կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-14 19:58
Տարածաշրջան

Նոր շրջափուլ սիրիական ճգնաժամում. չնախատեսված սցենար Թուրքիայի համար

Նոր շրջափուլ սիրիական ճգնաժամում. չնախատեսված սցենար Թուրքիայի համար

Հոկտեմբերի 9-ին սկսված թուրքական նվաճողական «Խաղաղության ակունք-Barış Pınarı»  ռազմական գործողությունը Թուրքիայի հերթական լավ մշակված քարոզչական գործունեության արդյունքն է: Սա արդեն թուրքական 4-րդ (կամ 3-րդ) ռազմական օպերացիան է Սիրիայում: Առաջինը ԻՊ-ի զինյալներից Սուլեյման Շահի դամբարանի մաքրումն էր՝ «Շահ Եփրատ» գործողությունը (2015 թ.), երկրորդը «Եփրատի վահան»-ը (2017 թ.), երրորդը «Ձիթենու ճյուղ» գործողությունը (որի ժամանակ, ի դեպ, գրավվեց Աֆրին քաղաքը):

Գործողությունն ունի երկու խորհրդանշական փաստ. առաջին՝ գործողությունը սկսվել է նույն այն օրը, երբ ուղիղ 21 տարի առաջ Բաշար  ալ Ասադի հայրը՝ Հաֆեզ ալ Ասադը հարկադրված երկրից արտաքսում է Թուրքիայում ահաբեկիչ հայտարարված և հետախուզվող՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանին: Եվ երկրորդ՝ գործողության հերթական անսովոր անունը՝ «Խաղաղության ակունք»: Հոկտեմբերի 9-ին ռազմական գործողության առաջին թիրախը դարձան Ռաս  ալ Այն և Թել Աբյադը բնակավայրերը: Ներկայից Ռաս ալ Այն քաղաքը հինավուրց Ռեյշ Ինա քաղաքն է, որը աքքադերենից թարգմանաբար նշանակում է «Ակունքի սկիզբ», ուստի «Խաղաղության ակունք» անուն ընտրելը պատահական չէ:

Երեկ լուրեր տարածվեց, որ Սիրիայի կառավարական ուժերի և քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» միջև համաձայնություն է ձեռք բերվել՝ թուրքական էքսպանսիային դիմակայելու համար: Սիրիական բանակն արդեն առաջ է շարժվել և մտել այն տարածքները, որոնք, ըստ թուրքական ծրագրերի, պետք է դառնային անվտանգության գոտի (Թուրքիան նախատեսում է Սիրիայի հետ սահմանից 30-40 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել): Դժվար է ասել՝ արդյո՞ք Թուրքիան հաշվի էր առել, որ բոլորի կողմից լքված քրդերը կդիմեն այն ուժի օգնությանը, որից առանձնացել և ինքնավարություն էին ստեղծել: ԱՄՆ-ի՝ զորքերը դուրս բերելու հայտարարությունից հետո քրդերը մնացել էին միայնակ թուրքական կանոնավոր բանակի և նրա աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» զինյալ խմբի առջև: Իսկ Ռուսաստանը չեզոք դիրքորոշում որդեգրեց այս հարցում, որը գուցե պայմանավորված է այն հանգամանքով, որ սիրիական հակամարտության ընթացքում քրդերը որդեգրեցին ամերիկամետ դիրքորոշում:

Սիրիայի ԱԳՆ փոխնախարար Ֆեյսալ Միքդադը մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ քրդերին բազմիցս են զգուշացրել, որ ցանկացած արտասահմանյան օժանդակություն մի օր վաղ թե ուշ դադարելու է: «Սիրիան պաշտպանելու է իր ամեն թիզ հողը: Ով ազնիվ չի եղել իր հայրենիքի նկատմամբ և վաճառել է այն գրոշներով, կտեսնի, որ շպրտվելու է պատմությունից դուրս: Մեր ասածը եղավ: Մենք դրանց (քրդերին) ասում ենք, որ ամեն բան կորցրել են: Վերջին հաշվով՝ հայրենիքը ողջունում է իր բոլոր զավակներին»,- նշել էր նախարարը: Կարծես նախարարի «վերջին հաշվով՝ հայրենիքը ողջունում է իր բոլոր զավակներին» արտահայտությունը պետք է ազդակ լիներ Անկարային, որ Սիրիան չի բացառի քրդերի հետ դարձյալ համագործակցությունը:

Այսպիսով՝ արդեն իրականություն է Թուրքիայի համար ոչ նախընտրելի դեպքերի զարգացումը: Եթե առաջ Թուրքիան կարող էր ասել, որ գործողություններն իրականացնում է ահաբեկչական ԻՊ-ի և ՔԱԿ-ի ճյուղերից մեկի՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» դեմ, ապա հիմա «ահաբեկիչ» քրդերը կռվելու են այդ տարածքների միակ և լիիրավ տիրոջ՝ Սիրիայի դեմ, ինչն արդեն Թուրքիայի համար անկանխատեսելի հետևանքների կհանգեցնի: Թեև Թուրքիայի գործողությունները հիմնականում տեղի են ունենում օդուժի և հրետանու միջոցով, և դեռևս ցամաքային լայն գործողություններ չկան, այնուհանդերձ,  Թուրքիան կփորձի անել ամեն ինչ՝ խուսափելու համար սիրիական բանակի հետ բախումից, որն աստիճանաբար առաջ է շարժվում դեպի թուրք-սիրիական սահմանը:

Yerkir.am-ի հետ զրույցում ԵՊՀ հայագիտության հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանը նշեց, որ քուրդ-սիրիական համագործակցությունը հուսադրող է: «Այսպես, թե այնպես մինչև հիմա առանձին զորախմբեր կան հյուսիսային մասի որոշ բնակավայրերում, ինչն արդեն որոշակի զսպող հանգամանք է, որպեսզի թուրքական առաջխաղացումը որոշ չափով կասեցվի: Իսկ եթե արդեն սիրիական բանակային ստորաբաժանումները գան, ինչի վերաբերյալ կարծես թե պայմանավորվածություններ կան քրդերի հետ, արդեն վերջնականապես կկանգնեցվի թուրքական առաջխաղացումը, և կփոխվի պատկերը՝ խոսելով արդեն այլ շրջափուլի մասին»,- ասաց նա:

Արևելագետը նշեց, որ սիրական բանակն արդեն մտել է Մանբիջ, ինչպես նաև, ըստ հաղորդված տեղեկությունների, Քոբանի, հետագայում նաև՝ Հասաքե: Սիրիական և քրդական աղբյուրներն իրենց հերթին արդեն  նշում են, որ Հասաքեն և Կամիշլին (որտեղ կան բազմաթիվ հայեր) արդեն անցել են սիրիական բանակի վերահսկողության տակ: Իսկ Ռաս  ալ Այն քաղաքին, որը համարվում է Թուրքիայի գլխավոր թիրախներից մեկը, արդեն մոտեցել են սիրիական զորքերը, որոնք դիրքավորվել են քաղաքի մոտակայքում գտնվող Թալ Թամր քաղաքի արևմտյան մասում:

Թուրքիայի նկատմամբ դժգոհությունն ավելանում է, սակայն, որպես այդպիսին, բացի խոսքից, ուրիշ քայլ չի կատարվում, բացառությամբ նրա, որ ԵՄ մի շարք երկրեր, մասնավորապես՝ Գերմանիան, Ֆրանսիան և Հոլանդիան, դադարեցրել են զենքի մատակարարումը Թուրքիային՝ նշվելով, որ այն կիրառվում է Սիրիայի քրդերի դեմ պայքարում:

Քրդերը հայտարարում են, որ Թուրքիայի կողմից ռմբակոծվող քաղաքներից ԻՊ զինյալները փախուստի են դիմում, իսկ քրդերը նման պայմաններում չեն կարող իսլամիստ ահաբեկիչներին բանտերում պահել: Կամիշլի և Այն Իսսա քաղաքներում պահվող ԻՊ անդամներն արդեն գտնվում են ազատության մեջ:

Իր հերթին, Թուրքիան հայտարարում է, որ քրդերն իրենց հետ են տանում ահաբեկիչ-բանտարկյալներին, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը նշում է, որ քրդերը դիտավորյալ են բաց թողնում ահաբեկիչներին:

Անշուշտ, նմանատիպ դեպքերի զարգացումը նոր շրջափուլի մասին կարող է հայտարարել: Սիրիական բանակի աջակցությունն ու առաջխաղացումը նոր իրողություն է ստեղծել ոչ միայն  Թուրքիայի, այլև շահագրգիռ այլ կողմերի համար: Պետք է նաև փաստել, որ խաղացողների ձեռքում խաղաքարտ հանդիսացող քրդերը հայտնվել են ծուղակի մեջ: Ոչ միայն Թուրքիան և Սիրիան, այլև Իրանը, Իրաքը և այլ պետություններ չեն կարողանում համակերպվել քրդական ինքնավար նկրտումների հետ և դեռ երկար ժամանակ մնալու են որպես գործիք գերտերությունների համար:

Արգամ Եղիազարյան