Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է դարձյալ` հոկտեմբերի 8-14-ը դադարեցնել երկրի խորհրդարանի աշխատանքը, տեղեկացնում է CNN -ը ՝ վկայակոչելով վարչապետի աշխատակազմի կողմից տարածված հաղորդագրությունը:
«Վարչապետը հետևողականորեն շեշտել է, որ մտադիր է մի շարք նոր օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել միապետի ճառում: Պայմանավորված այս հանգամանքով՝ նա մտադիր է խնդրել թագուհի Էլիզաբեթ II-ին, որպեսզի խորհրդարանի ընթացիկ նստաշրջանը դադարեցվի հոկտեմբերի 8-ի երեկոյան, իսկ միապետի ելույթը տեղի ունենա հոկտեմբերի 14-ին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Բրիտանական կառավարությունում ընդգծում են, որ խորհրդարանի աշխատանքը կդադարեցվի «նվազագույն հնարավոր ժամկետով», որպեսզի կառավարությանը հնարավորություն տա նախապատրաստվելու նոր խորհրդարանական նստաշրջանի մեկնարկին և ներկայացնելու իր քաղաքական ծրագիրը, որի առանցքային մասը կկազմի Brexit-ին նախապատրաստվելը, կրթության և առողջապահության ոլորտներում բարեփոխումը, հանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև նոր տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցումը:
Խորհրդարանի աշխատանքի ժամանակավոր կասեցումը սովորական ընթացակարգ է: Այն տեղի է ունենում նոր խորհրդարանական նստաշրջանի բացումից և միապետի ելույթից առաջ, որի ճառում շարադրված է կառավարության առաջիկա տարվա ծրագիրը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ջոնսոնն օգոստոսի վերջին հայտարարել էր, որ խորհրդարանը մինչև հոկտեմբերի 14-ը ժամանակավորապես կդադարեցնի իր աշխատանքը: Ավելի ուշ Գերագույն դատարանի դատավորները միաձայն անօրինական էին ճանաչել Ջոնսոնի որոշումը, ինչի պատճառով Մեծ Բրիտանիայի վարչապետը ստիպված էր եղել դադարեցնել մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին և վերադառնալ Մեծ Բրիտանիա:
Ավելի վաղ Ջոնսոնը հայտարարել էր նաև, որ համաձայն չէ Գերագույն դատարանի որոշմանը: