կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-18 22:29
Քաղաքական

Ի՞նչ վտանգի մասին է ահազանգում անվտանգության ծառայության պետը. հրաժարական տվեց հակառուսական դավադրության խոչընդոտներից մեկը

Ի՞նչ վտանգի մասին է ահազանգում անվտանգության ծառայության պետը. հրաժարական տվեց հակառուսական դավադրության խոչընդոտներից մեկը

Երկուշաբթի` նույն օրը, երբ ԱԺ նախագահը ելույթ ունեցավ Սահմանադրական դատարանի նախագահին հեռացնելու ծրագրով, վարչապետը հայտարարեց, թե Սահմանադրական դատարանի վճիռը, որով հակասահմանադրական էր ճանաչվել երկրորդ նախագահին կալանավորելու օրենքներից մեկը, ապօրինի է: Երեկոյան արդեն Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, թե սկսում է Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնանկ անելու գործընթաց, իսկ ազգային անվտանգության ծառայության պետը հրաժարական տվեց՝ վարչապետին կոչ անելով՝ կանգ առ։

Իսկ հաջորդ օրն արդեն սպասելի էր, որ վարչապետի ու ԱԺ նախագահի` դատարանների վրա հերթական հարձակման արդյունքում  առաջին ատյանի դատարանը մերժելու է Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա երկրորդ նախագահին ազատելու միջնորդությունը։

Մեկուկես տարվա ընթացքում վարչապետի ու նրա թիմի սկանդալները սովորական երևույթ դարձան: Արդեն չի զարմացնում, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կես տարի առաջ ասում էր, թե` «չեմ կարծում, որ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տա, և ընդհանրապես, դա իմ իրավասությունների տիրույթում չի գտնվում», իսկ երկուշաբթի օրվա ելույթով մտնում էր դատական իշխանության տիրույթ և քննադատում ՍԴ որոշումը և մի քանի ժամ անց իր խմբակցության հետ սկսում Թովմասյանին հեռացնելու գործընթաց։

Այսուհանդերձ, անվտանգության զգացում ունեցող անձանց ուշադրությունն առաջին հերթին գրավել է երկրի անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի հայտարարությունը, այն երկրի, որը մի հարևանի հետ պատերազմի մեջ է, որն ընդամենը երեք տարի առաջ փորձեց ներխուժել երկիր, մյուս հարևանն էլ, հաջակցություն Ադրբեջանի, փակել է սահմանը և հնարավորության դեպքում Հայաստանի վրայով ռազմական ձեռք կմեկնի նրան,  երրորդ հարևանին էլ ԱՄՆ֊ն է ճնշելով օղակի մեջ մտցնում, և որից ընդամենը 500 կմ հեռու վերջերս մի ամբողջ ժողովրդի՝ եզդիների ցեղասպանություն եղավ։

Ուրեմն այդ ի՜նչ վտանգների առաջ է կանգնած երկիրը, որ անվտանգության ծառայության պետը հայտարարում է. «Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից: Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին»։

Այս` այսքան բաց, միևնույն ժամանակ ոչ մի որոշակի հարցի մասին չխոսող տողերի տակ ի՞նչ պրոբլեմ է թաքնված, այդ ի՞նչ հակասություններ են ստիպել Վանեցյանին` այսքան բաց ահազանգ հնչեցնել։

Գուցե հրաժարականի պատճառներից մեկը Փաշինյանի անկայուն բնավորությո՞ւնն է և աֆեկտի տակ ճակատագրական քայլեր անելը։

Հրաժարական տվեց նաև ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հրաժարականի տեքստում կրկին խոսելով սպայի պատվի և արժանապատվության մասին։

Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց Վանեցյանին. «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»։

Ենթատեքստը խոսում է այն մասին, որ Փաշինյանը հրահանգ է տվել ինչ-որ անձանց հետապնդել, սակայն Վանեցյանը հրաժարվել է։

Իսկ գուցե այդ անձանց մեջ են նաև այն դատավորները, որոնք վարչապետի կամքը չե՞ն կատարում։ Գաղտնալսված հեռախոսազրույցը փաստում է նաև, որ Վանեցյանի կողմից ճնշման արդյունքում է անցյալ տարվա հուլիսին  առաջին ատյանի դատարանի դատավորը  Քոչարյանին կալանավորելու վճիռ կայացրել, Վանեցյանը ՀՔԾ պետին ասում էր՝ դատավորին ասացի՝ ուզես-չուզես կալանքը տալու ես։ 

 Հետագայում Փաշինյանն ավելի բիրտ ճնշումների գնաց՝ կոչով դատարանների դռներ փակել տալով, ապա Քոչարյանին կալանքից ազատած և գործը Սահմանադրական դատարան տված դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցեցին, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անցյալի մեջ փորփրեցին, որ որևէ կեղտ գտնեն: Չհաջողելով՝ օրենսդիրն անցավ գործի, և «Իմ քայլը» խմբակցությունը նրան  պաշտոնանկ անելու գործ սկսեց ։  Գուցե Վանեցյանին պարտադրել են ավելի բիրտ ճնշումնե՞ր կիրառել, գործե՞ր սարքել դատավորների վրա, որից նա հրաժարվել է։

Ընդդիմախոսներին կոռուպցիայի պիտակ փակցնելու փաշինյանական ոճով` վարչապետի խոսնակի հեգնական խոսքին Վանեցյանը լրջորեն պատասխանեց, թե հայտարարարությունը գրել է իր խորհրդական Արմեն Դավթյանի հետ։

Բանաստեղծ Արմեն Դավթյանը 1998 թվից նախ Ռոբերտ Քոչարյանի , ապա Սերժ Սարգսյանի ռեֆերենտն եղել, երկու նախագահների ելույթների մի մասի վրա նա էր աշխատում։ Այս տարվա մարտին Նիկոլ Փաշինյանը նրան ազատեց աշխատանքից, և այժմ պարզվեց, որ Վանեցյանի խորհրդատուն է։

Այո, հատուկ ծառայության աշխատակիցները զուսպ են լինում, նրանց աշխատանքի բնույթն այնպիսին է, որ սպառնալիքների մասին հրապարակային չեն խոսում, Վանեցյանն էլ 20 տարվա սպա է, և քիչ հավանական է, որ միայն ինչ-որ մարդկանց հետապնդելու պատվերից հրաժարվելու համար այնպիսի ահազանգ հնչեցներ, որի մեջ երկրին իրական վտանգի սպառնալիք երևար։ 

Եթե միայն ձեռքի տակ եղած փաստերով առաջնորդվենք, ապա վարչապետի ու ԱԱԾ պետի միակ հակասությունը բացահայտվեց դեռ մեկ տարի առաջ գաղտնալսված հեռախոսազրույցներում, որոնցից մեկում Վանեցյանը սաստում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, որ եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորեն, երկրին հարված կհասցնեն. «Լուրջ եմ ասում, ես ռուսների հետ հազիվ բարիշել եմ, հիմա բռնենք, կլինենք խայտառակ»: Մյուս գաղտնալսված հեռախոսազրույցում Վանեցյանը վարչապետին համոզում է. «Ռուսների հետ շատ ծանր ա։ Ոնց որ հիմա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բռնեն, նստցնեն։ Էդ կառույցի հեղինակությունն ա, էլի»։

Ի վերջո, Վանեցյանը կարողանում է համոզել` Խաչատուրովը չի կալանավորվում։ Սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունները մնում են կասկածելի, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Արևմուտքն այդ հարաբերությունները հետևողականորեն շարունակում է քանդել։

Այսպես` 2000֊ականներից ԱՄՆ-ն սկսում է մի նոր սառը պատերազմ, որի ընթացքում ֆինանսական մեծ ներդրումներ անելով՝ հրահրում է հակառուսական տրամադրություններ հետսովետական այն երկրներում, որոնք Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեն։ Ռուսաստանի շուրջն օղակը սեղմելու համար ԱՄՆ֊ի առաջնային խնդիրն է հետսովետական երկրներից հեռացնել ռուսական ռազմաբազաները, երկրորդ խնդիրը` այդ երկրներն ընդգրկել ՆԱՏՕ֊ի մեջ, ինչպես արդեն ընդգրկել է հետսովետական Մերձբալթյան հանրապետությունները և Արևելյան Եվրոպայի մյուս երկրները։

Առաջին փուլի խնդիրը՝ ռազմաբազաները հեռացնելը, հաջողվեց իրականացնել Ուկրաինայում, որը կորցրեց Ղրիմը և մխրճվեց ծայր չունեցող քաղաքացիական պատերազմի մեջ, և Վրաստանում, որն էլ, պատերազմի մեջ մտնելով Ռուսաստանի հետ, կորցրեց իր տիրապետության տակ գտնվող Ախալգորիի շրջանը և Կոդորյան կիրճը։

Եվրախորհրդի երկրներից ռուսական ռազմաբազաներ մնացել են միայն Հայաստանում։

Թեև 2008 թվականից Հայաստանում գնալով ուժեղանում է հակառուսական պրոպագանդան` հիմնականում դրսից ֆինանսավորվող քաղաքացիական հասարակության ստվար մասը հակառուս է, այսուհանդերձ, բնակչության 70 տոկոսից ավելին բարեկամաբար է տրամադրված Ռուսաստանի հանդեպ և հասկանում է, որ երկրի անվտանգությունը կախված է Ռուսաստանից (2013 թվին «Գելափ»-ի կատարած հարցումներով Հայաստանում հարցվածների 90 տոկոսը նշել է, որ իր բարեկամ երկիրը Ռուսաստանն է)։

Հայաստանի դեպքում ամերիկյան ևս մի պլան է գործում. իր տիրապետությունից դուրս մնացած մեկ ուրիշ, ռեսուրսներով հարուստ և ազդեցիկ երկիրը՝ Իրանն էլ օղակի մեջ սեղմել, այս դեպքում Արցախյան հակամարտությունը տանել այն ուղղությամբ, որ Իրանի սահմանին խաղաղապահի անվան տակ ՆԱՏՕ֊ի զորամիավորումներ բերվեն։ 

2018-ի հայկական հեղափոխության շարժիչ ուժը,  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավորությամբ, այդ հակառուսական ուժերն էին, իսկ հեղափոխության միակ առաջնորդ Փաշինյանը արդեն աչքի էր ընկել հակառուսական հայտարարություններով, օրինակ` ասել էր, թե իբր 2016֊ի ապրիլյան պատերազմը Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ, որի հիմքում եղել է «Հողեր` ԵԱՏՄ֊ի դիմաց» պայմանավորվածությունը։

Սակայն հասկանալով, որ հակառուսական հռետորությունը Հայաստանի բնակչությանը կխրտնեցնի և Ռուսաստանի դժգոհությունը կառաջացնի, հեղափոխության օրերին Փաշինյանը մշտապես կրկնում էր, որ թավշյա հեղափոխության մեջ արտաքին կոնտեքստ չկա։

Վարչապետության առաջին ամիսներին նա ճգնում էր ապացուցել, որ շարունակում է Ռուսաստանի հետ նույն բարեկամական հարաբերությունները, և Պուտինի ընկեր երկրորդ նախագահին կալանավորելու դժգոհությունը զսպելու համար հայկական զորամիավորում ուղարկեց Սիրիա։

Սակայն  հեղափոխությունից 1,5 տարի անց, հեղափոխության աներևույթ հակառուսական ազդակները բացահայտվում են. միջազգային լարված իրավիճակի ֆոնին` այլևս պատահական չէ, որ «Իմ քայլը» խմբակցությունում ու կառավարությունում ներգրավված են հակառուս շրջանակների անձինք, և որ գնալով լարվում են հայ֊ռուսական հարաբերությունները։

Վերջին ամիսներին Փաշինյանը սրման է տանում Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հակապուտին արմատական ռուս  ազգայնական Վիտալի Շիշկինին փախստականի կարգավիճակ տվեց,  «Նուվել դ' Արմենիի»-ին տված հարցազրույցում, ասում է, թե ինքը կասկածներ ունի Ռուսաստանի նկատմամբ. «Մենք պետք է հաստատենք յուրաքանչյուրի արժանապատվությունը հարգող հարաբերություններ» (չնայած Փաշինյանն է վիրավորել Ռուսաստանի արժանապատվությունը՝ նրա ստեղծած և պատիվը հանդիսացող ՀԱՊԿ քարտուղարի վրա քրեական գործ հարուցելով, սակայն Ռուսաստանը դեռևս լուռ կուլ է տվել դա)։ Ապա նաև  հանդիպում ունեցավ «Սասնա ծռեր»-ի ղեկվարության հետ՝ Հայաստանի ամենաարմատական հակառուսական թևի, որը պահանջում է ռուսական ռազմաբազաները հանել Հայաստանից։

Վանեցյանի հրաժարականի պատճառն արդյո՞ք այն նույն հակասությունն է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացումը։

Հետադարձ հայացքով նաև բացահայտվում է, որ Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով բանտում պահելու մոլուցքը պայմանավորված չէ միայն վարչապետի և նրա համախոհների վրեժով։  Քոչարյանը մարմնավորում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կայունությունը, և հակառուսական դավադրություն հրահրող ուժերը, նրան չեզոքացնելով, թուլացնում են Հայաստանի և Ռուսաստանի կապերը։

Ուրեմն պատահական չէ, որ Վանեցյանը միակ պաշտոնյան էր, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դրական խոսք է ասել. «Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, իհարկե, իր գործունեության ընթացքում ունեցել է նաև շատ դրական գործեր, ներդրում, եղել է Արցախի առաջին նախագահը»։

Պատահական չէ նաև, որ միևնույն հակառուսական ուժերը ոգևորված են և՛ Վանեցյանի հրաժարականով, և՛ Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշմամբ (ինչպես, օրինակ, Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը, որի ղեկավարած «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը» ֆինանսավորվում է ԱՄՆ ԿՀՎ-ի հետ կապեր ունեցող NED հիմնադրամից: NED֊ի մասին` նաև այստեղ

Հայաստանում անվտանգության զգացում ունեցող յուրաքանչյուր անձ հասկանում է, թե հայ֊ռուսական հարաբերությունների վատթարացումը, ապա` ռուսական ռազմաբազաները հեռացնելն ու զենքի մատակարարման աղբյուրը կտրելը ինչ աղետի կբերի: Երկու թուրք ժողովուրդների` Հայաստանի վրա ողջագուրվելու մեկդարյա նպատակը կիրականանա։  Բարեբախտաբար, այդ` անվտանգության զգացում ունեցողները երկրի ստվար մասն են, դժբախտաբար, նրանց տրամադրությունը չի հանրայնացվում, հասարակական կարծիքի ձևավորման մեջ եղանակ է ստեղծում հակառուս չնչին մասը՝ վկա այն փաստը, որ հակառուս գործիչը դարձավ երկրի վարչապետ։

Հայաստանի այս յուրահատկությունից ելնելով էլ` հակառուսական դավադրությունն այնպես ճակատային չի տարվում, քողարկված է վրեժի, կոռուպցիայի դեմ պայքարի, արժանապատվության կոչերի քողերով։

Այս քողարկված քաղաքականությունը բացահայտվում է այն փաստով, որ երկրի բնակչության 61  տոկոսը կողմ է եղել ԵԱՏՄ-ի մեջ մտնելուն, իսկ 70 տոկոսը ընտրել է այն դաշինքին, որի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, դեմ է քվեարկել ԵԱՏՄ մտնելուն, ինչպե՞ս, քանի որ նա հեղափոխություն անելիս քողարկել է հակառուսությունը հանրության սրտի ուզածով՝ կոռուպցիայի դեմ ելույթներով։  

Ուրեմն հակառուսական դավադրությունը տարբերվելու է ուկրաինական և վրացական փորձից, ընթանալու է քողարկված, խոչընդոտ անձանց հաղթահարելով, քայլ առ քայլ։

Վանեցյանի հրաժարականով ևս մի քայլ կատարվեց, ևս մի խոչընդոտ հաղթահարված է, այլևս իշխանության մեջ չի լինի այն անձը, որը կզանգի վարչապետին և կհամոզի, ի շահ երկրի անվտանգության, հակառուսական քայլեր չանել։

Հաջորդ քայլը ո՞րն է. երկրի անվտանգության համար մյուս պատասխանատու պաշտոնյան՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հարցին, թե հնարավո՞ր է ինքն էլ պաշտոնանկ լինի, պատասխանեց «Չեմ կարող ասել»: Ենթատեքստում երևում է, որ նա էլ հակասություն ունի վարչապետի հետ։ 

Ահա և շաբաթվա սկզբի բոլոր իրադարձությունները՝ ԱԺ նախագահի ելույթը և «Իմ քայլի» կողմից ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու գործընթացը, Քոչարյանին կալանքի տակ պահելու` դատարանի վճիռը և ԱԱԾ պետ Վանեցյանի հրաժարականը, նույն շղթայի օղակներն են դառնում։

 

 Վահան Իշխանյան