Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Հայ դիվականության պատմություն – 8
Իսկ 1988թ. հուլիսի տաք օրերին կացությունը (գրեթե անվճար փոխադրամիջոցներով, հացով,մսով,շաքարով,հեռախոսով,էլեկտրականությամբ) ամբոխներին թվում էր անսասան։ Նրանց թվում էր,թե շատ քիչ է մնացել՝ եւս մեկ կանգառ,չաշխատող գործարան, եւ Մոսկվան կզիջի։ Նույնիսկ այն ժամանակ, երբ սկսվեցին դժվարությունները հանրապետության մատակարարման գործում (գազ,բենզին,մազութ),որը մի քիչ ավելի ուշ վերածվեց տրանսպորտային շրջափակման,այն ժամանակ էլ ստեղծված կացությունը ոչ մեկի չմտահոգեց։ Ավելին, այդ շրջափակումը դարձել էր պարծանքի առարկա. տեսեք,մենք այնքան ուժեղ ենք,որ ստիպեցինք Մոսկվային՝ դիմել անվայել միջոցների։
Անհրաժեշտ է խոստովանել,որ այս կետում ամբոխն իրավացի էր։ Մոսկվան իրեն պահում էր անհամապատասխան եւ ոչ միանշանակ,իսկ ավելի ճիշտ՝ մանր ու ստոր կերպով։ Ինչպե՞ս կարելի էր թույլ տալ հանրապետությունների Գերագույն խորհուրդների անունից հասարակական պարսավանքի ենթարկել Խորհրդային Հայաստանի քաղաքացիներին։ Բոլոր պառլամենտները միացան այդ խայտառակ որոշմանը,որպեսզի մեկ ու կես տարի անց նույն կազմով հայտարարեն,թե իրենք անկախ են կենտրոնից։ Գուցե,հանրապետությունների վարքագիծը որոշվում էր զուտ տնտեսական նկատառումներով։ Բայց տեսնենք, թե ի՞նչ պատահեց խռովարար հայերի հետ,ինչպե՞ս պիտի նրանց պատժեն,եւ ելնելով դրանից,կառուցենք վարքագծի մեր տարբերակը։
Շատ հավանական է, որ եթե հայերը 1988թ. պատժվեին բռնամիջոցներով, թիֆլիսցիները՝ 1989թ. գարնանը, բաքվեցիները՝ 1990թ., վիլնյուսցիները՝1991թ. հունվարին,բոլորը կկտրեին ձայները. չէ՞ որ վտանգավոր էր։ Սակայն Մոսկվան պատժիչ մեթոդներ կիրառելու հարցում չէր շտապում,կամ հաշվի առնելով,որ կացությունը սովորական չէր եւ կամ էլ՝ ղեկավարվելով ինչ-որ գաղտնի նկատառումներով,կարծես թե սպասելով,որ հակախորհրդային անջատողական տարրը դուրս գա իր ճեղքերից եւ բոլորի գլուխները ջարդի միանգամից։ Նրանք կուտը կերան,սակայն տեղի ունեցավ չնախատեսվածը՝ հակառակ իրենց կամքին,հայերը հայտնվեցին գրգռիչների դերում՝ նախօրոք համոզված լինելով,որ մնալու են անպատիժ։
Ֆերգանայում,Թբիլիսիում,Բաքվում,Վիլնյուսում ծեծում էին,ջարդում բահերով,կրակում,գործադրում հրանոթներ,իսկ Երեւանում՝ ոչ։ Ինչո՞ւ էր այդպես։ Գուցե,նրանից է, որ Երեւանում արյուն չի թափվել։ Իսկ գուցե «Ղարաբաղ» կոմիտեի տղաները դաշինք էին կնքել եթե ոչ Կրեմլի,ապա Կոմկուսի Կենտկոմի հետ, որտեղ իշխում էր վերակառուցման իրական գաղափարախոս եւ կազմակերպիչ Ալեքսանդր Յակովլեւը,որը տարիներ անց հայտարարեց,թե Խորհրդային Միության կոմկուսի ոչնչացումը իր կյանքի գլխավոր նպատակն էր։
Համենայնդեպս,նույնիսկ այն ժամանակ, երբ Երեւան ժամանեց խորհրդային գլխավոր դատախազության ներկայացուցչական քննիչ հանձնախումբը եւ «Ղարաբաղ» կոմիտեի տղաների վրա 200 հատորանոց քրեական գործ բացեց (բացի այլ մեղադրանքներից,նրանց մեղադրում էին ավելի քան 300 հազար կանխիկ փող յուրացնելու մեջ,որը բնակչությունից հավաքել էին իբր թե «Արցախի օգտին»),այդ ժամանակ նրանք հանգիստ քայլում ու երթեւեկում էին Երեւանում, եւ ոչ ոք նրանց ձերբակալելու փորձ չէր կատարում։ Դա պատահեց ավելի ուշ, տարօրինակ երկրաշարժից հետո, Երեւանից Գորբաչովի մեկնելուց մեկ օր անց՝ 1988թ. դեկտեմբերի 11-ին։ Գորբաչովը այցելել էր Հայաստան աղետալի երկրաշարժի առիթով՝ իր պարտքը համարելով ներկա գտնվել հանրապետության աղետի գոտում։
Գորբաչովը Հայաստանից մեկնեց վիրավորված զգացմունքներով,քանզի լուրերի համաձայն՝ Լենինականում ցնորված մարդիկ նրա երեսին էին նետում,թե աղետի մեղքը նրա վրա է ընկնում, քանզի նա է հրահանգել երկրաշարժի «կազմակերպումը» գերգաղտնի զենքի օգնությամբ՝ ժողովրդի լարվածությունը եւ վրդովմունքը թուլացնելու համար։
Պետք է ասել, որ արհեստական երկրաշարժի վարկածը ծագեց շատ արագ՝ Սպիտակի երկրաշարժի երկրորդ օրը, եւ արդեն այն ժամանակ նշվեց այդ զենքի անունը։ Իբր այն կոչվում էր տեկտոնիկ ռումբ։ Այդ տարբերակի դեմ վիճելը իմաստ չունի։ Շատ ավելի կարեւոր հարց է,թե որքան արագ ժողովրդի ասեկոսեների վրա հենված լուրը տարածվեց Հայաստանով, եւ ստեղծվեց այն համոզմունքը,թե այդ վարկածը ճիշտ է,չնայած նրան, որ բազմաթիվ փաստեր հերքում էին նման հնարավորությունը։
Մարդիկ մասնավորապես հիշում էին,որ չլսեցին հովիվների նախազգուշացումներն այն մասին,որ երկրաշարժից մեկ ամիս առաջ անհանգստությամբ նկատել էին,որ լեռնային աղբյուրները մուգ կարմիր էին դարձել (ժողովրդի մեջ հայտնի է,որ դա սպասվելիք աղետի նշան է),որ դեկտեմբերի 7-ից մեկ-երկու օր առաջ կատաղել էին անասունները,երկրից չվում էին թռչունները,որ Շիրակում դեկտեմբերի սկզբին անսովոր տաք էր, եւ ձյուն չկար…
Մի խոսքով, Գորբաչովը Հայաստան ժամանեց Նյու Յորքից,որտեղ դեկտեմբերի 7-ին ՍԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացնում էր վերակառուցման իր ծրագիրը, որը քաղաքակրթության պատմության մեջ հիմարության գագաթնակետն էր,հետո մատ թափ տվեց «անպատասխանատու պոռոտախոսների եւ ամբոխվարների» վրա եւ թռավ Մոսկվա։ Այս մասին վկայություններ տվեց Սուրեն Հարությունյանը,որին այն ժամանակ կոչում էին «մորաքույր»։ Իսկ Գորբաչովից հետո ներկայումս գոյություն չունեցող «մեր հայրենիքի» մայրաքաղաք աքսորվեցին «կոմիտեի» ձերբակալված տղաները։ Հավանաբար,եկել էր համատեղ ծրագրեր մշակելու եւ վերադասավորումներ կատարելու ժամանակը։
Հայաստանում «խորհրդային» վերջին դատախազ Վլադիմիր Նազարյանն էր,որը շատ խելացի եւ միեւնույն ժամանակ ծախու անձնավորություն էր։ Այս հատկանիշներին ավելանում էին նրա շատախոսությունը եւ ծայրահեղ լկտիությունը, որոնք էլ միասին նրան դարձնում էին հռչակավոր անձնավորություն։ Եվ ահա այս հռչակավոր անձնավորությունը այս տողերի հեղինակի ներկայությամբ պատմեց հետեւյալ դեպքը։ 1990թ. Սկզբին, գրեթե հունվարի առաջին օրերին Սուրեն Հարությունյանին եւ Վլ. Նազարյանին կանչել էին Մոսկվա ՝ Գորբաչովի հետ հանդիպելու, որը կայացավ Կրեմլում։ Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահը, ըստ Նազարյանի, վրդովված երանգներով հրավիրյալներին դատապարտում էր այն բանի համար, որ նրանք չեն կարողանում հանրապետությունում ապահովել կարգ ու կանոնը։ Երբ վերջիններս սկսեցին արդարանալ, դիմելով առարկայական փաստարկների, Գորբաչովն անսպասելիորեն զրույցն ընդհատեց շատ հատկանշական արտահայտությամբ, որի իմաստը հետեւյալն էր. եթե Հայաստանի ներկա ղեկավարությունն ի վիճակի չէ իր վերահսկողության տակ վերցնել հանրապետությունում տիրող կացությունը,ապա նրան հայտնի են մարդիկ,որոնք կարող են դա անել։ Պետք է ասել,որ հետագա դեպքերն ապացուցեցին, որ այս պատմությունը հորինված չէ։ 1990թ. ձմռան վերջից Խորհրդային Հայաստանում փաստորեն հաստատվեց երկիշխանություն,որոնցից մեկը կուսակցական,մյուսը՝ պետական իշխանությունն էր։ Բայց անվտանգության մարմինները ոչ մի քայլ չէին կատարում առանց «տղաների»,որոնց Մոսկվայից վերադարձրել էին Երեւան։ Նրանք դարձել էին Կենտկոմի եւ Մինիստրների Խորհրդի այցելուները,որոնք իրենց մաշված տեսքով ու սանձարձակությամբ անհարմար վիճակի մեջ էին դնում այնտեղի ձգված ու փայփայված աշխատակիցներին։
Տեղի է ունենում բացահայտ եւ հետեւողական իշխանափոխություն, այսինքն՝ հանրապետության իշխանությունը փոխանցվում էր նոր վերնախավի, որի հավատարմության մեջ Կրեմլը բոլորովին չէր կասկածում։ Այդ էլ նշենք, որ նախքան Կրեմլից հրահանգ ստանալը,«տղաների» առջեւ քծնում էին բոլոր պաշտոնյաներ՝ կռահելով,որ նրանք իրենց փոխարինողներն են։
Շարունակելի