Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Արդեն երկրորդ տարին է, ինչ Գեղարդի վանքում ու Գառնու տաճարում անցկացվում է Վարդավառ միջազգային երիտասարդական փառատոնը` Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի, Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ:
Հայաստանը հաջող քայլեր է ձեռնարկում Վարդավառի ջրային տոնախմբությունը միջազգային համատեքստում ներկայացնելու ուղղությամբ: Շուրջ 26 երկրներից Հայաստան էին ժամանել 150 օտարերկրացի երիտասարդներ` մասնակցելու Վարդավառի տոնախմբությանը:
Հարկ է նշել, որ ջրային տոնախմբությունը, կազմակերպված հստակ ծրագրով, համեմված ազգային-ազգագրական մշակույթի տարրերով, խաղերով ու ցուցահանդեսներով, տպավորիչ ազդեցություն թողեց ոչ միայն օտարերկրացիների վրա, ովքեր արագորեն ինտեգրվեցին տոնախմբությանն ու ջրոցի խաղին, այլ նաև սփյուռքահայերի համար, ովքեր կարողացան լիարժեք իրենց կարոտն առնել Վարդավառից:
Փառատոնը մեկնարկեց Գեղարդի վանքից, ուր անցկացվեց Տիրոջ Պայծառակերպությանը նիրված Սբ Պատարագ, երիտասարդության և մատաղի օրհնության կարգ: Պատարագից հետո վանքի մոտ ելույթ ունեցան «Վան» ազգագրական երգի-պարի համույթը, «Վահագն» դհոլահարների անսամբլը: Վարդավառի տոնախմբությանը մասնակցող օտարերկրացիները հայերի հետ միասին շուրջպար բռնեցին ու քոչարի պարեցին:
Գառնու տաճարում արդեն բացվեցին Վարդավառին նվիրված թեմատիկ տաղավարներ, որոնք ներկայացնում էին Վարդավառի հետ կապված նյութական մշակույթը: Գառնու հեթանոսական տաճարի մոտ Վարդավառին նվիրված հետաքրքիր բեմադրություն կազմակերպվեց, որից հետո ելույթ ունեցան Երևանում ու մարզերում ապրող շնորհալի երիտասարդները` ներկայացնելով երգեր ու պարեր:
Ի դեպ, Գեղարդի վանքում Վարդավառն էր տոնում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` իր ընտանիքի հետ: