կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-25 14:44
Հասարակություն

1897 թվականի հուլիսի 25-27-ին տեղի ունեցավ Խանասորի արշավանքը

1897 թվականի հուլիսի 25-27-ին տեղի ունեցավ Խանասորի արշավանքը

ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ԸՆԿԵՐՆԵՐՈՒՆ

16/28 Մայիս, Մեծ Քաղաք՝

Ընկերնե՛ր,

Ստացանք ձեր նամակը, որու բովանդակութիւնը հետեւեալն է.

1)Ռուսաստանցի կռուողներ ուղարկել,

2)Փող ուղարկել,

3)Մեզնից մի հեղինակաւոր մէկը ղրկել:

Ահա՛ մեր պատասխանը.-

1)Փող արդէն ուղարկել ենք` 10.000 ռուբլի, եւ աւելի ուղարկելու ենք: Ճամբուած մարդերից ոմանց ճանապարհածախս աւելի ենք տուել, այնպէս որ պատրաստութիւնների համար չենք կարծում, որ փող պակասի, եւ այնուհետեւ էլ երբեք չենք թոյլ տայ մեզ, որ փողի պատճառով անյաջողութեան մատնուիք:

2)Ղրկուած կռուողներից մեծագոյն մասը ռուսաստանցի էին, եւ նրանց մէջ վարժ զինուորներ էլ կային, այնպէս որ տաճկաստանցիները եթէ վճռական րոպէում չմասնակցեն իսկ, գործը կարեւոր եւ արդարացի արգելքի չի հանդիպի դրանց պատճառով…

3)Մեզանից մինչ[եւ] այդտեղ գալ ներկայ պայմաններով անկարելի է, որովհետեւ մինը գալով ստիպուած կը լինենք այստեղ բոլորովին պարապ, ամլութեան դատապարտելու: Այսուհանդերձ, Մելիքին գրում ենք այսօր, որ մինչեւ ձեզ մոտ գայ …. մնում է այժմ միայն թղթակցի հարցը…

Ընկե՛ր, ընկերնե՛ր, աչքի առաջ ունեցէ՛ք տարիներէ ի վեր այդ կողմի համար կազմակերպութեան զոհաբերութիւնները, աչքի առաջ ունեցէ՛ք հակառակ այդ զոհաբերութիւնների, պատրաստութիւնների անգործ անցնելը, աչքի առաջ ունեցէ՛ք այդքան անգործունէութեան` թէ՛ այլ ընկերների եւ թէ՛ ժողովուրդի մէջ թողած վատ տպաւորութիւնը, աչքի առաջ ունեցէ՛ք քաղաքականութեան կամ Արեւելյան հարցի ստացած սուր կերպարանքը ու Հայոց Հարցի մոռացութեան տրուելը: Եւ վերջապէս աչքի առաջ ունեցէ՛ք այս տարուայ այսքան պատրաստութիւններն ու ըստ այնմ շարժեցէ՛ք, ձեր անձնական ու կազմակերպութեան վարկը, բարոյականը վերաբարձրացնելու, նոր անգործունէութիւն, նոր յուսախաբութիւն եւ մեծ պատասխանատվութիւն մեր ամէնուն վրայ չհրաւիրելու. ի սէրն Աստծո՜յ, ըրէ՛ք, փութացէ՛ք գործելու, ինչ որ Ընդհ. ժողովը որոշել է, ինչ որ ձեր խիղճը թելադրում է յանուն Յեղափոխութեան եւ Հայկական Սբ. Գործի. այլեւս թո՛ղ չլսուի, չկրկնուի հին երգը, թէ «մարդիկ չեկան, այսինչ նիւթը պակսեցավ, ձիւնը հալեցաւ, ջրերը շատցան եւն»: Կրկնում ենք, խնդրում ենք, պաղատում ենք, ի սէրն Աստծո՜յ. օրը օրին, ժամանակին գործեցէ՛ք, պսակեցէ՛ք մեր, ձեր, ապագայի բոլոր յոյսերը՝ վստահ լինելով մեր բարոյական ու նիւթական օժանդակութիւնների վրայ…

Բարեւներ եւ համբոյրներ

Ձերդ Էլլէն

«Քրիստափոր Միքայէլեանի նամակները» Պեյրութ, Համազգայինի Վահէ Սէթեան տպարան, 1993, էջ 31-34:

Քրիստափոր Միքայելյանի այս նամակում ակնարկվում է 1896-1897 թթ. Ռայոնական ժողովի կողմից կայացված արշավանքի որոշման մասին, որը պատմության մեջ պիտի արձանագրվեր որպես հայ ֆիդայիների դավադիր կոտորածն իրականացրած քրդական Մազրիկ ցեղի արժանի պատիժը իրագործած Խանասորի արշավանք:

Նամակը հրապարակվում է կրճատումներով

«Դրօշակ», թիվ 7 (1641), հուլիս, 2020 թ.