Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես ստիպված եմ անդրադառնալ հայաստանյան ընտրությունների մասին Ադրբեջանի պատվիրակների ելույթներին, ընտրություններից հետո ստեղծված նոր հնարավորություններին, ինչպես նաեւ նախկին քրեական վարչակարգին»,- Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցի քննարկման ժամանակ նշել է հայկական պատվիրակության ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է. «Եթե որեւէ մեկը խոսում է քրեական վարչակարգի մասին, ապա Ադրբեջանի պատվիրակները վերջիններից են, որ կարող են խոսել այդ մասին: Հենց այս պահին զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում Ադրբեջանում, որտեղ մարդիկ պահանջում են ազատել քաղաքական բանտարկյալներին եւ որտեղ նրանց իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում են ամենախայտառակ կերպով:
Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ-ի քաղաքական բանտարկայլներին վերաբերող որոշումները եւ այս ֆոնին դուք խոսում եք Հայաստանի ժողովրդավարացման մասին:
Ժողովրդավարության ավելցուկ ոչ մի երկրում գոյություն չունի: Մենք ունենք դրա առաջխաղացումը կամ հետընթացը: Ես շատ ուրախ եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանում հաստատուն կերպով զարգանում է: Այդուամենայնիվ, ծիծաղելի է այդ գործընթացներին վերաբերող հայտարարություններ լսել Ադրբեջանից. երկիր, որտեղ առկա են լրջագույն թերություններ դեմոկրատացման գործընթացներում եւ որ ավելի կարեւոր է՝ մարդու իրավունքների եւ ազատությունների ոլորտում:
Հուսով եմ՝ այստեղ բոլորը հասկանում են, որ այս սադրիչ ելույթների նպատակը գլխավոր քննարկումները լիագումար նստաշրջանի օրակարգից շեղելն է, այդ թվում քաղաքական բանտարկյալների իրավիճակը Ադրբեջանում: Ամեն դեպքում, հայկական պատվիրակության անունից ես կցանկանայի ասել, որ մենք ուրախ ենք տեսնել՝ որքան ուշադիր են հետեւում են մեր ադրբեջանական գործընկերները Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին եւ հուսով եմ, որ նրանք կսովորեն մեզանից՝ ինչպես է ժողովրդավարությունը լինում:
Ուստի, ես ձեզ խորհուրդ կտայի զբաղվել ձեր ժողովրդավարությամբ: Ես մաղթում եմ ձեզ թավշյա հեղափոխություն որքան հնարավոր է շուտ՝ ձեր իսկ բարօրության համար»: