կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-16 17:15
Քաղաքական

Հայ դիվականության պատմություն – 5

Հայ դիվականության պատմություն – 5

Եվ հանկարծ…

Աստված վկա,ես շատ կուզեի խուսափել ավանտյուրիստական,քաղքենիական,էժանագին «եվ հանկարծ» արտահայտությունից,բայց այն, ինչ պատահեց,իսկապես հանկարծ էր,անսպասելի,առանց որեւէ պատճառի,եւ այդ «հանկարծը» սկսվեց Խորհրդային Հայաստանի համար հակաբնական եւ հանելուկային «Լենին-Կուսակցություն-Գորբաչով» լոզունգով։

Դա 1987թ. աշնանն էր,իսկ պաստառը կրում էին 16-17 տարեկան երիտասարդներ ու պատանիներ եւ քայլում Մարշալ Բաղրամյանի պողոտայով։ Ցուցարարների թիվը հասնում էր մոտ 200-ի։

Երիտասարդների այս ամբոխը ծանր տպավորություն էր թողնում։ Նրանք անկազմակերպ եւ անվստահ բացականչում էին՝ «Ղարաբաղ,Ղարաբաղ»,ինչը հետագայում դարձավ բոլորի լոզունգը։ Երիտասարդները վախեցած էին սեփական համարձակությունից եւ ազգային գործի համար զոհվելու պատրաստակմությունից։  Երիտասարդները հետագայում խոստովանեցին,որ կազմակերպիչները խոստացել էին,որ ցուցարարները երկու ապտակից բացի ուրիշ պատիժ չեն կրի։

Ամեն ինչ խոսում էր այն մասին,որ ցուցարարներն իրենց ապտակը կստանան։ Ցույցն ուղեկցող՝ քաղաքացիական հագուստներով ոստիկանները ծայրահեղ վրդովված էին,որ այդ լակոտներին հսկելու համար նրանց կտրեցին շաբաթվա վերջի հանգստից, եւ նրանք համոզված էին,որ տղաներին կվերագրեն «կարգի խախտում» կամ «դիմադրություն իշխանություններին», եւ ցուցարարները կստանան իրենց արժանի պատիժը,քանի որ վարչակարգը դեռեւս հզոր էր, եւ նրա գործակալները այդ հզորության մեջ որեւէ կասկած չունեին։ Սակայն անվտանգության մարմինների գործակալները հաշվի չառան մի բան,որ այդ ցույցը քաղաքական բնույթ էր կրում,պատահական չէր եւ իրականացվում էր հեռահար նպատակներով։ Ցույցը տարերային չէր. այն կազմակերպել էին բանիմաց մարդիկ։ Կազմակերպիչները շատ ուժեղ եւ հայտնի մարդիկ էին։ Հենց նրանց խնդրանքով էլ կոմերիտմիության «վերնախավը» պաշտպանում էր անկազմակերպ ցուցարարներին տարբեր գրգռումներից,որոնց պատրաստ էին քաղաքական կացության առանձնահատկությունները չհասկացող ոստիկանները։

Որտե՞ղ են հիմա այդ ցուցարար երիտասարդները,որոնց համար այս տողերի հեղինակը բախվում ու վիճում էր ոստիկանության հետ։ Պահպանում են իրենց գոյությունը պատահական աշխատանքով,թե՞ հասել են բարձր պաշտոնների «շարժման» օգտին ծառայությունների դիմաց։  Գուցե,կորցրին իրենց  տաք գլուխները կամ ցրվեցին Ռուսաստանով մեկ՝ դառնալով առեւտրականներ կամ մանր ավազակներ։

Սակայն մի երկուսի մասին կարող եմ ասել որոշակիորեն. Հունանյան եղբայրները,որոնք 12 տարի անց արդեն անկախ Հայաստանի Ազգային ժողովում կազմակերպեցին արյունալի սպանդ,կոտրելով հայ պետականության ողնաշարը, նրանց մեջ չէին,չէին կարող այնտեղ լինել,չնայած նրան,որ ավագ եղբայրը արդեն մեկ տարի անց ուսանողական առաջնորդներից էր եւ նույն «լավատեղյակ մարմինների» առաջադրանքներով պիկետներ (պահախումբ) էր կազմակերպում հսկելու համար կառավարական շենքերը,վարկաբեկելու Գերագույն խորհրդի պատգամավորներին եւ ծեծելու նրա նախագահին։

Անշուշտ,ցուցարարների տեսանկյունից, ընտրություն չկար,ինչպես,հավանաբար,ընտրություն չուներ ողջ ազգը։ Եթե մի տարի էլ ազգը մնար շփոթված վիճակում,Ղարաբաղի հարցը կթաղվեր Խորհրդային Միության փլատակներում,որի փլուզումը,փաստորեն,արդեն որոշված էր։ Կարող էր նաեւ այնպես պատահել,որ ընդհանուր իրարանցման մթնոլորտում տեղի ունեցող էթնիկական մաքրագործումները կբացառեին արդարացումները «նոր աշխարհակառույցով» եւ «միջազգային հասարակական կարծիքով»։ Այս բառերը չակերտների մեջ եմ վերցվում,քանզի անցած տարիների ընթացքում մենք հասկացանք այս դատարկաբանությունների բուն իմաստը,որն աշխարհի ուժեղներին սպասարկելու մեջ էր։ Բայց,Աստված իմ,որքան կեղտ,սրիկայություն ու սուտ դրվեց այդ անկեղծ ու արդար ձգտումների հուշարձանի պատվանդանին։

Եվ,իմիջիայլոց,հայերը չէին,որ առաջինը ճեղքեցին կայսրության հիմքը,ինչպես ապարդյուն կերպով ջանում են ապացուցել միապետության ուշացած կողմնակիցները։ Ճիշտ հակառակը՝ հենց հայերը, ղեկավարվելով պատմական հիշողությամբ,փորձում էին իրենց մարմիններով (զենք չկար) եւ ելույթներով ծածկել,խեղդել պետության մարմնի վրա առաջացած բազմաթիվ ճեղքերից մեկը,որն ի սկզբանե չարամտությամբ դրվել էր պետության հիմքում։ Եվ ինչ սարսափելի գին վճարեց ազգը 80-100 տարվա ընթացքում տեղի ունեցած ընդհանուր անկումով,որը վճարեց օտարի չարամտության եւ սեփական միամտության համար։

Սակայն ես կրկին շեղվեցի։

Հիշատակված ցույցից անմիջապես հետո «թշնամու ձայները» որոշ նենգությամբ հաղորդեցին,որ Մոսկվան ժամանակին հովանավորում էր հայկական ազգայնականությունը,քանի դեռ նա ուղղված էր Թուրքիայի դեմ,իսկ այժմ դիմադրում է Ադրբեջանի նկատմամբ հայերի հողային պահանջներին եւ մենամարտի է կանչել Կարեն Դեմիրճյանին։ Պատճառը,հավանաբար, համարվեց ինքնաբավ,քանզի հայերը խախտեցին խորհրդային վարչակարգի գլխավոր գաղափարախոսական արգելքը՝ «ժողովուրդների բարեկամությունը»։ Ճիշտ է,գոյություն ունեն (եւ այն ժամանակ էլ գոյություն ունեին) ծանրակշիռ ապացույցներ,որ,Մոսկվայի որոշ շրջանակներ,այդ թվում նաեւ՝ կուսակցական,որոնք եթե նույնիսկ ուղղակիորեն չէին պաշտպանում հայկական ազգային տրամադրությունները,ապա գոնե հանդուրժողականություն էին ցուցաբերում հայկական ցավի եւ զգացմունքների նկատմամբ։       

Շարունակելի