Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եգիպտոսի Հուրգադա քաղաքում մնացած 100 ՀՀ քաղաքացիները դեռ չեն վերադարձել Հայաստան: Պարզաբանում ստանալու համար Yerkir.am-ը կապ հաստատեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ:
Մեզ հետ զրույցում նա մանրամասնեց. «Դեսպանի հետ կապ կհաստատեմ, որ վերջնական հասկանամ ամեն ինչ: Ես մինչև գիշերվա 3-ը դեսպանի հետ շփվել եմ, որ այդ հարցը լուծենք»:
Տաթևիկ Ռևազյանը խորհուրդ տվեց հավելյալ տեղեկությունների համար կապ հաստատել ԱԳՆ-ի հասարակայնության հետ կապերի վարչության հետ:
Yerkir.am-ը զրուցեց նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ: «Կառավարությունը պատրաստակամ է վճարել քաղաքացիների տեղափոխման համար, իսկ դա նշանակում է, որ մեր դեսպանությունը քայլեր է մշակում, որ հնարավորինս շուտ ապահովվի քաղաքացիների վերադարձը հայրենիք: Արդեն իսկ բանակցություններ են տարվում, որ դա հնարավոր լինի անել այսօր»,- հայտնեց նա:
Աննա Նաղդալյանը հավելեց, որ հստակ ժամ նշել չի կարող: «Կլինի հստակ պայմանագիր: Երբ այն ամրագրվի, ու դեսպանությունը որոշեց, որ հենց այս ժամին գալիս են, այդ ժամանակ կհրապարակեմ»,- ասաց նա:
Հավելենք, որ կառավարության կողմից քաղաքացիների վերադարձի ծախսը հոգալու մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը: «Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում են մի քանի տարբերակներ: Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար: Մանրամասների մասին կտեղեկացնեմ մի փոքր ավելի ուշ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթերը չէին կայացել, ուղևորները չէին կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ։