կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-24 23:30
Սպորտ

Համահայկական ձմեռային առաջին խաղերը մեկնարկել են

Համահայկական ձմեռային առաջին  խաղերը մեկնարկել են

Ժամեր առաջ Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղուն հարակից տարածքում  տեղի ունեցավ ձմեռային առաջին Համահայկական խաղերի բացման պաշտոնական արարողությունը:

 

 Արարողությունը իրենց ներկայությամբ պատվել էին  Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի  եւ երիտաարդության նախարար Յուրի Վարդանյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ այլք:

Ձմեռային Համահայկական առաջին խաղերի ջահը վառեց օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը:

 

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն իր ելույթում ասաց, որ հաճելիորեն զարմացած են Համահայկական առաջին ձմեռային խաղերի մասնակիցների թվից: «Հաճելիորեն զարմացած ենք առաջին խաղերի մասնակիցների քանակից: Շուրջ 11 պետություններ` 22 քաղաքներից: Սա անակնկալ էր նաեւ մեզ համար, քանզի Հայաստանը եւ, կարծում եմ, նաեւ Սփյուռքը այդքան լավ ավանդույթներ չունեն ձմեռային մարզաձեւերում: Բայց եթե ձմեռային խաղերն էլ զարգանան ամառային խաղերի տրամաբանությամբ, ապա հաջորդ խաղերի մասնակիցների թիվը կհատի հազարի սահմանագիծըՍիրելի' մասնակիցներ, ես ջերմորեն ողջունում եմ Ձեզ մայր Հայրենիքի այս գեղատեսիլ վայրում՝ Ծաղկաձորում»,- ասաց նա:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Սիրելի' հայրենակիցներ, ես ջերմությամբ ողջունում եմ համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին և հյուրերին: Իր 15-ամյա պատմության ընթացքում ընդլայնելով աշխարհագրությունը և ավելացնելով մասնակիցների քանակը` Համահայկական խաղերը մեզ մի բան են հուշում` այս խաղերը պահանջված են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնեցին և այս 15 տարիների ընթացքում ջանք և եռանք չխնայեցին, որ խաղերը կայանան: Այսօր վստահությամբ կարող ենք փաստել, որ Համահայկական խաղերը կայացել են: Համահայկական խաղերը մեզ համար կարևոր նշանակություն ունեն: Ակնհայտ է, որ այս խաղերն ամրպնդում են Հայրենիք-Սփյուռք կապը, որ այս խաղերը հնարավորություն են տալիս հազարավոր հայ երիտասարդների, առողջ ապրելակերպ դավանող մարդկանց ծանոթություններ հաստատել, իսկ ժամանակակից աշխարհում այս հանգամանք շատ կարևոր է: Ես հաջողություն եմ մաղթում Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին, ցանկանում եմ արդար մրցակցություն, թեժ պայքար և մարզական հաջողությունը»:

 

Համահայկական ձմեռային խաղերն անցկացվում են առաջին անգամ: Խաղերին մասնակցության հայտ է ներկայացրել 400  մասնակից: Խաղերի ծրագրում ընդգրկված է 4 մարզաձեւ՝ դահուկավազք, լեռնադահուկ, սնոուբորդ եւ տափօղակով հոկեյ: Խաղերի ընթացքում խաղարկվելու է 39 մեդալ եւ 1 գավաթ: