Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Այս համագումարն իրենց ներկայությամբ հարգեցին Քաղբյուրոյի անդամները՝ Գորբաչովի ղեկավարությամբ,որին այս տողերի հեղինակը պատահականորեն հանդիպեց համագումարի ընդմիջումներից մեկի ժամանակ։ Միջահասակ,կլորադեմ,կկոցած աչքերով այս մարդը շատ ավելի վատ էր նայվում կյանքում,քան էկրանների վրա։ Լիգաչովը,օրինակ, շատ ավելի համակրելի էր,հարգանք ներշնչող եւ ավելի համոզված էր սեփական ճշմարտության մեջ։ Բայց իմ այն հարցին, թե ինչ հեռանկարներ կան Միությունը պահպանելու համար,Լիգաչովը շփոթվեց ու խուսափեց պատասխանից։ Ահա թե ինչու,երբ մի քանի ամիս հետո Տեր-Պետրոսյանն արդեն Գերագույն Խորհրդի խոսնակի դերում (դեռեւս Խորհրդային Հայաստանի) Մոսկվայում պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարեց,որ «Կենտրոնը մահացած է»,չնայած ներքին դիմադրությանը,ես (եւ ոչ միայն ես) ստիպված եղա հոգուս խորքում խոստովանել,որ նա իրավացի էր։ Կենտրոնը մահացած էր,բայց ամենասարսափելին այն էր,որ կենտրոնն իր հետեւից քաշեց ամբողջ երկիրը,չնայած այն բանին,որ երկիրը կատաղորեն դիմադրում էր՝ բնազդով հասկանալով գալիք կենդանահերձման վտանգը։
Խորհրդային Միության տարանջատումն ընդունված է վերագրել քաղաքական գործիչների ոտնձգություններին,իսկ քաղաքական գործիչ ասելով՝ հասկանալ խորհրդային հանրապետությունների ղեկավարներին,որոնք ձգտում էին անսահման իշխանության։ Սակայն նրանց շարքին,նախեւառաջ,անհրաժեշտ է դասել երեք սլավոնական հանրապետությունների ղեկավարներին։ Ակնհայտ էր,որ, բացի մերձբալթյան հանրապետությունների ղեկավարներից,մնացած եղբայրական հանրապետությունների ղեկավարներն անկեղծորեն վախենում էին միության բաժանումից եւ մինչեւ 1991թ. խռովարարությունը ոչ թե ձգտում էին խուսափել բաժանումից,այլ պարզապես չէին հավատում,որ այդ բանը հնարավոր է։ Դա հաստատեց 1991թ. մարտի անհեթեթ հանրաքվեն (Խորհրդային Միության պահպանմանը կո՞ղմ, թե՞ դեմ)։ Հանրաքվեի կազմակերպիչները նպատակ ունեին հանրապետություններին արգելել ուտիճների նման ցրվել տարբեր կողմեր։ Նույնիսկ Հայաստանի նոր իշխանությունները,որոնք իրենց քաղաքացիներին արգելեցին մասնակցել հանրաքվեին,հակառակ նախընտրական խոստումներին,Հայաստանը Միության կազմից դուրս բերելու ցանկություն չէին հայտնում։ Եվ ոչ միայն այն բանի համար,որ Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն երթեւեկում էր զրահապատ «Մերսեդեսով»,որը նվիրել էր ԿԳԲ-ի ղեկավար Կրյուչկովը։ Պարզապես Տեր-Պետրոսյանը եւ նրա բազմաթիվ գործակիցները հիանալի հասկանում էին,թե ինչ ծանր տնտեսական,դրամական,քաղաքական եւ ռազմական խնդիրներ լուծելու բեռ կդրվի իրենց ուսերին,եթե ձեռք բերեն ձեւական անկախություն,որն իրենց պետք չէր,քանզի նրանք արդեն իշխում էին տեղերում եւ բազմաթիվ պահանջներ էին ներկայացնում Կենտրոնին։ Այս կացությունը բոլորին ձեռնտու էր,բացի Ելցինից։ Բանը նրանում էր,որ Ռուսաստանի կառույցները շատ էին ողողված ու լուծված միութենական կառույցների մեջ եւ հակառակը։ Իմիջիայլոց,Ռուսաստանի Դաշնային հանրապետությունը չուներ սեփական կոմկուս,ի տարբերություն մնացած հանրապետությունների,իսկ Խորհրդային Միության Կոմկուսի Կենտկոմը, որը մինչեւ 1991թ. օգոստոսի խռովությունը ամեն ինչի տեր ու տիրականն էր,ատում էր ամեն ինչի տեր ու տիրական դավաճան Ելցինին։ Ինչպես շուտով պարզվեց,հեռուստատեսության էկրաններին տեսնելով փոխնախագահ Յանաեւի դողացող ձեռքերը,խռովարարներն ուզում էին ոչ թե պահպանել երկիրը,այլ վերացնել Կոմկուսի կենտկոմը,որի ձեռքում էր գտնվում այդ երկրի ամբողջ հարստությունը։ Այն,ինչ տեղի էր ունենում դրանից առաջ,մարքսիստական տերմինաբանությամբ արտահայտված,կրում էր վերնաշենքի բնույթ,կամ ավելի պարզ ասած՝ դատարկաբանություն էր ու ոչ մի կերպ չէր կապվում բազիսի,այսինքն՝ տնտեսվարության իրականության հետ։ Բայց ես կրկին շեղվեցի եւ առաջ ընկա…
Բեմազարդարի փոփոխում
Նոր իշխանության գիշատիչ կոնֆորմիստական էությունն ի հայտ եկավ անմիջապես իշխանության գլուխ անցնելուց հետո։ Ոչ միայն միջին մակարդակի գործիչներ,այլեւ բարձրաձայն ճառ ասող ղեկավարները չէին թաքցնում,որ մտադիր չեն կոտրել վարչակարգը,այլ նպատակ ունեն լավագույնս օգտագործել նրա հնարավորություններն անհատական շահերի բնագավառում։ Ինչպես շատ շուտ պարզ դարձավ,այս մարդկանց գիտակցության մեջ գլխավոր տեղը գրավում էր լյումպենական մոտեցումը՝ «ապրել ինչպես ապրում է շրջկոմի առաջին քարտուղարը»,եւ, անշուշտ,այդ ցանկությունը վերաբերում էր քարտուղարի կյանքի միայն արտաքին բովանդակությանը,առանց պատկերացում կազմելու նրա պարտականությունների իրական ծավալի մասին։ Բայց այդ հակասությունը շատ հեշտությամբ վերացվեց նրանց կողմից,քանզի իշխանությունն իր վրայից հանեց բոլոր պարտականությունները հասարակական գործունեության ոլորտից եւ ամբողջովին հրաժարվեց արդյունաբերության եւ գյուղատնտեսության ղեկավարումից,իբր թե ազատ շուկայի տնտեսվարությանը հարմարվելու համար։ Անշուշտ, տարրական,բայց բավականին արդյունավետ խորամանկություն էր՝ պահպանելով իր սեփականության մեջ արտադրական,ֆինանսական,երթեւեկության,կապի,հասարակական տնտեսվարության բոլոր միջոցները,առեւտրական ցանցը,բնական հարստությունը եւ ամբողջ այդ պետությունը միայնակ ղեկավարելու իրավունքը,պետությունն իր վրայից հանեց այդ ամենն իրականացնելու պարտականությունը։ Ավելին,ազատվելով Մոսկվայի խիստ վերահսկողությունից (որպես Խորհրդային Միությունում ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին իշխանություն),«շարժումը» սկսեց հավաքել պահպանված սոցիալիստական սեփականության հաստ սերուցքը,որը թե՛ բովանդակությամբ եւ թե՛ ձեւով պատկանում էր մենաշնորհային տնտեսվարության համակարգին։
Շարունակելի