Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր՝ առավոտյան, այցելել է Իրանի ԱԳ նախարարություն, հանդիպել է նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Իր ելույթում նա նշել է, որ արտաքին քաղաքականությունը չի կարող որեւէ քաղաքական կուսակցությանը կամ խմբավորմանը լինել: «Արտաքին քաղաքականությունը ողջ իրանական ազգին է վերաբերում, եւ, բնականաբար, արտաքին գործերի նախարարությունն ու արտաքին գործերի նախարարը ողջ իրանական ժողովրդի ներկայացուցիչն են, այլ, ոչ թե որեւէ քաղաքական կուսակցության կամ խմբավորման ներկայացուցիչը: Այդ իսկ պատճառով էլ մեր արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը պետք է միաձույլ լինեն»,- ասել է Ռոհանին՝ հավելելով, որ Իրանի ԱԳ նախարարի խոսքերը, հայտարարություններն ու ելույթները ողջ ժողովրդի կարծիքն է, փոխարենը՝ կան երկրներ, որոնց ներկայացուցիչները ներկայացնում են ոչ թե սեփական ժողովրդին, այլ, որեւէ գերտերությանը՝ կրկնելով նրանց խոսքերը:
«Աշխարհին ընդդիմանալն ամենահեշտ գործերից է, որը որեւէ հատուկ կարողություն չի պահանջում: Միգուցե ինչ-որ ժամանակաշրջանում, որեւէ երկիր ընտրի բոլորին կամ որոշակի երկրին ընդդիմանալու մարտավարություն, բայց արտաքին հարաբերությունների եւ արտաքին քաղաքականության հիմքը կառուցողական գործակցությունն է: Միջուկային համաձայնագիրն այնպիսին էր, որ աշխարհում ոչ ոք չէր կարող պնդել, թե դա Իրանի վնասում էր: «Միայն մեր թշնամիներն էին պնդում, որ դա չափազանց վատ համաձայնագիր է, քանի որ Իրանի օգտին է: Թրամփն էլ էր դա ասում: Մենք չպարտվեցինք, բոլորն են խոստովանում, որ մենք հաղթել ենք»,- ասել է նա:
Խոսելով տարածաշրջանային իրավիճակի մասին՝ Ռոհանին հիշեցրել է դեռեւս անցյալ տարի նույն այս ձեւաչափով հանդիպման ժամանակ իր արտահայտած միտքը. «Իրանի հետ խաղաղությունը բոլոր խաղաղությունների մայրն է, իսկ պատերազմը՝ բոլոր պատերազմների մայրը»: «Անվտանգությունը կլինի անվտանգության դիմաց: Դուք չէք կարող հարվածել մեր անվտանգությանը, եւ, փոխարենը, անվտանգության ակնկալիք ունենալ»,- շեշտել է նա: Ավարտելով իր ելույթը՝ Ռոհանին նշել է, որ մի խումբ պատերազմատենչ ծայրահեղականներից բացի, Իրանի ԱԳ նախարարն առավել քան երբեւէ սիրված է երկրում, տարածաշրջանում եւ աշխարհում, եւ եթե նրա դեմ պատժամիջոցներ սահմանելու թաքուն նպատակը երկրում պառակտում առաջացնելն էր, ապա դա բացառված է, քանի որ իրանական ժողովուրդը միասնական եւ միակամ է:
«Մենք այս ճնշումները կհաղթահարենք: Չկասկածե՛ք. ուշ թե շուտ հաղթելու ենք այս պատերազում»,- եզրափակել է Ռոհանին: