կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-07 10:00
Արցախ

Համահայկական խաղերը յուրովի պատասխան է ագրեսիային եւ բռնությանը․ Բակո Սահակյան

Համահայկական խաղերը յուրովի պատասխան է ագրեսիային եւ բռնությանը․ Բակո Սահակյան

Համահայկական խաղերը եւս մեկ խթան են՝ ուղղված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը: Այս մասին Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում նշել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Այսօր հիշարժան օր է Արցախի կյանքում. Համահայկական ամառային խաղերն առաջին անգամ անց են կացվում մեր հանրապետությունում: Ստեփանակերտում են գտնվում մայր Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից բազմաթիվ մարզիկներ ու մարզիչներ, երկրպագուներ ու պարզապես մարդիկ, ովքեր սիրում են սպորտը: Այստեղ չկան հյուրեր, այստեղ բոլորն իրենց տանն են, իրենց պապենական օջախում: Բարի գալուստ Արցախ աշխարհ:

Համահայկական խաղերն իրենց բնույթով կարելի է համարել մեր սպորտային անցյալը, ներկան ու ապագան իրար կապող կարեւոր մի օղակ:

Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու որոշումը կայացվել է 2016 թվականին, Ապրիլյան պատերազմից հետո, ինչն ինքնին խորհրդանշական է: Սա յուրովի մի պատասխան է ագրեսիային եւ բռնությանը: Սպորտը, մարմնավորելով ուժ, կամք, կազմակերպվածություն ու միասնականություն, միաժամանակ հանդիսանում է ատելության ու թշնամանքի հակապատկերը: Այն չի ճանաչում սահմաններ եւ խոչընդոտներ, միավորում է տարբեր ազգերի ու երկրների:

Մեր պարագայում դա եւս մեկ խթան է՝ ուղղված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը:

Խաղերի պատշաճ անցկացման ուղղությամբ կատարվել է մեծ ու ծավալուն աշխատանք, եւ ես ուզում եմ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այս ամենը կյանքի կոչելու համար:

Սիրելի′ հայրենակիցներ,

Վստահ եմ, որ այս օրերը կվերածվեն սպորտային մեծ տոնի՝ հետաքրքիր պահեր պարգեւելով մեզ եւ անմոռանալի հետք թողնելով բոլորիս սրտերում: Անկախ արդյունքներից՝ այս խաղերում չեն լինելու պարտվողներ: Հաղթելու է մեր ողջ ժողովուրդը, հաղթելու են մեր միասնականությունը, մեր կամքն ու վճռականությունը: Կեցցե մեր ժողովուրդը: Կեցցեն մայր Հայաստանը, Արցախը եւ  աշխարհասփյուռ հայությունը»,- մասնավորապես նշել է Բակո Սահակյանը: