կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-23 15:30
Հասարակություն

Հանրայինն այսօր ևս իշխանության տարբեր թևերի շարունակում է գայթակղությունների առիթ տալ. Պասկևիչյան

Հանրայինն այսօր ևս իշխանության տարբեր թևերի շարունակում է գայթակղությունների առիթ տալ. Պասկևիչյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը,  «Հայեր» մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանն ու Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Արա Շիրինյանն այսօր ներկա չէին «Ծառայո՞ւմ է հանրությանը Հանրայինը» թեմայով քննարկմանը, թեև լրատվամիջոցներին նախապես ասվել էր, որ քննարկմանը ներկա են լինելու բոլոր բանախոսները: Ասուլիսին ներկա էր միայն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի նախկին խորհրդական, սցենարիստ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը:

Yerkir.am-ի հարցին` ինչո՞ւ է մենակ մասնակցում քննարկմանը, պատասխանեց` ինքը նույնպես ակնկալում էր, որ քննարկվող հարցի շուրջ լուրջ համախմբում կլինի, և հուսով է, որ մի օր դա կլինի:

Yerkir.am-ը, շարունակելով թեման, ճշտող հարց տվեց` արդյո՞ք մասնակիցներն ինչ-որ բանից վախեցել են ու չեն ներկայացել, Պասկևիչյանն արձագանքեց` չի կարող պատասխանել ուրիշների փոխարեն:

«Ես վատ չեմ զգում այս մենության մեջ, որովհետև այստեղ հանդես եմ գալիս ոչ թե որպես փորձագետ կամ մասնագետ, այլ` որպես քաղաքացի»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի հարցին` իսկ 1990-ականներին Հանրայինը չէ՞ր ծառայում այդ օրվա իշխանություններին, մասնավորապես` Լևոն Տեր-Պետրոսյանին, Պասկևիչյանն արձագանքեց. «Այն ժամանակ էլ վիճակը փայլուն չէր, և պետությունը շահագործում էր, բայց այն պետական էր, իսկ 2000 թվականից կառույցը հանրային հռչակվեց, ինչը նշանակում էր՝ որոշակի անկախություն: Մինչև 2000-ը հեռուստատեսությունը պետական էր` ժառանգված խորհրդային ժամանակահատվածից: Այսօր ևս Հանրային հեռուստատեսությունը, որը ստեղծվել է 2000-ին, ստեղծվել ու զարգացել է նախորդ վարչակարգերի ճարտարապետությամբ, շարունակում է մնալ նույն կառույցը և  նման գայթակղությունների առիթ տալ իշխանության տարբեր թևերի, տարբեր մարդկանց»:

Անդրադառնալով ՀՌԽ նախագահ Արա Շիրինյանին ուղղված բաց նամակին`ասաց, որ խնդիրն անձնական չէ: «Արա Շիրինյանն իմ 30 տարվա ընկերն է, 24 տարի միասին ենք աշխատել, իսկ Մարգարիտա Գրիգորյանի հետ չի կարող լինել անձնական խնդիր, քանի որ մի քանի անգամ եմ առիթ ունեցել հանդիպելու նրան»,- նշեց Պասկևիչյանը: