կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-17 04:55
Հասարակություն

Ամանորյա տոնական միջոցառումներ կանցկացվեն Երեւանի բոլոր շրջաններում

Ամանորյա տոնական միջոցառումներ կանցկացվեն Երեւանի բոլոր շրջաններում

Ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը Հայաստանի ամենամեծ տոնածառի լույսերով: 31 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառն այս տարի զարդարվել է 72 աստղիկներով եւ տարբեր գույների 4000 խաղալիքներով: Տոնածառի վրա կվառվեն 32000 լուսադիոդային լամպեր: Մայր տոնածառը հավաքվել է եղեւնու 6000 բնական ճյուղերով, որոնք բերվել են սանիտարական հատման արդյունքում:

 

Երեւանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը Հանրապետության հրապարակում նախատեսում է անցկացնել տոնական համերգային ծրագրեր:

 

Դեկտեմբերի 31-ին ժամը 13-ից Հանրապետության հրապարակում կմեկնարկի տոնական համերգը` մանկական համույթների եւ պարային խմբերի, հեքիաթային հերոսների մասնակցությամբ: Սիրված հեքիաթների հերոսների մասնակցությամբ կկազմակերպվեն նաեւ մանկական խաղեր: Ժամը 23-ից կսկսվի տոնական համերգը` էստրադայի աստղերի, պարային խմբերի մասնակցությամբ, որը ժամը 24-ին կուղեկցվի շքեղ հրավառությամբ: Համերգը կշարունակվի մինչեւ ժամը 04-ը:

 

Հունվարի 1-6-ին Հանրապետության հրապարակում կանցկացվեն ցերեկային միջոցառումներ` հեքիաթների հերոսների մասնակցությամբ: Այդ օրերին երեկոյան ժամը 18-22-ին Dj-ները կանցկացնեն տոնական համերգային դիսկոտեկ:

 

Տոնական միջոցառումներն Ազատության հրապարակում կշարունակվեն մինչեւ հունվարի 6-ը:

 

Սահադաշտի վերածված Կարապի լճում դեկտեմբերի 30-ից մինչեւ 2011թ.-ի հունվարի 6-ը կանցկացվեն գեղասահքի տոնական ցերեկային ծրագրեր` Ձմեռ պապի եւ Ձյունանուշի մասնակցությամբ: Նախատեսվում են խմբակային պարեր: Կանցկացվի նաեւ հոկեյի մրցաշար օրական 30 րոպե տեւողությամբ:

 

Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, տոնական միջոցառումներ կանցկացվեն նաեւ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, որտեղ նույնպես տեղադրվել են տոնածառեր: