կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-15 17:22
Քաղաքական

Հայ դիվականության պատմություն – 5

Հայ դիվականության պատմություն – 5

Հայաստանի տնտեսությունը գործում էր ժամացույցի ճշգրտությամբ,կուսակցական վարչությունը վերահսկում էր բոլոր բնագավառները,այլախոհներ չկային,իսկ եթե կային,բնակչությունը,որի միջին կենցաղային մակարդակը համեմատելի էր եվրոպական մակարդակի հետ,այդ այլախոհներին չէր ճանաչում ո՛չ դեմքով,ո՛չ անուններով,երիտասարդությունը շատ քիչ էր տարված արեւմտյան արժեքներով,անչափահասների հանցագործություններն ամբողջովին վերացված էին։ Ընդհանուր առմամբ, կարելի էր ասել,որ Խորհրդային Հայաստանի քաղաքացիները,անկախ տարիքից,զարգացած ընկերվարական վարչակարգի ամենաջանասեր կառուցողներն էին։ Նույնիսկ տվյալների որոշ կեղծումները թույլ էին տրվում տրամաբանության սահմաններում եւ անհամեմատ մեղմ էին մյուս հանրապետությունների համեմատությամբ,որտեղ տեղի էր ունենում պետության բացահայտ թալան։

Եւ,հանկարծ,այսպիսի մի հարձակում Հայաստանի վրա։ Մոսկվայից Հայաստան ժամանած Կենտկոմի աշխատողների ու նրանց կողմից ղեկավարած հանձնաժողովների ներկայության պատճառով շարժվելու հնարավորություն չկար հանրապետական եւ գյուղական իշխանությունների միջանցքներում։ Ստուգողները եւ վերահսկիչներից ոմանք նախկինի նման խիստ էին եւ մռայլ,ոմանք գորբաչովյան ժամանակաշրջանին վայել համարձակ էին իրենց որոշումների մեջ,բայց բոլորն էլ ծանրակշիռ մարդու տեսք չունեին։ Պետք էր տեսնել ու լսել,թե ինչպես էին նրանք թելադրում,ուղղումներ կատարում,խորհուրդներ ու հրամաններ տալիս եւ,անշուշտ,խոսում սեղանների շուրջը։ Կենտրոն էին վերադառնում բարենպաստ տեղեկանքներով,որոնցում նշված էր,որ նվաճումների հետ միասին կային նաեւ թերություններ,սակայն թերությունները նվաճումների եւ հաջողությունների համեմատությամբ շատ ավելի քիչ էին։ Հանձնախմբերով հայերին անկարելի էր վախեցնել,ինչպես դա կարելի էր անել,օրինակ,ուզբեկների հետ։ Դա լավ հասկացել էին թե՛ Մոսկվայում եւ թե՛ Հայաստանում։ Դեմիրճյանն անկեղծորեն հասկանում էր,որ ինքն անխորտակելի է,քանզի համոզված էր,որ Կենտկոմի լիագումար նիստին մասնակցում են իր մարդիկ,որոնք իրենց պաշտոնների համար պարտական են Դեմիրճյանին եւ,ուրեմն,հավատարմություն կցուցաբերեն վերջինիս նկատմամբ (հազվադեպ միամտություն)։ Դեմիրճյանը համոզված էր,որ հավատարիմների վրա դրսի ոչ մի ուժ չի կարող ազդել։ Բացի դրանից,Դեմիրճյանը լրջորեն տարվեց նոր ազատական տրամադրություններով եւ կորցրեց իր պաշտոնի համար անհրաժեշտ աչալրջությունն ու զգոնությունը։ Նրա ինքնավստահությունը չտատանվեց նաեւ 1987թ.,երբ Կենտկոմի լիագումար նիստում տեղի ունեցավ Հայկ Քոթանջյանի հետ կապված խայտառակությունը։ Նախկինում Քոթանջյանը Կոմերիտմիության Կենտկոմի առաջին քառտուղարն էր,իսկ կոմերիտականներից Դեմիրճյանը զգուշանում էր,եւ մոտավորապես 10 տարվա ընթացքում նա Քոթանջյանին դես ու դեն էր ուղարկում՝ մեկ Աֆղանստան, մեկ Հասարակական գիտությունների ակադեմիա,մեկ Արհմիութենական կրթության կոմիտե,վերջապես վերադարձրեց կուսակցական աշխատանքի՝  նրան հանձնելով հարուստ արդյունաբերական  եւ գյուղատնտեսական Հրազդանի շրջանը։ Հավանաբար,Դեմիրրճյանը համարեց,որ կոտրել է Քոթանջյանի ինքնահավանությունը,ցուցամոլությունը եւ ծայրահեղությունը,բայց սխալվեց։ Արտաքուստ Քոթանջյանը երախտապարտ էր Դեմիրճյանին,սակայն հոգու խորքում նվաստացուցիչ էր համարում գավառական կաշառակերի պաշտոն գրավելը։ Մի քանի ամիս անց, Կենտկոմի լիագումար նիստում նա գայլի նման հարձակվեց Դեմիրճյանի կադրային քաղաքականության վրա՝  մի քանի բարձրաստիճան կուսակցական գործիչների անվանելով «ընտանիքի ծառաներ»։

Ինքը՝ Դեմիրճյանը, այդ նիստի ժամանակ իրեն պահեց հանգիստ ու զուսպ,նույնիսկ անձամբ չպատասխանեց Քոթանջյանին՝ համոզված լինելով,որ իր փոխարեն դա կանեն ուրիշ «հավատարիմ մարդիկ»։ Եվ չսխալվեց։Կեղտոտ հայհոյանքներով,ոռնոցներով,սուլոցներով եւ դոփյուններով, այն համոզմունքով,որ դիմացինը թշնամի է,վարձկան,ճեղքից գլուխը  հանած՝ ուզում է խախտել հանրապետության հանգիստը եւ բարեկեցությունը,Քոթանջյանին ոչ թե ջախջախեցին,այլ ոտնահարեցին,տրորեցին,փոշիացրին եւ քամուն տվին։ Կուսակցական խառնակիչ Քոթանջյանը մարտունակություն չցուցաբերեց,կոտրվեց ուղղակի եւ անուղղակի իմաստով,հանրապետությունից փախավ մոտ 10 ամսով,իբր թե բուժվելու նպատակով,ապա՝ «աշխատանքները քայքայելու համար» պաշտոնազրկվեց  իր կողմից ղեկավարվող շրջկոմի լիագումար նիստի կողմից։

Գաղտնիք մնաց,թե իրականում ի՞նչ շարժառիթներ ուներ Քոթանջյանը,գաղտնիք մնաց նույնիսկ իր ընկերների համար,որոնք պնդում էին,թե գլխավոր մեղքը նրա նկարագրի մեջ է՝ նշելով,որ Քոթանջյանը սկանդալների սիրահար է։ Հիրավի,դժվար է պատկերացնել,որ շատ խելացի մի անձնավորություն (դա ընդունում էին նույնիսկ նրա թշնամիները)կարող էր հիմարագույն ձեւով ենթարկվել դավադիրների։ Իսկ այն վարկածը,թե ապագա իրադարձությունների համար ուզում էր իրեն ներկայացնել զոհի դերում,շատ անհավատալի է,քանզի շատ մեծ է զոհաբերությունը։  Այսպես թե այնպես,նա դեպքերից առաջ անցավ,տրորվեց՝ հասավ հակառակ արդյունքների. երկար ժամանակով,եթե ոչ հավերժ,նա դուրս ընկավ քաղաքական գործիչների ցուցակից։ Հետագայում,տարիներ շարունակ նա բավարարվեց Պաշտպանության նախարարության արտաքին կապերի վարչության պետի պաշտոնով,որտեղից թռավ Վաշինգտոն՝ ԱՄՆ-ում ռազմական կցորդի պաշտոնը զբաղեցնելու համար։

Սակայն,ըստ երեույթին,Դեմիրճյանի թիմն էլ Քոթանջյանի վրա ծախսեց իր բոլոր կարողությունները եւ ոգեւորությունը,եւ 1988թ. մայիսի վերջին արդեն մի ուրիշ լիագումար նիստում բոլորը,բացի մի քանի նոմենկլատուրային արտասվող տխմար կանանցից,լռությամբ ճանապարհեցին իրենց հզոր բոսին։ Հանրապետության եւ ազգի կյանքում ավարտվեց մի ամբողջ դարաշրջան, եւ դա բոլորը զգում էին։ Հասունացել էր սեփական ճակատագրով զբաղվելու ժամանակը։ Այն ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցնում,որ 10 տարի անց Դեմիրճյանը կրկին կհայտնվի քաղաքական բեմի վրա,որտեղ գործող քաղաքական գաճաճների համեմատությամբ հսկա էր։

Բայց ես շտապեցի։

Որքան էլ որ ճիշտ էր Քոթանջյանը,հրապարակայնորեն քննադատելով Դեմիրճյանի կադրային քաղաքականությունը, այնուամենայնիվ,մի ծաղկով գարուն չի գալիս,եւ այդ պատմությունը կամաց-կամաց մոռացության էր մատնվում։

Դեռեւս իր գրասենյակում հալումաշ էր լինում գահի ժառանգորդ Հարությունյանը,սպասողական վիճակում էին Դեմիրճյանի նախկին թիմի անդամները,բայց անսպասելի կադրային փոփոխություններ տեղի չէին ունենում,բացի հակաալկոհոլային արշավի պատրվակի տակ տեղի ունեցող մի քանի աննշան փոփոխություններից։ Մոսկվան երկրի տարբեր ծայրեր էր ուղարկում կոչեր ու շրջաբերականներ վերափոխությունների անհրաժեշտության մասին,բայց հայերն այդ կոչերի վրա լուրջ ուշադրություն չէին դարձնում,չնայած նրան,որ այդ կոչերն ամրապնդված էին կուսակցական շրջաբերականներով։ Հայերը երազում էին ոչ թե հրապարակայնության եւ վերակառուցման,այլ ավելի շոշափելի փոփոխությունների մասին։ Մի խոսքով,ինչպես ամենուր, նորմալ մարդիկ բնազդով խուսափում են անհասկանալի նորամուծություններից եւ պարտադրված արժեքներից եւ պահպանողականություն են ցուցաբերում սովորական երկրային արժեքների նկատմամբ։   

Շարունակելի