կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-21 15:39
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհը միտումնավոր է՝ պատմամշակութային հուշարձաններն են այրում. տարածքի բնակիչ

«Դոլմամա» ռեստորանի տակ գինու 2 մառան կա, դրանք ոչնչացնելու համար միտումնավոր հրդեհներ են առաջացնում, որպեսզի կարողանան բարձրահարկ կառուցել և, բնակարանները վաճառելով, ավելի մեծ շահույթ ստանալ. ըստ Yerkir.am-ի՝լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Կենտրոն համայնքի բնակիչը, որի տան մոտակայքում խոշոր հրդեհ է բռնկվել։

«Այո՛, մենք բոլորս՝ բնակիչներով, վստահ ենք, որ միտումնավոր են այրում։ Եթե մենք արդեն 1 տարի է՝ ներկայացնում ենք կառավարությանը, լրատվամիջոցներով, որ այստեղ 4 պատմամշակութային տարածք կա, 2-ը սա է՝ Գրիգոր Ամիրխանյանի երկրաբանական միությունն է և տունը, 2-ն էլ մի քիչ հետևում, «Դոլմամա» ռեստորանում էլ գինու մառաններ են պահպանված: Հիմա եթե այրվի, հեշտությամբ կարող են ձեռք բերել։ Ձեռք բերողը Սամվել Մայրապետյանն է։ Այս տարածքներում ամռանն էլ հրդեհներ եղան։ Մեր տարածքները բոլորը փայտից են և կպչելով կարող են գնալ, եթե շուտ չհասցնեն մարել»,- ասաց տարածքի բնակիչը։

Նա նշեց, որ պատմամշակութային ընդամենը այդ 4 հուշարձանն է պահպանվել տարածքի՝ մոտ 30-ից. «Հյուսիսային պողոտայում 29 պատմամշակութային տարածք կա, և կառավարությունը պետք է այդ 29 պատմամշակութային տարածքները պահպաներ։ Չէր պահպանել։ Մենք այս տարի անընդհատ բողոքել ենք: Մնացել է 4 պատմամշակութային տարածք։ Գոնե Կենտրոնի  համար այդ 4 պատմամշակութային տարածքը եկեք պահպանենք»։

Նա ասաց, որ արդեն 10 տարի պայքարում են, որպեսզի իրենց սեփական տներից չվտարեն. «Մենք այս տներից դուրս չենք գա, որովհետև մեր տներն ուզում են մեր ձեռքից վերցնել ու դարձնել բիզնես կենտրոն կամ հյուրանոց։ Մեր տների տարածքը 10-15 տարի առաջ վերցրել է Սամվել Մայրապետյանը, և մեր բնակիչների առաջ ասված է, որ այս տարածքներում ուզում են հյուրանոց սարքել։ Մենք պայքարեցինք, ասացինք՝ ինչո՞ւ մենք մեր տներից պետք է դուրս գանք: Հիմա նոր կառավարությանն էլ ենք ասել, որ դուրս չենք գալու»։

Բնակիչն ընդգծեց, որ տարածքը եթե որպես պատմամշակութային վայր վերանա, ավելի հեշտ կկարողանան նոր շենք կառուցել։

Ավելի վաղ Yerkir.amհայտնել էր, որ Երեւանի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, այն մարելու համար մարտական 8 հաշվարկ է մոտեցել: