կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-26 18:00
Քաղաքական

Ռուսաստանի նման պահվածքը ազդանշան է Հայաստանին. քաղաքագետ

Ռուսաստանի նման պահվածքը ազդանշան է Հայաստանին. քաղաքագետ

Դեռևս չեն հանդարտվում  խոսակցությունները Երևանում հոկտեմբերի 1-ին անցկացվելիք ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին: Թեև նիստին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների գրեթե բոլոր նախագահները, ինչպես նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն, այնուհանդերձ, ՌԴ նախագահի այցը մշտապես առաջնային նշանակություն է ունեցել՝ պայմանավորված հայ-ռուսական ռազմաքաղաքական, դաշնակցային հարաբերություններով:  

Երեկ «168 ժամ» պարբերականին տված հարցազրույցում  «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը նշել էր, որ Պուտինը գալիս է ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ մասնակցելու ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին:

Yerkir.am կայքի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Վանյանը նշեց, որ սա ինչ-որ առումով զգուշացում է, քանի որ Մոդեստ Կոլերովը հայ-ռուսական հարաբերություններում, այսպես ասած, ոչ պաշտոնական խոսափող է, այսինքն՝ եթե Կոլերովը մի բան է ասում, ուրեմն դա համաձայնեցված է: «Բայց սա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կորած է: Ամեն բան գտնվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքերում: Եթե նա ցանկանա, կկարողանա ամեն բան ուղղել: Այնուամենայնիվ, սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը դժգոհ է հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա որակից ու մակարդակից»,- ասաց նա:

Անդրադառնալով այն տեղեկություններին, որ Պուտինը հայաստանյան այցի շրջանակում ընդամենը մի քանի ժամ է մնալու Երևանում, քաղաքագետը փաստեց, որ դա միանշանակ կարող է խոսել այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում կա սառնություն: «Սա ազդանշան է Հայաստանին, որ ինչ-որ մի բան այն չէ և պետք է ուղղել: Կոլերովի խոսքերը դրա վառ ապացույցն են»,– նշեց Դավիթ Վանյանը:

Պատասխանելով հարցին թե ի՞նչ ակնկալել ԵԱՏՄ նիստից, հաշվի առնելով այն փաստը, որ Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը ևս մասնակցելու են ԵԱՏՄ նիստից հետո կայանալիք կոնֆերանսին, Դավիթ Վանյանն ասաց, որ միայն Իրանի նախագահի այցը աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական առումներով արդեն կարևոր է, և Իրանի հանգամանքը բավական լայնացնում է ԵԱՏՄ նշանակությունն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում: «Մեզ համար՝ որպես այս ամենում շահագրգիռ կողմի, շատ կարևոր է, որ մենք կարողանանք այս երկու հնարավորությունները, այսինքն՝ Ռուսաստան և Իրան, միավորենք: Մյուս կողմից՝ Սինգապուրի վարչապետի այցը նոր իներցիոն համազարկ է այս ամենի ֆոնին»,- նշեց քաղաքագետը:

Այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ «ԵԱՏՄ և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը, ըստ որի՝ դեպի Սինգապուր արտահանման դեպքում տնտեսվարողները կազատվեն մաքսատուրքից: Դավիթ Վանյանը կարծիք հայտնեց, որ, արտահանման իմաստով, Սինգապուրը դժվար թե Հայաստանի տնտեսությանը մեծ զարկ հաղորդի, սակայն Սինգապուրի միացումը այս ձևաչափին կարող է լայն հեռանկարներ բացել Հայաստանի համար: