Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
1988 թվականից շատ ավելի առաջ հայկական մտավորականության մի «պատվիրակության» հարցին,թե կարո՞ղ են, արդյոք, հայերը հույս ունենալ,որ կիրականացվի նրանց վարդագույն երազը՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելը,ԿԳԲ-ի բարձրաստիճան մի ներկայացուցիչ պատասխանեց,որ հայերը կարող են ոչ թե հույս,այլ համոզվածություն ունենալ։ Այդ լավատես մարդու անունն այն ժամանակ բոլորի շուրթերին էր,բայց ես նրա անունը չեմ տալիս,որովհետեւ համոզված չեմ,որ նրա պատասխանը բառացիորեն ճիշտ այդպիսին է եղել։ Այնուամենայնիվ,համոզված եմ,որ հայ պատվիրակներից շատերը բազմաթիվ նման պատասխաններ լսել են։ Կայսրության քաղաքական արտոնյալները,սեփական շահերից ելնելով (նրանք անհայտ մնացին մինչեւ այսօր), տաքացնում էին հայերի ազգային տրամադրությունները,որոնք համոզված էին,որ արդարությունը հաղթելու է,քանզի աշխարհի տերերն արդար են եւ բարյացակամ։ Հայերի այս համոզվածությունը դուրս էր գալիս քաղաքական միամտության բոլոր սահմաններից։
Գոյություն ունեն տարբեր բացատրություններ,թե ինչո՞ւ «շարժումը» չխեղդվեց ի սկզբանե,ինչը շատ հեշտ էր անել,որովհետեւ պատժիչ մարմինների նկատմամբ վախը դեռեւս ուժեղ էր, եւ ինքնապահպանման բնազդն իր գործը կաներ՝ 2-3 տասնյակ խռովարարների ձերբակալությունը հասարակությանը չէր ցնցի,մանավանդ որ այն ժամանակ անկախ մամուլ գոյություն չուներ։
Այս երեւույթի բացատրությունների որոշ մասը,որքան էլ համոզիչ թվար այն ժամանակ,ստիպված ենք մի կողմ նետել որպես անընդունելի։ Օրինակ՝ այսօր շատ անընդունելի են համարվում եւ նույնիսկ միամիտ թե՛ Գորբաչովը եւ թե՛ նրա թիմը,որ ջանում էին միջազգային ասպարեզում ստեղծել ազատականների հեղինակություն,ուստի հանդուրժողական մոտեցում էին ցուցաբերում հայերի ցույցերի նկատմամբ։ Սակայն ինչու այդ նույն մոտեցումը նրանք չցուցաբերեցին մեկ տարի անց վրացիների նկատմամբ կամ ավելի ուշ տեղի ունեցած Վիլնյուսի դեպքերի նկատմամբ։ Իբր թե միայն նրա համար,որովհետեւ Թբիլիսիի եւ Վիլնյուսի ցուցարարները ձգտում էին դուրս գալ Խորհրդային Միության կազմից,իսկ Երեւանի եւ Ստեփանակերտի ցուցարարներն առայժմ այդ մասին բարձրաձայն հայտարարություններ չէին անում։ Ոչ,դա իրականությանը չի համապատասխանում։ Արդեն 1988թ. ամռանը շատ հստակ դարձավ արագ հայտնի դարձած «Ղարաբաղ» կոմիտեի հակակայսերական եւ իրականում հակակոմունիստական էությունը։ Սակայն մինչեւ 1988թ. ավարտը (ավելի ճիշտ մինչեւ դեկտեմբերի 10-11-ը) «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությանը վերջ տալու ոչ մի փորձ չարվեց։
Մենք դեռ կվերադառնանք դեկտեմբերի 11-ին,որի հետ կապված են շատ ողբերգական դեպքեր եւ դեկտեմբերի 7-ի համազգային ողբերգությունը՝ Սպիտակի երկրաշարժը։ Իսկ առայժմ նշեմ,որ 1988թ. ամռան սկզբին վերջնականապես տապալվեց ամենատարածված եւ ամենաանհեթեթ բացատրությունը Մոսկվայի «զսպվածության» վերաբերյալ,որն իբր թե պատրվակ էր որոնում Հայաստանի իշխանությունը փոխելու համար։
Դատարկ խոսք, Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի մայիսյան լիագումար նիստը շատ հստակ ցույց տվեց,որ բավական էր Կենտկոմի բաժնի վարիչի ներկայությունը այդ նիստում,որպեսզի Դեմիրճյանի թիմն առանց ծպտուն հանելու ողջուներ նոր առաջին քարտուղարին։ Միայն ապուշը կարող էր ենթադրել, որ Հայաստանում կարող էին տեղի ունենալ Ալմա-Աթայի դեպքերին նման դեպքեր,երբ Կունաեւին պաշտոնազրկեցին եւ տեղը նշանակեցին Կոլբինին։
Չնայած նրան,որ Դեմիրճյանն ուներ հավատարիմ կողմնակիցներ,այդ թվում՝ նաեւ անվտանգության մարմիններում,անիմաստ էր ստեղծել եւ հովանավորել ընդդիմադիր մի շարժում միայն այն նպատակով,որպեսզի առանց բարդությունների պաշտոնազուրկ արվի Դեմիրճյանը։ Նույնիսկ այդ ապուշների համար նման տարբերակն անիմաստ շռայլություն էր։ Իսկ Դեմիրճյանի հեռանալուց հետո «շարժումը» չնվազեց,ընդհակառակը՝ ավելի տաքացավ։ Անհրաժեշտ է նշել,որ «տաքացումը» սկսվեց առաջին բողոքի ցույցից, ընդ որում՝ ուղիղ Մոսկվայից,եւ այդ տաքացումը բաղկացած էր ուշադրության,հիվանդագին հետաքրքրության,արհամարհանքի, հովանավորության ալիքներից,որոնք հերթականությամբ փոխարինում էին միմյանց։
Կարելի է հիշեցնել այդ ալիքներից մի քանիսը։ Գորբաչովը,օրինակ,ընդունեց հայ գրականության ներկայացուցիչներին,երբ վիրավորված էր նրանց ազգային ինքնասիրությունը։ «Պրավդա» թերթում հրատարակված «Զգացմունքները եւ տրամաբանությունը» հոդվածով,որից հետո կրկին փողոց դուրս եկավ ցույցերից եւ բողոքներից հոգնած ժողովուրդը։ Խորհրդային Սիության Գերագույն Խորհրդի նախագահությունում տեղի ունեցան քննարկումներ,լսումներ,որոնց ընթացքում խիստ քննադատվեցին միութենական հանրապետությունների Գերագույն Խորհուրդները,որոնք վիրավորում եւ վրդովեցնում էին մարդկանց։ Ամեն մի օդանավ իր հետ միութենական հանրապետություններ էր բերում 5-6 հանձնախումբ,որոնք քթերը խոթում էին տարբեր բնագավառներ՝ տեղի վրա պարզելու համար տիրող կացությունը։
Սակայն զարմանալին այն էր,որ բոլոր այս քննարկումների «վերջնական» որոշումները,լիներ դա Քաղբյուրոյում,Կենտկոմի լիագումար նիստում,թե Խորհրդային Միության Գերագույն Խորհրդում,անխուսափելիորեն «շարժման» համար բացում էին գործունեության նոր դաշտ եւ նոր կետեր էին նշմարում նրանց ուժերը գործադրելու համար։ Դա վերաբերում էր թե՛ Սահմանադրությանը,թե՛ օրենսդրական որոշումներին։ Իսկ ամենակարեւորն այն է,որ այդ խաղը վարվում էր հետեւողականորեն եւ երկու կողմից էլ շատ գրագետ։
Հենց այդ ժամանակ հրապարակ իջան առաջին կասկածներն այն մասին,որ.
ա) «շարժումը» գործում է դաժանորեն,լկտիաբար,հարձակողական ձեւով,հետեւողականորեն կանխագուշակելով իշխանությունների գործողությունները,այսինքն՝ ոչ հայավարի,ունի շատ լուրջ եւ գրագետ խորհրդատուներ,
բ) այն ամենը,ինչ տեղի է ունենում Հայաստանում,շատ ավելի խորն է եւ լուրջ,քան մենք պատկերացնում էինք սրանից առաջ եւ գուցե կարող ենք պատկերացնել ապագայում։
Որքան էլ տարօրինակ թվա,բոլոր այդ կասկածները սնվում էին թվերից,որոնք բնութագրում էին Հայաստանում տիրող ազգագրական կացությունը,որը կարող էր լուրջ ազդեցություն ունենալ քաղաքական իրականության վրա։ Գրեթե միատարր ազգաբնակչություն ունեցող հանրապետությունում (Խորհրդային Հայաստանում) ադրբեջանցիները,որ ցեղային պատկանելությամբ թուրք են,կազմում էին բնակչության ընդամենը 10 %-ը,բայց նրանք տարօրինակ կերպով բնակություն էին հաստատել Հայաստանի սահմանային գոտիներում՝՝ զբաղվելով անասնապահությամբ եւ ավելի պակաս չափով հողագործությամբ։ Մեծ եւ փոքր քաղաքներում նրանք ընդհանրապես չկային։ Մի շարք շրջաններում,մանավանդ այն շրջաններում,որոնք սահմանակից են Թուրքիային եւ Ադրբեջանին, ինչպես նաեւ Նախիջեւանում 80-ական թվականների սկզբին,նրանք արդեն կազմում էին բնակչության կեսը,եթե չասենք՝ բնակչության մեծամասնությունը,որը մեծ գլխացավանք էր տեղական իշխանությունների եւ սահմանապահների համար։
Սովորական էին դարձել դաշտերի,հողերի եւ արոտավայրերի ինքնակամ գրավումները (Իջեւանում,Նոյեմբերյանում եւ այլ շրջաններում),զանգվածային տեղափոխումներ կատարվեցին դեպի Թուրքիա (Մասիսի եւ Արարատի շրջաններում),որոնց ժամանակ տեղի ունեցան անկարգություններ եւ նույնիսկ հարձակումներ սահմանապահների վրա։
Դեռեւս 70-ական թվականների վերջերին ի հայտ եկան ճշմարիտ թվացող լուրեր այն մասին,որ Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիեւի նախաձեռնությամբ Կրեմլի գրասենյակներում շոշափվում է Հայաստանի տարածքի մի մասի ղեկավարությունը Բաքվին հանձնելու հարցը։ Խոսքը Մեղրիի եւ Կապանի մասին էր,որը գտնվում էր Մեղրիի սահմանապահ զորքերի հսկողության տակ։ Ըստ լուրերի՝ այդ մասին արդեն փորձել էին ստանալ Դեմիրճյանի կարծիքը։ Խոսվում էր այն մասին,որ Դեմիրճյանը կտրականապես հրաժարվել էր ճանաչել առաջարկության հիմնավորումը,որն իբր կապ ուներ Խորհրդային Միության հարավային սահմաններն ամրապնդելու հետ։ Խոսակցություններ էին գնում նաեւ այն մասին,որ Դեմիրճյանը գրգռիչ համարեց այդ առաջարկությունը եւ այն մերժեց,հենվելով այն փաստի վրա,որ երկու հարեւան հանրապետություններում սահմանի խախտումները հօգուտ Ադրբեջանի չեն։ Ավելին,Դեմիրճյանը իբր թե հայտարարեց,որ հայ ղեկավարներից նա,ով կհամաձայնի նման առաջարկության հետ,կհոշոտվի հայրենիքում։ Այդ առաջարկությունը պաշտպանություն չգտավ նաեւ զինվորական շրջանակներում, եւ քանի որ նրանց խոսքը վճռական նշանակություն ուներ,առաջարկությունը տապալվեց։
Չեմ կարող վստահել այս առաջարկության շուրջ մեզ հասած լուրերի մանրամասնություններին,բայց անկասկած այս ուղղությամբ ինչ-որ բան պատրաստում էին Բրեժնեւի քաղաքագետները,որոնք գնված էին Ալիեւի կողմից։ Ինչ վերաբերում է Դեմիրճյանին,ապա նա կարիք չուներ նման լուրերով ամրապնդել իր հեղինակությունը բնակչության մեջ,քանզի Հայաստանի բնակչությունն արդեն պարծենում էր իր առաջնորդով,որն, ի տարբերություն Ալիեւի եւ Շեւարդնաձեի,չի քծնում Կենտկոմի ամեն մի հրահանգչի։
Շարունակելի