կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-25 10:54
Առանց Կատեգորիա

Նրանք մեզ խիզախել սովորեցրին. Խանասորի արշավանքի 122-ամյակի առիթով

Նրանք մեզ խիզախել սովորեցրին. Խանասորի արշավանքի 122-ամյակի առիթով

Յուլիսի 25-ն է այսօր, Խանասորի արշաւանքի 122-ամեակը:

Ոմանց համար հարց կարող է առաջանալ, թէ այդ ինչպէ՞ս, որ տրամաբանութեամբ է կարելի դար ու քսաներկու տարի առաջ, Օսմանեան կայսրութեան մոռացւած ու խուլ մի անկիւնում, հայ-քրդական տեղային ընդհարումը, որը թերեւս հէնց այն օրերին էլ չէր կարող որեւէ նշանակութիւն ունենար, որը նրան կը դարձնէր յատկանշման արժանի պատմական մի իրադարձութիւն, կարող է նշւել եւ տօնւել մեր օրերում, առաւել եւս, ներկայացւել որպէս փառահեղ ռազմական գործողութիւն:

Բայց արի ու տես, որ Խանասորի արշաւանքը, եղել է, կայ եւ կը մնայ որպէս Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ծաւալած ռազմական սխրագործութիւնների ամենափայլուն էջերից մէկը: Եւ դա ոչ ինքնասիրահարւածութեան, ոչ առաւել եւս իրականութեան ընկալումը կորցնելու արդիւնք է: Ընդհակառակը, դա ունցել է /եւ ունի/ իր պատմագաղափարական ամուր հիմքերը:

Իսկ որո՞նք են այդ հիմքերը:

Ի լրումը մէկ տարի առաջ տեղի ունեցած Բանկ Օտոմանի գրաւմանը, ընդամենը մի քանի ժամ տեւած «աննշան» այս գործողութիւնը, հաւաստիքն էր այն բանի, որ յաւիտենական եւ անշրջելի թւացող, դարերի թմբիրում յայտնւած հայը թօթափել է ծնկած մնալու արատաւոր սովորութիւնը, եւ այլեւս կարող է պարտադրել իր կամքը՝  ես-ը:

Խանասորն ապացուցեց, որ պետականութեան դարերի կորուստը հայ մարդու մօտ ի սպառ չի ոչնչացրել կռւելու՝ սեփական արժանապատւութիւնը պաշտպանելու բնազդը, ու դեռ աւելին, անհրաժեշտութեան դէպքում հայն ի զօրու է խստօրէն պատժել նրան, ով համարձակւել է ձեռք բարձարցնել հայ մարդու վրայ, խլել նրա կեանքը, ոտնատակ տալ նրա ինքնասիրութիւնն ու արժանապտւութիւնը:

Խանասորում էր, որ վերջնականապէս ձեւաւորւեց դաշնակցական մարտիկի՝ ֆիդայու կերպարը, որը մի կողմից, երկու տասնամեակ շարունակ դարձաւ թուրք ասկեարի եւ քուրդ խառնամբոխի ահն ու սարսափը, նրանց ամենադաժան մղձաւածջը, իսկ միւս կողմից ազգային ազատագրական պայքարին զինւորագրւած, օրւայ առաջադէմ երիտասարդութեան ոգեւորիչ ու խթանիչ ուժը դարձաւ:

Եւ, թերեւս, ամենակարեւորը. Խանասորն էր, որ հայ մարդու ենթագիտակցութեան՝ գենետիկ յիշողութեան մէջ վերջնականապէս ի պահ դրեց յանուն հայրենիքի եւ ազգի, յանուն ազատութեան եւ արդարութեան խիզախելու, պայքարելու, կռւելու եւ յաղթելու, եամենաթանկը՝ սեփական կեանքը նւիրելու գիտակցութիւնը:

Վստահեցնում եմ, որ այս գնահատականները ռոմանտիկայի ժանրից չեն, ոչ էլ պահի ազդեցութեան տակ հոգեկան յուզական պոռթկում: Սրանք ամենաիրապաշտական գնահատականներն են, որոնք դար ու քսաներկու տարի դիմացել են պատմութեան ամենախստ ու դաժան քննութեանը:

Չմոռանանք, որ առաջին հայեացքից «աննշան» թւացող, խանասորատիպ հէնց նման պատմական իրադարձութիւնների եւ եղելութիւնների շնորհիւ է, որ իւրաքանչիւր ազգի ենթագիտակցութեան մէջ աստիճանաբար ձեւաւորում, կերպար է ստանում ազգային հաւաքական գիտակցութիւնն ու նկարագիրը, որն իր ողջ հզօրութեամբ, հմայքով ու շքեղութեամբ դրսեւորում է պատմական օրհասական պահերին:

Վկան՝ 1918 թւականի մայիսեան հերոսապատումը, վկան՝ Լիզբոնի տղաների իմացեալ ինքնազոհողութիւնը, վկան՝ 90-ականների Արցախեան ազատամարտը, վկան՝ Ապրիլեան քառօրեայ հերոսապատումը, վկան՝ նմանատիպ այլ եւ այլ սխրագործութիւնները, որոնք կը ծնւե՛ն ապագայում:

Կը ծնւե՛ն, անպայման կը ծնւե՛ն:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ