կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-17 08:28
Առանց Կատեգորիա

ՔՊ խմբակցությունում թևերի են բաժանվել. ովքեր են գլխավորներն ու մեկուսացածները. «Ժողովուրդ»

ՔՊ խմբակցությունում թևերի են բաժանվել. ովքեր են գլխավորներն ու մեկուսացածները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում պատգամավորները բաժանվել են մի քանի թեւերի: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ նույնիսկ կան անձինք, որոնք «սեւ ցուցակում» են գտնվում: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներսում այդքան էլ մեծ դերակատարում չունի, ուղղակի կերպար է, որին խմբակցությունը, մեղմ ասած, «չի ենթարկվում»:

Նույն կարգավիճակում է նաեւ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, որը նախկին խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի պես ուժային մեթոդներ չի կիրառում, անգամ չի կազմակերպում քվեարկությունները: Իհարկե, մեծ հաշվով, բոլորն իրականացնում են գործադիրից եկող հրահանգները, սակայն լոկալ հարցերում խմբավորումների ղեկավարներն են գործում. Տեղեկացանք, որ Անդրանիկ Քոչարյանը, Խաչատուր Սուքիասյանը ունեն իրենց խմբերը: Մի խումբ կա, որ ենթարկվում է Մարիա Կարապետյանին, մի խումբը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերահսկողության տակ է, կան մարդիկ որոնք տարբեր հարցեր քննարկում են Հրաչյա Հակոբյանի հետ: Այսինքն՝ 72 հոգուց բաղկացած խմբակցությունը բաժանվել է «մասերի»:

Իսկ, ահա, ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը «սեւ ցուցակում» է, թիմում գրեթե բոլորը խնդիրներ են ունեցել Թորոսյանի հետ, երբ նա նախարար էր կամ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: ԱԺ-ում կարծես անկախ ուղղություն լինի կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որին եւս թիմը չի ընդունում նույն Թորոսյանի նման վարքագիծ ունենալու պատճառով: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մեկուսացած է թիմից ու իրեն դեռ նախարարի կարգավիճակում է զգում` վերեւից նայելով մեծամասնությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում