Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տնտեսապես զարգացած և սոցիալական արդարություն հաստատած պետությունները տասնամյակներ առաջ են ձևավորել ու հետևողականորեն խորացնում են աշխատողի իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ հիմքերը: Այս ոլորտում առանցքային են աշխատողի հանգստի և արդար վարձատրության իրավունքները: Առանց աշխատողի այս իրավունքների բավարար պաշտպանության` իրականում անհնար է լիարժեք ապահովել աշխատանքի արդյունավետությունը, աշխատանքի անվտանգությունն ու աշխատողի բարեկեցությունը:
Անկախացումից հետո աշխատանքային օրենսդրության ձևավորման ուղղությամբ որոշակի քայլեր իրականացվել են նաև մեր երկրում: Մասնավորապես` 2005 թվականին գործողության մեջ դրվեցին ՀՀ աշխատանքային օրենսգիրքը և դրա կիրառումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը, որոնք հետագայում ենթարկվել են բազմաթիվ փոփոխությունների: Մեր երկիրը վավերացրել է Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան: Խարտիայի մի շարք հոդվածներով ամրագրված են սոցիալ-աշխատանքային նվազագույն երաշխիքներ, որոնք ունեն պարտադիր բնույթ այն վավերացրած երկրների համար: Այս ընթացքում Հայաստանն անդամակցել է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպությանը և միացել այս կազմակերպության շուրջ երեք տասնյակ կոնվենցիաների՝ աշխատանքային օրենսդրության բարեփոխումների ոլորտում ստանձնելով մի շարք միջազգային պարտավորություններ:
Սակայն անհրաժեշտ է նաև փաստել, որ մեր երկրում գործող աշխատանքային օրենսդրությունը, միջազգային իրավունքի նորմերի համեմատ, ներկայումս ունի մի շարք անհամապատասխանություններ: Հայաստանյան և միջազգային փորձագետների գնահատմամբ` առավել մտահոգիչ է Հայաստանում կիրառվող՝ օրական 24-ժամյա աշխատանքային ռեժիմը: Ընդ որում` այս ռեժիմը, բացի Հայաստանից, օրենքով թույլատրվում է միայն հետխորհրդային մի քանի երկրներում:
ՀՀ օրենսդրությամբ` օրական 24-ժամյա աշխատանքում կարող են ներգրավվել մի շարք առանձին կատեգորիաների աշխատողներ, այդ թվում՝ բուժաշխատողներ, մանկատներում, գիշերօթիկներում և ծերանոցներում խնամք իրականացնող աշխատողներ (դայակ, դաստիարակ, սպասուհի, սանիտար և այլն), պահակներ, հնոցապաններ և այլք: Այս ռեժիմն արդեն իսկ մի քանի տասնամյակ արգելված է միջազգային իրավունքի նորմերով և դուրս է եկել կիրառությունից:
Հիմնավորումներն առավել քան պարզ են՝
- օրական 24 ժամ և շաբաթական 48 ժամ աշխատողի համար հնարավոր չէ ապահովել օրական նվազագույն հանգստի և շաբաթական առավելագույն աշխատաժամանակի իրավունքը՝ յուրաքանչյուր աշխատանքային օր աշխատողը պետք է հանգստանա առնվազն 11 ժամ, իսկ նորմալ է համարվում այն աշխատաժամանակը, որը չի գերազանցում շաբաթական 40 ժամը,
- այս ռեժիմի դեպքում չեն կարող կառավարելի լինել աշխատողի առողջության և անվտանգության ապահովման ռիսկերը, որի արդյունք են դառնում աշխատանքի ընթացքում դժբախտ դեպքերն ու մասնագիտական հիվանդությունները,
- խախտվում է աշխատողի արդար վարձատրության իրավունքը. օրական 24 ժամ և շաբաթական 48 ժամ աշխատողը ստանում է ամսական նույն դրուքաչափը, որը ստանում է նույն աշխատանքը կատարող, սակայն նորմալ ռեժիմով մեկ այլ աշխատող (օրական 8 ժամ, շաբաթական 40 ժամ),
- այս ռեժիմի կիրառությունն այդ աշխատողի նկատմամբ խտրականության դրսևորում է. իրականում գործատուն է որոշում նույն աշխատանքը կատարողների մի մասին աշխատեցնել օրական 24 ժամ, շաբաթական 48 ժամ, իսկ մյուս մասին աշխատեցնել նորմալ ռեժիմով՝ օրական 8 ժամ, շաբաթական 40 ժամ:
Հատկանշական է, որ բերված խնդիրները մեր երկրում հավասարապես առկա են և՛ պետական, և՛ մասնավոր հատվածների աշխատողների համար:
Ի դեպ, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի պահանջով` հստակ արգելված է օրական 24- ժամյա աշխատանքը: Այս պահանջին մեր երկրի օրենսդրության անհամապատասխանության վերաբերյալ դեռևս 2010 թվականին է ստացվել Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի եզրակացությունը:
Հարկ է նաև նշել, որ 2014 թվականին օրական 24-ժամյա աշխատանքն արգելող օրենքի նախագիծ էր դրվել շրջանառության մեջ, սակայն հետագայում այն չընդունվեց՝ գործատուների շահը գերադասելու հիմնավորմամբ:
Ամփոփենք` դեռևս առկա այս խնդրի ամբողջական լուծումը, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, պետության համար պետք է դառնա ոլորտում իրականացվող առաջիկա բարեփոխումների հիմնական օրակարգ:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ