կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-26 17:53
Աշխարհ

Ադրբեջանի ընդդիմությունը նոյեմբերի 2-ին բողոքի ակցիա է նշանակել

Ադրբեջանի ընդդիմությունը նոյեմբերի 2-ին բողոքի ակցիա է նշանակել

Ադրբեջանում ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կազմակերպությունը նոյեմբերի 2-ին բողոքի ակցիա է նշանակել, որը ծրագրված է սկսել ժամը 15:00-ին:

Այս մասին «Osmanqızı TV» համացանցային հեռուստաընկերությանը տեղեկացրել է «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին:

Ընդդիմությունը Բաքվի իշխանություններին առաջարկել է համաձայնեցնել ակցիայի անցկացման վայրը կա՛մ «Մահսուլ» մարզադաշտում, կա՛մ «Մայիսի 28» մետրոկայարանի մերձակա հրապարակում:

«Մենք առաջարկել ենք փոխզիջումային տարբերակ: Մենք կարող ենք ակցիան անցկացնել նաև «Մեհսուլ» մարզադաշտում: Բայց եթե կառավարությունը կրկին համաձայնություն չտա այդ վայրին, մենք մեր ակցիան կանցկացնենք «Մայիսի 28» մետրոկայարանի դիմաց»,-ասել է Քերիմլին:

Նրա խոսքով՝ այս ցույցի անցկացումն ադրբեջանցի ժողովրդի կամքի կատարումն է:

«Այս որոշումը մենք ընդունեցինք՝ զգալով սոցիալական ցանցերում ժողովրդի աջակցությունը: Բավականին մեծ քանակությամբ մարդիկ են պահանջում ցույցի անցկացում: Մենք զգում ենք նոր ազգային շարժման սկիզբը»,-հավելել է Քերիմլին:

Այս տարվա հունվարի 19-ի ընդդիմության ցույցից հետո, իշխանությունները թույլ չեն տալիս Բաքվի սահմաններում ցույցեր անցկացնել:

Քաղաքային իշխանությունները ցույց անցկացնելու համար առաջարկում են Լոքբատան գյուղի մարզադաշտը, որը գտնվում է Բաքվից 20 կմ-ի վրա:

Ընդդիմությունն անընդունելի է համարում ակցիայի անցկացումը քաղաքից կտրված տարածքում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ընդդիմությունն ակցիայի փորձ արեց քաղաքի կենտրոնում, որը կոշտ միջոցներով ճնշվեց ոստիկանական ուժերի կողմից:

Աղբյուրըՙ Tert.am: