կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-23 17:12
Սպորտ

Համահայկական ձմեռային առաջին խաղերը կմեկնարկեն փետրվարի 24-ին

Համահայկական  ձմեռային առաջին խաղերը կմեկնարկեն փետրվարի 24-ին

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀԽՀԿ գործկոմի անդամ ,Կիպրոսը ներկայացնող Հարություն Թամազյանը, խաղերի ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը, նկարիչ - ձևավորող Բագրատ Դիվանյանը, նաև կոմիտեի գլխավոր քարտուղար Բագրատ Բուռնազյանը:

 

Yerkir.am-ին  համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Համահայկական ձմեռային առաջին խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր: Նշենք, որ համահայկական ձմեռային խաղերը կանցկացվեն 2014-ի փետրվարի 24-ից մարտի 2-ը: Խաղացանկում ընդգրկված է 4 մարզաձև ` դահուկ, լեռնադահուկ, սնոուբորդ և հոկեյ: Խաղերը կանցկացվեն Ծաղկաձորի մարզաբազայում և ճոպանուղու տարածքում, բացառությամբ հոկեյի, որը կանցկացվի Երևանում` Մարզահամերգային համալիրում:

 

Կոմիտեի նախագահը նշել է, որ Ծաղկաձորի սպորտային համալիրը լիովին համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին և պատրաստ է ընդունել մարզիկներին: Խորհրդակցության ընթացքում Բագրատ Բուռնազյանը տեղեկացրել է, որ կոմիտեն արդեն ստացել է մասնակցության հայտեր աշխարհի 14 երկրներից: Հայտերի ընդունումը կշարունակվի մինչև հունվարի 25-ը, ուստի ներկայացված տվյալները խիստ նախնական են:

 

Հիշեցնենք, որ մարզիկների գիշերավարձի և սննդի ծախսերը, կոմիտեի որոշմամբ, կհոգա հենց կազմկոմիտեն:

 

Խորհրդակցության ընթացքում ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը ներկայացրել է բացման հանդիսավոր արարողության նախնական սցենարը: Քննարկվել է նաև խաղերի խորհրդանիշի հարցը: