կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-15 17:51
Հասարակություն

Հոսանքալարերը կտրել են, շենքը՝ ջրանջատել. Խորենացի 213 հասցեի բնակիչները մինչև ամսվա վերջը ստիպված են սպասել

Հոսանքալարերը կտրել  են, շենքը՝ ջրանջատել. Խորենացի 213 հասցեի բնակիչները մինչև ամսվա վերջը ստիպված են սպասել

Խորենացի 213 հասցեում գտնվող շենքի բնակիչները, որոնք Բաքվից բռնագաղթածներ ու փախստականներ են, այս պահին ջրից ու էլեկտրաէներգիայից օգտվելու հնարավորություն չունեն:

Երկար տարիներ է, ինչ բնակվում են այդ շենքում, սակայն այս տարի իմացել են, որ հուլիս ամսին այն վաճառվել է «Վենեցիա» հյուրանոցի տնօրինությանը։

«Սեփականատերը երեկվանից անջատել է ջուրն ու լույսը: Հայտարարում են, որ շենքն արդեն իրենցն է, մենք էլ ապօրինի զբաղեցնում ենք այն»,- Պետական գույքի կառավարման կոմիտեի շենքի առջև կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց շենքի  բնակիչ Ռաիսա Հարությունյանը:

Բնակիչների տեղեկացմամբ՝  Պետական գույքի կառավարման կոմիտեից խոստացել էին, որ  Վարդաշենում  իրենց այլ բնակարաններ կտրամադրեն, սակայն  մինչ օրս չեն վերաբնակեցրել։

Էմիլ Հայրապետյանը Խորենացի 213 հասցեում ապրում է շուրջ 20 տարի, ասում է՝ ամեն ընտանիքին մեկ սենյակ են տրամադրել և ժամանակավոր  բնակեցրել: 2013 թվականին Պետգույքի կոմիտեից եկել  են, հաշվառում արել, որպեսզի իր ընտանիքի 4 անդամների թվով Վարդաշենում 35 քմ մակերեսով բնակարան հատկացնեն:

«Հետո աղջիկներս ծնվեցին, և հիմա մեզ հատկացող 35 քմ-ն դարձել է 37: Իհարկե, այդ չափի բնակարանը 6 հոգանոց ընտանիքի համար շատ փոքր է, բայց դրան էլ եմ համաձայն: Եկել են, թղթերը ներկայացրել յուրաքանչյուր ընտանիքի, ստորագրել ենք՝ ոնց որ կարգն է։ Խոստացել էին տեղափոխել մեզ: Բերեք բանալիները, տվեք, գնանք»,-  Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Էմիլ Հայրապետյանը։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց՝ քանի որ նրանց մեծ մասը Ադրբեջանից բռնագաղթածներ են, անձամբ խոսել է և՛ Միգրացիոն ծառայության հետ, և՛  միջնորդել, որ հոսանքի հարցը հնարավորինս շուտ կարգավորվի։

«Ասեմ ավելին՝ ձեր հոսանքը շատ ավելի շուտ էին ուզում անջատել, ես զանգել եմ, խնդրել, իմ անձնական ծանոթությունները ներգրավել, և ինձ ժամանակ են տվել»,- ասաց Աթանեսյանը։

Նրա հավաստմամբ ՝  քանի դեռ նոր բնակարանների սեփականաշնորհման հարցը լուծված չէ, բնակիչներն այնտեղ  տեղափոխվել չեն կարող։

ՀՀ կառավարությունը նոր բնակարաններ տրամադրելու ընթացակարգը սահմանել է իր՝ 2016 թվականին կայացրած որոշմամբ, որի հետ բնակիչներն ի սկզբանե անհամաձայնություն են ունեցել՝  բնակարանների չափի ու տեղի առումով:

«Պարզվեց, որ բնակիչներին հատկացվող շենքի  առաջին հարկն  արդեն օտարված է, իսկ նրանք մտածում էին, որ դա էլ է իրենցը,  քանի որ, կառավարության  որոշմամբ,  Վարդաշենի ամբողջ՝ եռահարկ շենքը հատկացվելու է նրանց,  սակայն նույն որոշման մեջ փակագծերում գրված է, որ շենքի 30 տոկոսն օտարելու իրավունք ունեն»,- Yerkir.am-ին հայտնեց Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի ղեկավար Խաչատուր Մարոզյանը, որը բնակիչների անունից մի շարք դիմումներ է ներկայացրել:

Նա ընդգծեց՝ որպեսզի քաղաքացին շփոթմունքի մեջ չընկնի և իմանա՝ կոնկրետ պատասխանատուներն ովքեր են, պետք է նրան  իրավաբանորեն բացատրել որոշման կետերը:

«Ինքս միջամտել եմ, արգելել եմ շենքը քանդել, քանի դեռ մարդիկ այնտեղ ապրում են: Հիմա տանիքը քանդել են, ջուրն էլ կտրեցին, հոսանք էլ: Իրավական տեսանկյունից պատասխանում են՝ սեփականատերն ենք, ինչ ուզենք՝ կանենք: Ամեն դեպքում՝ կան անցումային կետեր, նաև՝ բարոյական օրենքներ»,- ասաց Մարոզյանը:

Հարցին, թե ինչքա՞ն կտևի նոր բնակարանների սեփականաշնորհման գործընթացը, նա պատասխանեց, որ կառավարության որոշման մեջ ներառված չեն այն կետերը, որ սեփականության գրանցման ծախսերը պետք է պետությունը հոգա, իսկ բնակիչները վճարունակ չեն: Առաջարկվել է որոշման մեջ փոփոխություններ կատարել, որ այդ ծախսերը պետությունը վերցնի իր վրա, ինչը մի քանի օր ժամանակ է պահանջում:

Բնակիչ Ռաիսա Հարությունյանն  էլ Սերգո Աթանեսյանի հետ հանդիպման արդյունքի մասին ասաց. «Խոստացան մինչև ամսվա վերջը նոր բնակարաններ տեղափոխել, բայց մինչ այդ անհնար է առանց լույսի ու  ջրի ապրել: Հոսանքի  խնդիրը դժվար թե լուծվի՝ ինչքան հոսանքալար կար, կտրել  են»: