կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-12 19:50
Հասարակություն

Իմ անձի հանդեպ դավադրության տարրեր կան. թիվ 19 պոլիկլինկայի տնօրեն

Իմ անձի հանդեպ դավադրության տարրեր կան. թիվ 19 պոլիկլինկայի տնօրեն

Մայիսի 29-ին Երևանի թիվ 19 պոլիկլինիկա էին գնացել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները։ Պոլիկլինիկայի ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանը խնդիր էր բարձրաձայնել, թե կոմունալ վճարումներն անում են իրենք՝ բուժաշխատողները: Ավելի ուշ որոշ աշխատակիցներ էլ ասել էին, որ տնօրենը ժողով է արել, ստիպողաբար հավաքել կամ անջատել տվել բջջային հեռախոսները և սպառնալիքներ հնչեցրել։

Պոլիկլինիկայի տնօրենը՝ Սամվել Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ իրենց պոլիկլինիկա այցելած «Ելք» խմբակցության անդամների կողմից ոչ ադեկվատ պահվածք է դրսևորվել: Տնօրենի խոսքով՝ ավագանու անդամների համայցի ժամանակ դժգոհություն է հայտնել միայն մեկ բժիշկ՝ ակնաբույժը, իսկ մյուսների դրական կարծիքներն, ասես, անտեսել են: «Ավագանու վերոհիշյալ անդամները կանխամտածված, միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում իմ հասցեին: Ես նույնիսկ կասեմ ավելին ՝ անպատկառ և անամոթաբար իրականությանը չհամապատասխանող, ստահոդ, իմ բարի համբավն, իմ հեղինակությունն արատավորելու և իմ աշխատանքային գործունեության վրա ստվեր գցելու միտում են դրսևորում, որի ենթատեքստերը մենք կհասկանանք: Իմ աշխատասենյակում երկխոսության ժամանակ ես նրանց հստակ ցույց եմ տվել բոլոր աշխատողների՝ տարվա կտրվածքով կազմված արձակուրդային ցանկերը, ժամանակացույցը, որտեղ ընդգրկված են 380-ից ավելի աշխատակիցներ: Երբևէ արձակուրդ գնալուց խնդիր չենք ունեցել: Անհարկի և խիստ զրպարտելու տոնով ավագանու անդամներն արձակուրդ գնալու երևույթը կապում են ինչ-որ կոնյակների հետ. ուզում եմ հասկանալ՝ միգուցե իրենք են սովոր կոնյակների միջոցով հարցեր լուծել և հարցեր առաջադրել»,-ասաց տնօրենը՝ հավելելով, որ ստորաբաժանման ղեկավարի կանոնակարգմամբ և աշխատակիցների միջև համերաշխ մթնոլորտում է որոշվում՝ ով որ ամսին է ցանկանում արձակուրդ գնալ:

Ինչ վերաբերում է պոլիկլինիկայի վճարովի ծառայություններին, ապա, Սարգսյանի խոսքով, բոլոր բժշկական հիմնարկներում, ինչպես նաև իրենց մոտ, պետպատվերի շրջանակներից դուրս իրագործվող վճարովի հիմունքներով բուժօգնություն է իրականացվում, որն արտառոց բան չէ: Տնօրենի գնահատմամբ՝ ուղղակի ծիծաղելի է իրենց մեղադրել վճարովի հիմունենքրով ծառայություններ իրականացնելու մեջ.«Ես ուզում եմ հասկանալ՝ այդ մարդիկ հարկային օրենսդրությանը, ՀՀ իրավական ակտերին և, ընդհանրապես, օրենքներին ծանո՞թ են, թե՞ ոչ: Բոլոր կազմակերպություններում էլ քաղաքացին ծառայություն ստանալուց առաջ պարտավոր է վճարել որոշակի գումար»:

Պոլիկլինիկայի տնօրենն անդրադարձավ նաև լուրերին այն մասինբ, որ նա «նալոգ» է ուզում բուժաշխատողներից՝ ասելով, որ եթե ինքը «նալոգ» է ուզում՝ այդ ինչպե՞ս եղավ, որ 100 բժշկի առանձնացրել է ու միայն մյուսներից է ուզում: Սարգսյանը նշեց նաև, որ պալիկլինիկայի  ծախսերը և եկամուտներն ամեն տարվա նախահաշիվներով հաստատված հսկվում և համաձայնեցվում են Երևանի քաղաքապետարանի հետ: «Ծախսերի համար նախատեսված տողում չկա հոդված, որտեղ նշված կլինի, թե տնօրեն, դու իրավունք ունես քո նախաձեռնությամ ինչ-որ ծախս իրականացնել: Չկա նման բան, մենք ոչ «նալոգ» ենք հավաքում, ոչ էլ կոմունալ վճարումների համար գումար ուզում բուժաշխատողներից»,-ասաց Սարգսյանը:

Տնօրենի խոսքով՝ երբ ինքը կարգապահական տույժ է տվել բժշկուհիներից մեկին, քանի որ վերջինս մի քանի անգամ այցելուներ է ընդունել՝ առանց բժշկական քարտի, որոշ աշխատակիցներ՝ 6-7 հոգի, որոշել են գնալ նախարարի մոտ, որպեսզի բողոքեն. «Ամիսը մի քանի անգամ ստորաբաժանումներում համայցեր են կատարվում, որպեսզի տեսնեն՝ բժշկական օգնությունը պատշա՞ճ է տրամադրվում հիվանդներին, թե՞ ոչ: Բժշկուհի Գալստյանն ընդունելություն է արել առանց ամբուլատոր քարտի: Նախորդ՝ մայիս ամսին ևս նման՝ 4-5 դեպք է նրա մոտ գրանցվել: Սա անթույլատրելի է, ինչի համար էլ ես ինձ մոտ են հրավիրել մասնագետների, հարցը քննարկվել է, որից հետո բժշկուհին իմ կողմից կարգապահական տույժի է ենթարկվել»:

Հարցին, թե պատրաստվո՞ ւմ է տնօրենն իրավական հարթակում բարձրացնել հարցը, քանի որ, ինչպես ինքն է նշում, իր պատիվը, արժանապատվությունն են փորձել արատավորել ի պատասխան փաստաբան Արմեն Օհանյանը նշեց, որ, այո.«Այն, որ իրավական հարթության մեջ պրոցեսներ ընթանալու են՝ կասկածից վեր է: Սակայն հարց կդրվի ոչ միայն քաղաքացիական օրենսգրքի այն հոդվածի շրջանակներում, որը նախատեսում է անձին վիրավորանք և զրպարտանք հասցնելու արդյունքում հերքում պահանջել, հատուցում ստանալ, այլ նաև այլ ուղղություններով: Այսինքն՝ հնարավոր է՝ փոխվի պատասխանատվության դաշտը, և պատասխանատվության դաշտ կանչվեն այն անձինք, ովքեր հրահրում են, նախաձեռնություններ իրականացնում՝ իրենց քողարկված նպատակներն իրականացնելու համար»:

Փաստաբանը նշեց, որ ինքը նույնպես պալիկլինիկայում է եղել, երբ մայիսի 29-ին ավագանու անդամներն այցելել են այնտեղ, և նրա խոսքով՝ անհիմն է եղել նրանց «ներխուժումը» հաստատություն: «Հարցին, թե ո՞րն էր արդարացումը գործողությունների՝ «Ելք»-ի ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ իրենք ունեն լիազորություն՝ վերահսկողություն իրականացնելու: Այսօր մեր իրականության մեջ եռյակներ են ձևավորվել, ինչը շատ նման է նախորդ դարի 30-ականների մեր «դատարան» կոչվածներին, և եռյակ-եռյակ սկսել են շրջել այս կամ այն կառույցներում: Ավագանու անդամները մեզ մոտ եկել են լիզորությունների բացակայությամբ, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքը նման լիազորություն չի տալիս: Վերոհիշյալ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ավագանին Երևանում ՏԻՄ բարձարգույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ: Իսկ 12-րդ հոդվածում ամփոփ նշված է, թե ավագանին այս կամ այն ոլորտում ինչ լիզորություն ունի, և այդպես էլ պարզ չէ՝ լիազորություններից ո՞րն է իրականացրել ավագանին, երբ ներխուժել է պոլիկլինիկայի տարածք, բնականոն աշխատանքը խանգարել»,-ասաց փաստաբանը:

Նրա հավաստմամբ՝ տնօրենի հասցեին մեղադրանքներ հնչեցնելով էլ խախտվել է անձի՝ անմեղության կանխավարկածը:

Պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ Աշոտ Ահարոնյանի խոսքով էլ՝ ինքը ներկա է եղել ժողովին, որի ժամանակ որոշվել է կարգապահական տույժի ենթարկել բժշկուհուն, սակայն ժողովի ժամանակ ոչ մեկին չեն ստիպել հեռախոս անջատել, իսկ հետո նաև սպառնացել: «Ես ներկա եմ եղել ժողովին՝ հեռախոսների մասին ընդհանրապես զրույց չի եղել, թե անջատեք կամ պահեք. այս մասին կարող են ժողովի բոլոր մասնակիցները փաստեն: Քննարկվել է բժշկուհի Գալստյանի աշխատանքային թերացումները՝ արձանագրվելով, որ նա քանիցս բժշկական քարտ չի բացել, ինչի համար էլ նրան տրվեց կարգապահական տույժ: Դրանից հետո իմ աշխատասենյակ գնալով՝ տեսա, որ աշխատակազմի ժողովուրդը հավաքվել է այնտեղ, և որոշել են այցելել առողջապահական նախարարություն՝ խնդրի կապակցությամբ իրենց բողոքը ներկայացնելու»,ժասաց բժիշկը:

Պալիկլինիկայի տնօրենը նշում է, որ շատ ավելի վիրավորական և վտանգավոր է, երբ բուժաշխատողների հետ խոսում են սարսափեցնողի, վախի մթնոլորտ ստեղծելով: Ըստ նրա՝ ավագանու անդամների՝ պոլիկլինիկա այցից հետո բազմաթիվ բուժաշխատողներ են մոտեցել իրեն և վրդովմունք հայտնել: «Բացի այդ՝ աշխատակիցների կողմից համապատասխան նյութերով ստորագրահավաք է կազմակերպվել, որը ես թույլ չեմ տվել հրապարակել: Անհանդուրժելի է այս իրավիճակը. այստեղ ես տեսնում եմ իմ անձի հանդեպ դավադրության տարրեր: Ավագանու անդամներին չի հաջողվի մերհամերաշխ կոլեկտիվում խռովություն մտցնել ու պառակտել կոլեկտիվը: Վերջապես, 400 հոգանոց անձնակազմ ունեցող հաստատությունում մեկ տասնյակ էլ չի հասնում մարդկանց թիվը, որոնք խնդիրների հանդեպ դժգոհություն ունեն»,-ասում է տնօրենը:

Հարցին, թե աշխատակիցները, որոնք բողոքներ են ներկայացրել, շարունակո՞ւմ են աշխատել պալիկլինիկայում՝ Սարգսյանը պատասխանեց, որ, այո.«Իրենք այնքան լավ մասնագետներ են: Մեր բժշկական կառույցը հանրապետության խոշոր պոլիկլինիկաներից մեկն է և շնորհիվ նման բժիշկների՝ բավականին շատ են հաճախումները մեզ մոտ՝ օրական 700-800 քաղաքացի է այցելում, իսկ կանանց կոնսուլտացիայի բաժանմունքը հղիների թվով առաջատար է: Այս փոքրիկ միջադեպը չի կարող պատճառ հանդիսանալ, որ ես ինձ թույլ տամ՝  մեր բժշկուհիների հետ աշխատանքային պայմանագիրը լուծարել: Մեզ մոտ նման դրվածք չկա»:

Ինչ վերաբերում է պալիկլինիկայի՝ մամոգրաֆիայի սարքի աշխատել-չաշխատելուն, ապա Սարգյանը հավաստիացրեց, որ այն արդեն իսկ այս շաբաթվա սկզբից աշխատում է. սարքը 1 ամիս չի աշխատել՝ անսարքության պատճառով:

Տնօրենն ամփոփեց իր խոսքն, ասելով, որ իրենց պոլիկլինիկայում, առհասարակ,  սպառնալից տոնով երբեք իրար հետ չեն խոսում: