կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-02 13:12
Արցախ

Հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որևէ մեկի, այդ թվում՝ ատելություն սերմանողի, պատմությունը խեղաթյուրողի առջև. Ռոբերտ. Քոչարյանը շնորհավորել է Արցախի անկախության օրը

Հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որևէ մեկի, այդ թվում՝ ատելություն սերմանողի, պատմությունը խեղաթյուրողի առջև. Ռոբերտ. Քոչարյանը շնորհավորել է Արցախի անկախության օրը

Արցախի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանին:

Ուղերձում. մասնավորապես. նշված է.

«Սիրելի արցախցիներ, 

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
28 տարի առաջ մենք կատարեցինք պատմական ընտրություն: Իրականություն դարձնելով մեր ժողովրդի իղձերը, մեկ բռունցք դարձած Արցախը Անկախություն հռչակեց և հերոսաբար զենքով պաշտպանեց այն: Ջերմությամբ և հպարտությամբ եմ հիշում այն ժամանակը, երբ հնարավորություն ենք ունեցել միասին աշխատելու և պայքարելու հանուն հաղթանակի և անկախ պետականության կայացման:

Այս պատմական օրը ևս մեկ անգամ փառաբանենք բոլոր մեր մարտական ընկերներին, ովքեր իրենց արյան գնով կերտեցին Արցախի Անկախությունը: Հավերժ հիշատակ մարտի դաշտում ընկած մեր հերոսներին:

Սիրելի հայրենակիցներ,
Այսօր Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ՝ չավարտված պատերազմի պայմաններում: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որ իրենց որոշակի բացասական արտացոլումն են ստանում Արցախում, ինչպես նաև սպասվելիք ընտրական պայքարը չպետք է պառակտեն Ղարաբաղի ժողովրդին: Արցախի ռազմաքաղակական վերնախավը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որպեսզի ներքաղաքական վայրիվերումները որևէ ազդեցություն չունենան երկրի ռազմական ներուժի, ազգային միասնականության ու հաղթանակի ոգու վրա, որ մշտապես հատուկ է եղել արցախցիներին: Վստահ եմ, որ հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որևէ մեկի, այդ թվում՝ ատելություն սերմանողի, պատմությունը խեղաթյուրողի ու ազգային արժեքների ոչնչացման կործանարար քաղաքականություն վարողի առջև:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ տոնի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն և բեղմնավոր աշխատանք՝ ի փառս Արցախի Հանրապետության»։

 

»