntag գերմանական թերթում հրապարակված հարցազրույցում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Եվրամիությունը պետք է քննարկի այն, որ արդեն ժամանակն է, որ ԵՄ անդամ երկրները ճանաչեն Պաղեստինը՝ որպես անկախ պետություն»,-ասել է Ասելբորնը ու հավելել, որ այդ կերպ Բրյուսելը կարող էր ներկայանալ որպես հակակշիռ Վաշինգտոնին ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձարևելյան քաղաքականությանը:
«Մենք գիտենք, թե որքան բարդ է հատկապես Գերմանիայում, ինչպես նաև Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում և Լյուքսեմբուրգում անհատապես ճանաչել Պաղեստինը: Սակայն եվրոպական նախաձեռնության շրջանակում դա միանգամայն հնարավոր կլիներ»,- ասել է նախարարն ու շեշտել. «Ամբողջ ԵՄ-ի կողմից Պաղեստինի ճանաչումն ազդանշան կլիներ, որ պաղեստինցիներն ունեն հայրենիքի, պետության կարիք այնպես, ինչպես և իսրայելցիները»:
Քաղաքական գործիչը պնդել է. «Եթե իսրայելյան բնակեցման քաղաքականությունը և պաղեստինցիների տները ոչնչացնելը շարունակվում են, ապա պարզապես որևէ հեռանկար չի մնում պաղեստինյան պետության համար: Միջազգային իրավունքի դրույթները պահպանելուց հրաժարվելը կհանգեցնի, որ Մերձավոր Արևելքում կլինի լրացուցիչ առնվազն 5 մլն փախստական: Դա չի կարող բխել Իսրայելի շահերից»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը, հասկանալով իրավիճակը, այլևս չի համարում, որ Հորդանանի արևմտյան ափին հրեական բնակավայրերի առկայությունը միջազգային իրավունքի խախտում է: Իսրայելում ողջունել են այդ որոշումը: Իրենց հերթին պաղեստինյան կողմի ներկայացուցիչները հայտարարել են, որ ԱՄՆ վարչակազմը որևէ լիազորություն չունի չեղարկելու միջազգային բանաձևերը, որոնք առնչվում են բնակավայրերին: