Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2017 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Հանրայինն իր ծախսերի 75%-ը փոխանցել «Շարմ Հոլդինգ»-ին, որի 50% բաժնեմասը նրան է պատկանում: Բացի այդ` պատգամավորը հարցրեց՝ ի՞նչ գումարով է Ջաղինյանը ձեռք բերել երկու բնակարան: Նրան նաև հետաքրքրում էր՝ արդյո՞ք Ջաղինյանը հաստատում է այն տեղեկությունը, որ Հանրային հեռուստաընկերության շենքը գրավադրված է:
Ջաղինյանը պատասխանեց, որ բնակարաններ ձեռք է բերել մինչև պաշտոնը ստանձնելը, և հավելեց, որ չի կարող ամեն ասեկոսեի պատասխանել: Նա շեշտեց, որ այստեղ ֆորմատը մի քիչ այլ է, եթե կանոնակարգից դուրս գան, ինքը պատրաստ է հանդիպել պատգամավորի հետ, ամեն ինչ ցույց տալ նրան:
Էնֆիաջյանն էլ հակադարձեց` ասելով, որ սրանք հրապարակային հարցեր են, և հասարակությանն էլ են դրանք հուզում:
Ջաղինյանը բացատրեց, որ Հանրային հեռուստաընկերությունը պատվիրում է ոչ թե «Շարմ» կազմակերպությանը, այլ աուտսորս մի քանի ընկերությունների, որոնց թվում է նաև «Շարմ»-ը, որոնք ընդամենը որակով պատրաստում են ծրագրեր և տրամադրում, ինչը նորմալ գործընթաց է:
Ինչ վերաբերում է շենքի գրավադրմանը, Ռուբեն Ջաղինյանն ասաց, որ կային սեյսմիկ վթարային վիճակում գտնվող շենքեր՝ փլուզման ենթակա, դրանց թվում էր նաև «Երևան» ստուդիան: «Հանրային կարևոր շենքը գրավադրված չէ, այլ դրված է միայն «Երևան» ստուդիան, և այդ գումարներով էլ մասնաշենքերը վերազինվել են»,- ասաց նա:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հավելեց, որ 2013-ին Հանրային հեռուստաընկերության խորհրդի կողմից և կառավարության որոշմամբ հաստատվել է, որ որոշ մասնաշենքեր անհրաժեշտ է ապամոնտաժել, քանի որ երրորդ և չորրորդ կարգի սեյսմիկ շենքեր են: Նույնիսկ մինչև ապամոնտաժումը, ըստ նրա, շենքերից մեկը փլուզվել է, և դա արձանագրվել է տեսանյութերում:
«Քանի որ շենքը փլուզված էր, անհրաժեշտ էր միանվագ գումար, և դրա ձեռք բերման կարգը վարկային միջոցներ ներգրավելն էր, իսկ պարտավորությունը կատարելու համար գրավադրվել է «Երևան» ստուդիայի մասնաշենքը, որը վերանորոգվել է հիմնովին»,-ասաց Գրիգորյանը և թվարկեց մյուս վերանորոգված մասնաշենքերը: Նա նշեց, որ այս պահին միայն մեկ` փլուզման ենթակա շենք է մնացել, որը լուրջ կարիք ունի վերանորոգման, և որի հետ կապված Հանրայինը որևէ բան չի իրականացրել: Իսկ թե կոնկրետ ինչքա՞ն գումար է հարկավոր, նա ասաց, որ 1,5 մլրդ դրամի վարկ է, որը ընթացակարգերով փակվում է: