կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-05 21:38
Աշխարհ

Դիվանագիտության հոգու խաղաղության համար աղոթել ցանկացողներին խորհուրդ կտայի չշտապել. Զարիֆը՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ

Դիվանագիտության հոգու խաղաղության համար աղոթել ցանկացողներին խորհուրդ կտայի չշտապել. Զարիֆը՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ

Լրագրողի օրվա առիթով, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր՝ օգոստոսի 5-ին հանդիպել է իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Իր ելույթի սկզբում Զարիֆն անդրադարձել է ԱՄՆ-ի՝ իր դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշմանը՝ նշելով ,որ դա վկայում է Սպիտակ տան դիվանագիտական տկարության մասին:

«Որեւէ երկրի ԱԳ նախարարի դեմ պատժամիջոցների սահմանումը, դիվանագիտական ասպարեզում տկարության մասին է վկայում: Նրանց ընտրած ուղին դեպի երկխոսության ձախողում է տանում»,- ասել է Զարիֆը՝ նշելով, որ արդի աշխարհում այլեւս անիմաստ են դարձել մեծապետական, ամբողջատիրական նկրտումները: Միջազգային հանրությունն այլեւս չի հանդուժում նման երեւույթները, իսկ մարդ անհատն էլ ավելի զորեղ է դարձել:

Հիշեցնելով, որ ավարտվել է կայսրությունների դարաշրջանը, ԱԳ նախարարն ասել է. «Կայսրությունների դարաշրջանն ավարտված է: Սկսվել է ժողովրդի, շարքային քաղաքացիների դարաշրջանը, եւ մենք ուրախ ենք, որ անցյալ 40 տարվա ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը կանգնած է եղել ոչ թե գերտերությունների, այլ՝ ժողովրդի կողքին»:

Ըստ նրա՝ Իրանի էությունն ուրիշ է: Այն ձեւավորվել է մի քանի հազար տարվա քաղաքակրթության հիմքի վրա, իսկ իրանական կայսրության դարաշրջանն էլ մի քանի անգամ գերազանցում է ԱՄՆ ողջ պատմությանը:

Անդրադառնալով #Team_B-ին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեյան ղեկավարը նշել է, որ այն այսօրվա աշխարհում չարիքի աղբյուր է դարձել, այն դեպքում, երբ Իրանը խոսում է երկխոսության, խաղաղության, օրինականության, գործակցության եւ բազամկողմանիության մասին. «Այդ պատճառով էլ ԱՄՆ-ն այսօր մեկուսացած է»,- ասել է նա:

«Միացյալ Նահանգները, որն այդքան հպարտ է իր ռազմական հզորությամբ, թող նշի, թե վիետնամական պատերազմից ի վեր, մինչ օրս, Գրանադայի պատերազմից բացի, ուրիշ որ պատերազմում է հաղթել: Արդյո՞ք սա հպարտության առիթ է աշխարհի գերտերության համար, որ վերջին 70 տարում հաղթել է միայն մեկ պատերազմում, այն էլ թույլ երկրի նկատմամբ: Նրանք պարտվեցին Վիետնամում, իսկ մեր տարածաշրջանում էլ միայն աղետի ու ավերածության պատճառ դարձան: Պետք է ընդունել, որ այլեւս ավարտվել է գերտերությունների ժամանակաշրջանը»,- ասել է նա:

Կրկին շեշտելով, որ Իրանը որեւէ թշնամանք չունի ամերիկյան ժողովրդի նկատմամբ, Զարիֆը նշել է, որ մեծ ցավ է ապրել տեղեկանալով երեկ ԱՄՆ-ում տեղի ունեցած հրաձգությունների մասին, որոնք բազմաթիվ խաղաղ քաղաքացիների կյանքեր են խլել:

Ըստ նրա՝ սա բռնության մշակույթի պաշտամունքի արդյունքն է, որն ախտահարել է ամերիկյան հասարակությանն ու դարձել է տիրական՝ այդ երկրի արտաքին քաղաքականությունում:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հատուկ շեշտել է, որ իր դեմ պատժամիջոցների սահմանումը չպետք է ընկալել որպես բանակցությունների, դիվանագիտության ավարտը:

«Դիվանագիտությունը երբեք չի ավարտվում: Բանակցությունները միշտ էլ իմ աշխատանքային գրաֆիկի մի մասն են կազմել, եւ շարունակելու են այդպիսին մնալ: Բանակցությունները շարունակվելու են անգամ պատերազմական պայմաններում:

Նրանց, ովքեր շտապում են աղոթել դիվանագիտության հոգու խաղաղության համար, թե՛ Բոլթոնին ու նրա թիմակիցներին, թե՛ երկրի ներսում մեր որոշ բարեկամներին, խորհուրդ կտայի չշտապել: Դեռ շատ շուտ է, երկար պետք է սպասեն»,- ասել է Զարիֆը:

Անդրադառնալով անգլիական լցանավի ձերբակալմանը, ԱԳ նախարարը նշել է, որ Պարսից ծոցում եւ Օմանի ծովում ամենաերկար ափամերձ տարածքն Իրանին է պատկանում: