կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-22 17:44
Հասարակություն

«Եկեք լինենք միասնական ու տեր կանգնենք մեր իրավունքներին» Եզդիների ազգային միությունը նոր նախագահ ունի

«Եկեք լինենք միասնական ու տեր կանգնենք մեր իրավունքներին» Եզդիների ազգային միությունը նոր նախագահ ունի

Մոսկվա կինոթատրոնում այսօր տեղի է ունեցել Եզդիների ազգային միության համագումարը, որի ընթացքում միության նախագահության անդամների ձայների մեծամասնությամբ ընտրվել է նոր նախագահ:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 2-ին մահացավ Եզդիների ազգային միության նախագահ, առաջնորդ Ազիզ Թամոյանը: Նա 83 տարեկան էր և կառույցը ղեկավարում էր 1988 թ.-ից` գրեթե 33 տարի: Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց եզդի ժողովրդի ինքնության պահպանմանը, հայ-եզդիական բարեկամության ամրապնդմանը:

Հենց այդ մասին է պատմել նոր նախագահի ընտրությանը նախորդած՝ Ազիզ Թամոյանին նվիրված փաստավավերագրական ֆիլմը: Ապա էկրանին ցուցադրվել են եզիդական միջազգային կառույցների ղեկավարների տեսաուղերձները, որոնք չեն կարողացել ներկա գտնվել համագումարին: Հատուկ ուղերձներ են հղել եզդիների հոգևոր առաջնորդ Շանգալի Էմիր Միր Նաիֆ Բին Դաուդը, Կանադայի եզդիների համայնքի ղեկավար Միրզա Իսմայիլը, Իրաքից եզդիների զորամիավորման հրամանատար Ալի Իսան (Խալ Ալի), Իրաքում եզդիական առաջընթաց կուսակցության փոխնախագահ Ամար Կտոն: Էկրանին ցուցադրվել են նաև Գերմանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, ՌԴ եզդիական կառույցների ղեկավարների տեսաուղերձները:

Համագումարի ընթացքում ելույթ են ունեցել Եզդիների ազգային միության նախագահության անդամներ Ռոստամ Շամոյանը, Սուրիկ Հաջոյանը, Այսեր Իսայանը, Քյարամ Սլոյանը, Ազիզ Ավդալյանը, Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանը, Համլետ Հաջոյանը: Ելույթ են ունեցել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, ՀՀ կառավարություն կրոնի հարցերով վարչության պետ Վարդան Ասցատրյանը, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:

Եզդիների ազգային միության նախագահի միակ թեկնածուն Ազիզ Թամոյանի թոռն էր` Խդր Հաջոյանը (Թամոյանը): Նա իր ելույթում նշել է, որ իր մեծ ուսուցչի` Ազիզ Թամոյանի թողած անգնահատելի ժառանգությունը փաստում է իր հավերժ ներկայության մասին: Խդր Հաջոյանը (Թամոյանը) այսօրվա ընտրությունը պարզապես իր անձի ընտրությունը չի համարում, այլ Եզդի ժողովրդի իրավունքների, կրոնի, լեզվի, ազգային արժեքների, մշակույթի և կրթության պահպանման ու զարգացման, ինչպես նաև հայ-եզդիական դարավոր բարեկամության առավել ամրապնդման երաշխիք:

«Վստահ եղեք, մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են, իսկ դժվարությունները, իհարկե, հաղթահարելի միմիայն մեր միասնականության, մեր համատեղ ուժերի շնորհիվ: Այն ճանապարհը, որով պիտի գնանք, հեշտ չէ, սակայն ձեր հայրենասիրությունն ու նվիրվածությունը դեպի ազգային արժեքների պահպանությանը ինձ զորավիգ են դառնում, որպեսզի էլ ավելի եռանդով շարունակեմ այն սուրբ գործը, որը ժառանգել ենք երջանկահիշատակ Ազիզ Թամոյանից և իր համախոհներից: Այնպես որ՝ եկեք լինենք միասնական ու տեր կանգնենք մեր իրավունքներին: Բժի Էզդիխանա, բժի Էրմենիստան, բժի Թֆակա էրմենիա, հոլը, հոլը, հոլա Սըլթան Էզիդե Սորը (Կեցցե, Էզդիխանան, կեցցե Հայաստանը, կեցցե հայ-եզդիական միասնականությունը)»,- ասել է Խդր Հաջոյանը:

Միջոցառման ընթացքում նաև արցախյան պատերազմի եզդի մասնակիցներից Քյարամ Սլոյանի անվան երկրորդ ջոկատի հրամանատար Տիտալ Սլոյանի պարգևն է հանձնվել, նա ավելի վաղ պարգևատրվել էր Արցախի նախագահի հրամանագրով` Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշան:

Համագումարի ընթացքում նախագահության անդամների ձայների մեծամասնությամբ Եզդիների ազգային միության նախագահ է ընտրվել Խդր Հաջոյանը (Թամոյանը): Նա 31 տարեկան է, մասնագիտությամբ՝ իրավաբան, արևելագետ, ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Դավիթ Գրիգորյան