Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տնտեսապես զարգացած և սոցիալական արդարություն հաստատած պետությունները վաղուց արդեն ձևավորել ու հետևողականորեն խորացնում են աշխատողի իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ հիմքերը:
Այս ոլորտում առանցքային են աշխատողի հանգստի իրավունքը և արդար վարձատրության իրավունքը: Առանց աշխատողի այս իրավունքների բավարար պաշտպանության՝ անհնար է ապահովել աշխատանքի արդյունավետություն, աշխատանքի անվտանգություն և աշխատողի բարեկեցություն:
Անկախացումից հետո աշխատանքային օրենսդրության ձևավորման ուղղությամբ որոշակի քայլեր իրականացվել են նաև մեր երկրում:
2005 թվականին գործողության մեջ դրվեցին ՀՀ աշխատանքային օրենսգիրքը և դրա կիրառումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը, որոնք հետագայում ենթարկվել են բազմաթիվ փոփոխությունների: Մեր երկիրը վավերացրել է Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան: Խարտիայի մի շարք հոդվածներով ամրագրված են սոցիալ-աշխատանքային նվազագույն երաշխիքներ, որոնք ունեն պարտադիր բնույթ այն վավերացրած երկրների համար: Այս ընթացքում Հայաստանը անդամակցել է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպությանը և միացել այս կազմակերպության շուրջ երեք տասնյակ կոնվենցիաների՝ աշխատանքային օրենսդրության բարեփոխումների ոլորտում ստանձնելով մի շարք միջազգային պարտավորություններ:
Անհրաժեշտ է նաև փաստել, որ մեր երկրում գործող աշխատանքային օրենսդրությունը՝ միջազգային իրավունքի նորմերի համեմատ, շարունակում է ունենալ բազմաթիվ անհամապատասխանություններ:
Առավել մտահոգիչ է Հայաստանում կիրառվող՝ օրական 24 ժամյա աշխատանքային ռեժիմը: ՀՀ օրենսդրությամբ օրական 24 ժամյա աշխատանքի կարող են ներգրավվել առանձին մի շարք կատեգորիաների աշխատողներ, այդ թվում՝ բուժաշխատողներ, մանկատներում, գիշերօթիկներում և ծերանոցներում խնամք իրականացնող աշխատողներ (դայակ, դաստիարակ, սպասուհի, սանիտար, պահակներ, հնոցապաներ և այլն):
Այս ռեժիմն արդեն իսկ մի քանի տասնամյակ արգելված է միջազգային իրավունքի նորմերով և արդյունքում դուրս է եկել նաև կիրառությունից: Ընդ որում, այս ռեժիմը, բացի Հայաստանից, թույլատրվում է միայն հետխորհրդային մի քանի երկրներում: Հիմնավորումներն առավել քան պարզ են՝
-օրական 24 ժամ և շաբաթական 48 ժամ աշատողի համար հնարավոր չէ ապահովել օրական նվազագույն հանգստի և շաբաթական առավելագույն աշատաժամանակի իրավունքը՝ յուրաքանչյուր աշատանքային օր աշատողը պետք է հանգստանա առնվազն 11 ժամ, իսկ նորմալ է համարվում այն աշատաժամանակը, որը չի գերազանցում շաբաթական 40 ժամը,
-այս ռեժիմի դեպքում չեն կարող կառավարելի լինել աշախտողի առողջության և անվտանգության ապահովման ռիսկերը, որի հետևանքը աշխատանքի ընթացքում դժբախտ դեպքերն ու մասնագիտական հիվանդություններն են,
-խախտվում է աշխատողի արդար վարձատրության իրավունքը՝ օրական 24 ժամ և շաբաթական 48 ժամ ռեժիմով աշխատողը ստանում է ամսական նույն դրուքաչափը, որը ստանում է նույն աշատանքը կատարող, սակայն նորմալ ռեժիմով մեկ այլ աշխատող (օրական 8 ժամ, շաբաթական 40 ժամ),
-այս ռեժիմի կիրառությունը աշխատողի նկատմամբ խտրականության դրսևորում է՝ իրականում գործատուն է որոշում նույն աշխատանքը կատարողներից մի մասին աշխատացնել օրական 24 ժամ, շաբաթական 48 ժամ, իսկ մյուս մասին աշխատացնել նորմալ ռեժիմով՝ օրական 8 ժամ, շաբաթական 40 ժամ:
Հատկանշական, որ այս խնդիրները մեր երկրում հավասարապես առկա են թե՛ պետական և թե՛ մասնավոր հատվածների աշխատողների համար:
Ի դեպ, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի պահանջով արգելված է օրական 24 ժամյա աշխատանքը: Այս պահանջին մեր երկրի օրենսդրության անհամապատասխանության վերաբերյալ եզրակացությունը դեռևս 2010 թվականին է ստացվել Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեից:
Հարկ է նաև նշել, որ 2014 թվականին օրական 24 ժամյա աշխատանքն արգելող օրենքի նախագիծ էր դրվել շրջանառության մեջ, սակայն հետագայում այն չընդունվեց՝ գործատուների թվացյալ շահը գերադասելու հիմնավորմամբ:
Ցավոք, ներկայումս չկա այս խնդրի լուծմանը միտված որևէ նախաձեռնություն: Եվ սա այն դեպքում, երբ այս խնդրի իրավական լուծումը՝ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, պետության համար պետք է լիներ բարեփոխումների առաջնային օրակարգ:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող