|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Այսօր լրագրողները էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի վարչապետի այսօրվա հանձնարարականի վերաբերյալ` կես տարով դադարեցնել տեսչական ստուգումները: Նախարարը պատասխանեց, որ այդ որոշումն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը:
«Առաջին հերթին կարծում եմ, որ դա գործարար միջավայրի բարելավմանն է ուղղված և որոշակի մեղմացումներին: Երկրորդ` տեսչական բարեփոխումները հիմա ընթացքի մեջ են, և, ըստ էության, տեսչական մարմինների կրճատումը ենթադրում է տվյալ մարմինների որոշակի գործունեության փոփոխություն` կառուցվածքային փոփոխություն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է վարչապետի մեկ այլ հանձնարարականին` ավիափոխադրումների ոլորտի կարգավորմանը, որպեսզի գիշերային ժամերի թռիչքները նվազեցվեն, նախարարը նշեց, որ բանակցություններն այս պահին ընթացքի մեջ են: Դիտարկմանը, թե վտանգ չկա՞, որ համաձայնության չգալու դեպքում ավիափոխադրողները կհեռանան Հայաստանից, Ճշմարիտյանն արձագանքեց, թե այս պահին նման մտավախություն չկա, և չի կարծում, որ հեռանալու խնդիր կլինի:
«Ամեն դեպքում` պետք է վերաբերմունք ցույց տալ, որովհետև երկուստեք անհարմար է՝ և՛ ներգնա զբոսաշրջիկի համար, և՛ մեր քաղաքացու համար, ով ժամանում է Եվրոպա, օրինակ, առավոտյան ժամը 06:00-ին և 9 ժամ պետք է սպասի կամ պետք է նախօրոք հյուրանոցում համար վերցնի և մեկ օրվա ավելի վճար կատարի»,- ասաց նախարարը: