կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-08 20:46
Աշխարհ

Էրդողանը խոստացել Է Թրամփին վերադարձնել իր սկանդալային նամակը

Էրդողանը խոստացել Է Թրամփին վերադարձնել իր սկանդալային նամակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է անձամբ վերադարձնել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի նամակը, որտեղ Սպիտակ տան ղեկավարը Թուրքիայի նախագահին կոչ էր անում «հիմար չգտնվել»։  Այդ մասին թուրք առաջնորդը լրագրողներին հայտնել է իր ինքնաթիռում: Այս մասին գրում է թուրքական Ahval թերթը։

«Մենք ավելի վաղ հայտնել էինք պարոն Թրամփին, որ Ֆերհատ Աբդի Շահին անունով ահաբեկիչը, որին  անվանում են նաև Մազլում Կոբանի, Քրդիստանի աշխատավորական կուսակցության պարագլուխներից մեկն է։  Թրամփի հետ զրույցի ընթացքում մենք ընդգծել ենք, որ դատապարտում ենք շփումը նման մարդու հետ։ Մենք պահել ենք այդ հայտնի նամակը, ես այն կփոխանցեմ Թրամփին»,- ասել է Էրդողանը։

Ինչպես հաղորդվել էր, հոկտեմբերի կեսին լրատվամիջոցները հրապարակել էին Թրամփի՝ Էրդողանին ուղղված ուղերձը։ ԱՄՆ-ի առաջնորդն Անկարային առաջարկել էր քրդերի հետ պայմանավորվածություն ձեռք բերել՝ սպառնալով, որ կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը:

Թրամփն իր նամակում, մասնավորապես, գրել էր․ «Եկեք փոխշահավետ պայմանավորվածություն ձեռք բերենք, քանի որ դուք չեք ցանկանում պատասխանատվություն կրել հազարավոր մարդկանց սպանության համար, իսկ ես չեմ ուզում պատասխանատվություն կրել թուրքական տնտեսության ոչնչացման համար»։

Ամերիկացի առաջնորդը Էրդողանին կոչ է արել «հիմար չգտնվել»։ Նամակում Թրամփը նաև հայտնել էր, որ  «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիայի հրամանատար Մազլում Աբդին պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել Էրդողանի հետ։