Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Հարությունյանի, այսօր մերժեց Լևոն Սարգսյանի որդու և դստեր` Նարեկ և Անի Սարգսյանին պատկանող ընկերություններում մասնագիտական ստուգումներ իրականացնելու որոշումն օրինական համարելու դատական ակտի դեմ նրանց բողոքը, այս մասին հայտնում է «Հետքը»
Նշենք, որ Նարեկ և Անի Սարգսյաններն, ինչպես նաև նրանց հայրը` Լևոն Սարգսյանը որպես մեղադրյալ են ներգրավվել ապօրինի հարստացման և հայտարարագման ենթակա գույք թաքցնելու առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է Պետական եկամուտների կոմիտեում, ապա փոխանցվել Հատուկ քննչական ծառայության վարույթ: Այս քրեական գործի շրջանակներում ՀՔԾ քննիչի որոշմամբ ստուգումներ են իրականացվել Անի և Նարեկ Սարգսյաններին պատկանող ընկերություններում, որի դեմ նրանք բողոք են ներկայացրել:
2019 թվականի մարտին, քննելով Սարգսյանների բողոքը, առաջին ատյանի դատարանը որոշել է այն մերժել, և վերաքննիչ դատարանում քննվում էր այդ դատական ակտի դեմ բողոքը: Վերաքննիչ դատարանում բողոքի գործով երեկ դռնփակ դատական նիստ է տեղի ունեցել, որից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու: Որոշումն այսօր հրապարակվել է դռնբաց դատական նիստով: Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ-ում քննող գործով Նարեկ, Անի և Լևոն Սարգսյանները մեղադրյալ են ներգրավվել 2018-ի ամռանտ:
ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են նրա, իր հետ համատեղ բնակվող հոր՝ Լևոն Սարգսյանի և քրոջ՝ Անի Սարգսյանի անվամբ 2017թ.-ի 2-րդ կիսամյակի ընթացքում որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:
Քննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, պաշտոնատար անձ հանդիսացող Լևոն Սարգսյանն ու վերջինիս դուստրը 2017թ.-ի հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարատու պաշտոնատար անձի համար սահմանված դեպքերում և կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը, որտեղ չեն հայտարարագրել իրենց կողմից որպես ավանդ ներդրված գումարները և թաքցրել են դրանք, ինչը հանգեցրել է Լևոն Սարգսյանի և Անի Սարգսյանի մասով առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում նրանց գույքերի ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջիններս ապօրինի հարստացել են:
Պարզվել է նաև, որ Նարեկ Սարգսյանը նույնպես թաքցրել է հայտարարագրման ենթակա գույքը: 2017թ.-ի հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները, ինչը ողջամտորեն չի հիմնավորվում հայտարարագրերով, այսինքն` վերջինս նույնպես ապօրինի հարստացել է»: