կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-18 20:03
Հասարակություն

Խոստացել էր գերության մեջ գտնվող որդուն վերադարձնել եւ գումար հափշտակել. ոստիկանության տեսանյութը

Հունվարի 13-ին ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ ոմն Հարութ մի զինվորի ծնողի խոստացել էր գերության մեջ գտնվող որդուն վերադարձնել ու զինվորի ծնողների վստահությունը խաբեությամբ չարաշահելու եղանակով՝  2 ամսում տերմինալի միջոցով տիրացել էր նրանց փոխանցած ընդհանուր 1 միլիոն 500 հազար դրամին։

Հետագայում ծնողները տեղեկացել են, որ իրենց որդին զոհվել է։ Նյութերի նախապատրաստման ընթացքում Հրազդանի ոստիկանները պարզել են, որ ոմն Հարութը ներկայացել է որպես զինծառայող, կոչումով՝ մայոր։ Դեպքի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում խարդախության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց արդյունքում հայտնի դարձավ, որ ոմն Հարութը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում բնակվող 42-ամյա տղամարդ է, իսկ զինվորի ծնողներին ներկայացել էր այլ անվամբ։ Պարզվեց նաեւ, որ նա զինծառայող չէ։

Միջոցառումները հանգուցալուծվեցին հունվարի 14-ին. տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հորդորում ենք չվստահել նմանատիպ խոստումներ տվող անձանց եւ անմիջապես տեղեկացնել ոստիկանությանը։