կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-31 20:25
Տարածաշրջան

Կոստանդնուպոլսի «Ժամանակ» օրաթերթը՝ Քասիմի խմբագրապետության տարիներին

Կոստանդնուպոլսի «Ժամանակ» օրաթերթը՝ Քասիմի խմբագրապետության տարիներին

«Արեւմտահայ մտաւորականութեան ընտրանիին  ժամադրավայրը եղաւ Ժամանակ, առաջին օրէն:  Մոգական ի՞նչ ուժով Քասիմ կրցաւ իր թերթը  վերածել իմացական բազմերանգ  ծաղիկներու բուրաստանի մը»:

Թ. Աազատյան

«Ժամանակ» օրաթերթը պոլսահայ մամուլի ամենահին օրգաններից է․ հիմնադրվել է 1908 թ. հոկտեմբերի 28-ին Միսաք (Քասիմ) Գոչունյանի եւ իր եղբայր Սարգիս Գոչունյանի ջանքերով: Խմբագրատունն՝ իր տպարանով, գտնվում էր Կ․Պոլսի Բաբը Ալի թաղամասում՝ եռահարկ փոքր և հին մի շենքում: Օրաթերթի պատմության մեջ առանձնակի ուշադրության են արժանի Քասիմի խմբագապետության տարիները:

Քասիմի խմբագրապետության շրջանն ընդգրկում է 1908-1913թթ.: Նրա խմբագրապետության շրջանն առանձնանում է ոչ միայն լրագրողական գործունեությամբ, այլև քաղաքական-ազգային բուռն իրադարձություններով: Օրաթերթն իր հրատարակության հենց առաջին օրերին ներկայանում է համիդյան վարչակարգի խիստ քննադատությամբ, որը բնորոշ էր այդ ժամանակաշրջանի մի շարք այլ ազգությունների թերթերին: Թերթի հրատարակման առաջին տարիներին Քասիմը հանդես է գալիս «Ք» ստորագրությամբ, ենթադրվում է, որ նա հեղինակել է նաև «Ժամանակի»-ի այն խմբագրականները, որոնք ստորագրված չեն և քիչ թիվ չեն կազմում:

Դեռևս թերթի տպագրման նախապատրաստական ընթացքում Քասիմը մեծացրել էր մտավորականների հետ շփման շրջանակները: Օրաթերթն իր շուրջը համախմբեց ժամանակի հեղինակավոր հայ մտավորականներին՝ Գրիգոր Զոհրապ, Զապել Եսայան, Երվանդ Օտյան, Արշակ Չոպանյան, Վահան Թեքեյան, Հակոբ Օշական, Վազգեն Շուշանյան և այլք: Նրանք  հիմնադրման առաջին իսկ տարիներից թղթակցել են թերթին: Օրաթերթի արտոնատեր խմբագրապետը Քասիմն էր, իսկ տնօրենությունը հանձնված էր եղբորը: Բոլորն անհամբերությամբ և հետաքրքրությամբ էին սպասում օրաթերթի հրատարակությանը: Թ. Ազատյանը գրում է.  «14/27 հոկտեմբերին, երեքշաբթի օր մեծ եռուզեռ մը կը տիրեր խմբագրատան մեջ: Քասիմ կանուխին իր խմբագրապետի սեղանին առջև աշխատանքի լծուած էր: Խմբագիրներու սենեակը իրարանցումի մէջ, լրաբերներ ու գրաշարներ ել եւ մուտք կը գործեին շարունակ»:

Հաջորդ օրը առավոտյան վերջապես լույս տեսավ «Ժամանակ»-ի անդրանիկ համարը: Հենց առաջին համարն ընթերցողների համար խոստումնալից էր և արժանի ուշադրության: Օրաթերթը զերծ էր մնալու երկար-բարակ ճոռոմաբանություններից, ինքնանպատակ քննադատություններից, ընթերցողներին ծանուցելու էր հավատարիմ մնալ իրենց ազատական գաղափարներին:

Թերթի տպաքանակը հասել է 15 հազար-ի:

«Ժամանակի» հիմնադրումից հետո հասարակական, քաղաքական իրադարձությունների բերումով, չնայած օրաթերթի զգույշ գործելաոճին, մի քանի անգամ ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը: Առաջին այդպիսի դեպքը գրանցվեց Քասիմի խմբագրապետության ժամանակ. 1913 թվականի հունվարի քսաներկուսին մի հոդվածագիր՝ «Նոր քաղաքագետ» ծածկանունով, հանդես է գալիս «Նուիրահաւաքութիւնը ի նպաստ պատերազմին» հոդվածով: Գրաքննության կողմից այս հոդվածը դիտարկվում է որպես երկրում առկա տարրերի միջև լարվածություն հրահրող հոդված: Այնուամենայնիվ, «Ժամանակը» չի դադարեցնում իր հրատարակությունը, իսկ արդեն հաջորդ օրը այն լույս է տեսնում մեկ այլ անվանմբ՝ «Հեռաձայն»՝ Սարգիս Գոչունյանի տնօրենությամբ, սակայն նույն աշխատակիցներով և նույն օրակարգով: Այս նոր թերթը տպագրվում է քսաներեք օր: 1913 թվականի մարտի 1-ին «Ժամանակը» վերահրատարակվելու թույլտվություն է ստանում:

Քասիմի մահից հետո շատերը ենթադրում էին, որ թերթը ևս չի պահպանվի: Սակայն իր հիվանդության ողջ ընթացքում թերթի անձնակազմի աշխատանքների շնորհիվ նույնիսկ Քասիմի բացակայությունը նկատելի չի եղել: Այդ կարծիքը այնքանով էր թյուր նաև, որ խմբագրապետի մահից հետո թե՛ Սարգիս Գոչունյանը, թե՛ աշխատակիցները Քասիմի հիշատակը վառ պահելու համար լծվում են ավելի եռանդուն աշխատանքի: Թերթի արտոնատեր-տնօրեն է դառնում Քասիմի եղբայրը 1913-1915 թվականներին: Քասիմի մահից մոտավորապես մեկ ամիս հետո Բայազետում Մահմուդ Շեւքեթ փաշայի սպանության արձագանքները պատճառ են դառնում, որ թերթը մի որոշ ժամանակ կրկին հրատարակվի «Հեռաձայն» անվամբ: Պատճառը Շեւքեթ փաշայի սպանողների կախաղանը պատկերող լուսանկարներն էին, որոնք  «Ժամանակի» թղթակիցներից մեկն էր նկարել: Հաջորդ օրը հայտարարություն է տարածվում այն թերթերի դադարեցման մասին, որոնք հրատարակել էին նկարը: «Ժամանակը» հրատարակվեց «Հեռաձայն» անվամբ, մինչև լրացավ պատժի սահմանված ժամանակահատվածը: Կրկին հրատարակությունը շարունակելու համար նախատեսվում էր հինգ հարյուր ոսկի, որը հենց հաջորդ օրը վճարվեց Սարգիս Գոչունյանի կողմից: Իսկ թերթը շարունակեց իր գործունեությունը: Եվ այսպես, տարբեր պատճառներով, 1913 թվականին բազմիցս փակվում է թերթը:

«Ժամանակը» իր պատմության մեջ դադարեցվեց ևս մեկ անգամ. 1920 թվականին մայիսին տասնհինգի համարում Արտաշես Գալպակճյանի հեղինակած հոդվածում խիստ քննադատության էր ենթարկվում արևմտյան դաշնակից երկրների երկդիմի արտաքին քաղաքականությունը: Երբ Սարգիս Գոչունյանը միջոցներ էր ձեռնարկում կրկին թերթի արտոնատիրության իրավունքը ստանալու, նա առաջարկ ստացավ միանալ «Ժողովրդի ձայն» օրաթերթին: 1920 թվականին հուլիսի տասնհինգին լույս է տեսնում «Ժողովրդի ձայն-Ժամանակ» առավոտյան օրաթերթը: Ըստ համաձայնության թերթի արտոնատեր է նշանակվում Արամ Ինճիճյանը, իսկ վարչական տնօրեն՝ Սարգիս Գոչունյանը: Թերթերից յուրաքանչյուրը անկախ էր գործում: Գաղափարական առումով բավականին մոտ էին իրար և ունեին գրեթե նույն նպատակները, որոնց ուղղությամբ աշխատում էին. նրանց նպատակն էր լուսավորել հայ հասարակությանը, նրան հեռու պահել ծայրահեղական մոտեցումներից: Շուտով այստեղ հավաքվեցին ժամանակի հայտնի մտավորականներ:

Այսպես՝ 1920 թվականին միավորվել է «Ժողովրդի ձայն» թերթի հետ եւ որոշ ժամանակ (մինչեւ 1924թ.) կոչվել է «Ժողովրդի ձայն-Ժամանակ», իսկ 1935թ. մի քանի ամիս կոչվել է «Ժամանակ-Թուրքիա»: Այն միակ տպագիր հայկական թերթն է Թուրքիայում, որն առանց դադարի շարունակում է հրատարակվել մինչ օրս: Թերթը, հիմնադրման իսկ օրից, Գոչունյան գերդաստանի տնօրենության ներքո է գործում: Այսօր գլխավոր խմբագիրն է Արա Գոչունյանը` թերթի հիմնադիրների ծոռը:

«Ժամանակ» օրաթերթի հիմնումով հայ լրագրողական ասպարեզում մի նոր էջ է բացվել, որը Քասիմի օրոք իր արժեքներով և գաղափարախոսությամբ դարձավ հայ ժողովրդի կենսական շահերին հետամտողը՝ նոր շունչ ու ոգևորություն տալով հայ հասարակական մտքի զարթոնքին:

Էլինա Միրզոյան

Akunq.net