Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկեղծ ասած՝ ինձ համար այնքան էլ տարօրինակ չէր ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ լրատվամիջոցներից մեկի տաղավարում ՀՅԴ-ի՝ դատական համակարգի բռնազավթման մասին արտահայտած տեսակետի առիթով Դաշնակցության քայլերը մեկնաբանելուց հրաժարվելը, վայրկյաններ անց՝ նաև ՀՅԴ-ի հասցեին որոշ որակումներ հնչեցնելը: Անկեղծ, զարմանալի կլիներ, որ կյանքում ընդամենը 130 կմ ճանապարհ անցած անձինք մեկնաբանեին 130-ամյա ուղի անցած և պատմություն կերտած կուսակցությանը կամ բանավեճի մեջ մտնեին նրա ներկայացուցիչների հետ: Բայց դրա մասին չէ, որ կուզենայի գրել:
Հարգելի Ալեն Սիմոնյանն օրը ցերեկով, չուզենալով մեկնաբանել ՀՅԴ-ին, այդուհանդերձ, լավ էլ տեղը տեղին մեկնաբանեց, ավելին՝ ՀՅԴ-ին չմեկնաբանելով մեկնաբանելն այնքան կարևոր էր նրա համար, և ՀՅԴ-ի գործոնի խնդիրն այնքան տանջալից հարց է այսօր նրա թիմի համար, որ նշված տաղավարում ՀՅԴ-ի մասին հարցը բնավ էլ պատահական չէր, և միայն խաշած հավին պարզ չէր, որ պարոն Մնացականյանը կատարում է նրա խնդրանքը կամ առաջարկը: Եվ այստեղ ամեն ինչ միանգամայն օրինաչափ է. Ալեն Սիմոնյանն ապացուցեց, որ ՀՅԴ-ն չի՛ տեղավորվում իրենց կազմաքանդիչ ծրագրերի մեջ, այն մեծ ոսկոր է իշխանությունների կոկորդին, ՀՅԴ գաղափարաբանության առկայությունը երկրում տանջում է նրան ու նրա գաղափարազուրկ թիմին, և, այո՛, նա ճիշտ է, նա կարող էր հաճույքով մեկնաբանել ընդդիմադիր դաշտում գտնվող այլ ուժերի, օրինակ, խորհրդարանական ընդդիմությանը, որոնց ելույթներն ամեն օր իր աշխատասենյակում կամ դահլիճում լսում է, բայց նա դա չարեց, որովհետև նրա թիմին իրական ցավ պատճառողն այն քաղաքական ուժն է, որն «անկառավարելի է» և ընթանում է ինքնուրույն քաղաքական օրակարգով:
Հարգելի Ալեն Սիմոնյանն իր խոսքում մեղադրում է Արծվիկ Մինասյանին Ամուլսարի հարցում դիրքորոշումը փոխելու մեջ: Պարո՛ն Սիմոնյան, գիտեք՝ հին ժողովրդական խոսք կա՝ դու ասա, որ քեզ չասեն: Դուք ձեր դիմաց ձեր թիմակից հսկա վարչապետին մի՞թե չեք տեսնում, և կարիք կա՞ հիշեցնելու, թե ինչ էր նա ասում Ամուլսարի մասին երեկ, ինչ է ասում այսօր, ինչ էր նա ասում ԵԱՏՄ-ի, արագաչափերի, կարմիր գծերի, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի պարկում կանգնած և դիտավորյալ չշահագործվող ավտոբուսների մասին երեկ, ինչ է կատարվում այսօր քաղաքում և երկրում… Կարծում եմ՝ այսքանն էլ բավական է, և Դուք հասկացաք, որ շատ խոցելի էր Ձեր՝ ՀՅԴ-ին չմեկնաբանելու մասին արված հիմնավորումը, և ես՝ որպես դաշնակցական, ձեզանից միշտ կսպասեմ ՀՅԴ-ի վարկանիշը բարձրացնող այդպիսի «հիմնավորումներ»:
Ինչ վերաբերում է Արծվիկ Մինասյանի դիրքորոշումներին, ապա նա վերջին շրջանում իր բազմաթիվ ելույթներում փաստարկված կերպով հիմնավորել է, որ իր մտահոգությունները և դիրքորոշումները միանգամայն անխախտ են եղել թե՛ Ամուլսարի, թե՛ իր ոլորտին վերաբերող այլ հարցերի վերաբերյալ:
Կուզենայինք պարոն Սիմոնյանից կոնկրետ փաստերով լսել, թե ՀՅԴ-ն ԱԺ-ում ի՞նչ է ասել, հետո քվեարկել դրան հակառակ: Այլապես՝ մերկապարանոց կհնչի նրա այս որակումը ևս:
Անդրադառնալով նաև ՀՅԴ-ի՝ նախորդ իշխանությունների կոալիցիոն գործընկեր լինելու և հանրության շրջանում ՀՅԴ-ի վարկանիշի մասին պարոն Սիմոնյանի որակումներին՝ էլի հիշեցնենք նախորդ ժողովրդական խոսքը և հարց տանք նրան՝ այդ երբվանի՞ց է նախորդ իշխանությունների ամենամերժված կերպարների հետ քավոր-սանիկական, սերտ ընկերական և այլևայլ տեսակի ջերմ հարաբերությունների մեջ գտնվող այս պարոնը դարձել նորահայտ սուրբ և ավելին՝ ամեն առիթով իր սուրբ պարտքն է համարում որակումներ հնչեցնել ՀՅԴ-ի անցյալի կամ ներկայի մասին:
Հասկանում ենք՝ քարոզչական հատուկ մեխանիզմներով հասարակության՝ գիտակցությամբ պլեբեյների դասի վերածված մասի համար միգուցե շատ ախորժելի են Ալեն Սիմոյնանի՝ նախորդ իշխանությունների հասցեին ուղղված ծաղրավիրավորական կամ ծայրահեղ քննադատական խոսքերը, բայց նրան հիշեցնենք, որ գոնե «պատրիկների դասի» մեջ նրան լավ գիտեն, և ժամանակն է հիշեցնելու նրան, թե ով է եղել նրա համար, օրինակ, Մհեր Սեդրակյանը (հայտնի որպես Թոխմախի Մհեր), և ինչպես էին 2018 թ. դեկտեմբերյան ընտրություններին նախկին քրեաօլիգարխիկ և Ալեն Սիմոնյանի կողմից այսօր անխնա դատափետվող նշյալ անձի ամբողջ թիկնազորն ու անձնակազմը Էրեբունու վարչական շրջանում աշխատում նրա շտաբներում: Կարիք կա՞ հիշեցնելու, թե ով է ոչ անհայտ Խաչատուր Սուքիասյանն իր համար և այլն, և այլն: Կարիք կա՞ հիշեցնելու, որ Արթուր Վանեցյանն այն հերթական մերձավորը կամ մտերիմն էր, որին, հանուն սեփական աթոռի, պարզապես դավաճանեց պարոն Սիմոնյանը, և այստեղ ևս ամեն ինչ օրինաչափ է. Ալենի կյանքում այդպիսի մանր ու մեծ «դեպքերն» այնքան էլ քիչ չեն պատահել, և նրան ճանաչողները սպասում են, թե նա երբ է դավաճանելու նաև, օրինակ, Խաչատուր Սուքիասյանին:
Իհարկե, բաներ կան, որոնք անձնական հարթության մեջ են գտնվում, և հարկ չենք համարում շատ բացել փակագծերն ու Ալեն Սիմոնյանին խորհուրդ կտայինք հիշել իր անցյալը, իր քրեաօլիգարխիկ քավոր-սանիկական նախկին ու ներկա շրջապատը և մյուս անգամ օխլոսի առջև իր «սրբակենցաղ մաքրությունն» ի ցույց դնելու պահին զգույշ արտահայտվել շատ հարցերում:
Հանրության՝ գիտակցությամբ պլեբեյացված հատվածը թեև դանդաղ, բայց արդեն հիմնավոր կերպով մտնում է ժողովրդի կազմի մեջ, և դա տեղի է ունենում ավելի արագ, քան տեղի ունեցավ Հին Հռոմում:
Եվ ամենավերջում. «Կարելի է ամբողջ ժամանակ խաբել ազգի որոշ հատվածի, կարելի է որոշ ժամանակ խաբել ամբողջ ազգին, բայց անհնար է խաբել ողջ ազգին ամբողջ ժամանակ», Աբրահամ Լինքոլն, ԱՄՆ 16-րդ նախագահ:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ