Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հեղինակավոր National Geographic-ի ինտերնետային կայքում հրապարակված բավական վիճահարույց «1930 թ. մարտի 28, Ստամբուլ, այլ ոչ թե Կոստանդնուպոլիս» վերնագրով հոդվածը մեծ աղմուկ է բարձրացրել և դժգոհությունների ու քննադատությունների պատճառ դարձել National Geographic-ի հասցեին։ Հոդվածում նշվում է, որ «Կոստանդնուպոլիս անվանումը դեռ երկար տարիներ մնացել է այն բանից հետո, երբ հույներն ու հռոմեացիները քշվել էին բնիկ օսմանցի թուրքերի կողմից՝ 1299 թ.», - հայտնում է Yerkir.am-ը։
Հոդվածի հրապարակումից հետո բազմաթիվ մարդիկ հայտարարեցին, որ չեղարկել են 131-ամյա հեղինակավոր ամսագրին բաժանորդագրությունը։
38 լեզվով և աշխարհի ավելի քան 171 երկրում հեռարձակվող հեղինակավոր հեռուստաընկերության հոդվածում նմանատիպ սխալներն ավելի քան ծիծաղելի են։ Նախ National Geographic-ը նշում է, որ օսմանցի թուրքերը բնիկ են։ Օսմանյան պետության հիմքը կազմում են գլխավորապես օղուզ թյուրքերը, որոնք 10-րդ դարից են սկսել Միջին Ասիայից տեղափոխվել դեպի արևմուտք, իսկ Եվրոպայում հայտնվել են միայն 14-րդ դարի կեսերին, երբ ձևավորված Օսմանյան բեյությունը, իր տարածքները ընդլայնելով, գրավեց որոշ եվրոպական հողեր։ Այսինքն թյուրքերի՝ բնիկ լինելու մասին խոսք անգամ գնալ չի կարող։ Երկրորդ 1299 թվականը համարվում է Օսման բեյի կողմից Օսմանյան պետության հիմանդրման տարեթիվը։ Միայն 1453 թ., արդեն հզորացած Օսմանյան պետությունը, կարողացավ գրավել Կ. Պոլիսը, սակայն նույնիսկ այդ ժամանակ հույները չլքեցին հինավուրց քաղաքը։ 1923 թ. Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ժամանակ երկրում ապրում էր մոտ 2.3 մլն հույն։ Թուրք-հունական բնակչության փոխանակման ժամանակ Թուրքիայում հույների թիվը զգալիորեն նվազեց, սակայն Ստամբուլի հույն բնակչության վրա այդ որոշումը չանդրադարձավ։ Արդեն թուրքական պետության տարբեր տարիներին ազգային փոքրամասնությունների՝ մասնավորապես հայերի և հույների դեմ իրականացված քաղաքականության հետևանքով, Ստամբուլի ազգային փոքրամասնությունների թիվը կրճատվեց։ 1955 թ. սեպտեմբերի 6-7-ը «Ստամբոլի պոգրոմի» հետևանքով, երբ պետական մակարդակով վայրագություններ իրականացվեցին հույների և հայերի դեմ, հունական բնակչությունը սկսեց աստիճանաբար նվազել և այսօր Ստամբուլում հաշվվում է մոտ 3000 հույն։
Թեև National Geographic-ը հեռացրել է հոդվածը, այնուամենայնիվ հրաժարվել է որևէ բացատրություն տալ թույլ տրված սխալների համար։