կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-22 15:30
Քաղաքական

ՀՅԴ-ն պահանջում է ՀՀ կառավարությունից ու ՀՀ ԿԲ-ից` վերականգնել ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքները

ՀՅԴ-ն պահանջում է ՀՀ կառավարությունից ու ՀՀ ԿԲ-ից` վերականգնել ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքները

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը Հայաստանի Հանրապետությունում նոր բարդություններ և խտրական հարցեր է առաջացրել ծնունդով Իրանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Վերջին օրերի ընթացքում Հայաստանի մի շարք բանկեր պահանջում են վերոնշյալ քաղաքացիներից` փակել իրենց անձնական բանկային հաշիվները: Ըստ էության՝ չի ապահովվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` օրենսդրությամբ նախատեսված իրավունքների իրացումը, ինչի արդյունքում մեր բազմաթիվ հայրենակիցներ զրկվում են բանկային ծառայություններից օգտվելու հնարավորությունից, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները, սահմանափակվում է նրանց տնտեսական գործունեությունը, ինչը բացասաբար է անդրադառնում ինչպես Իրանում ծնված մեր քաղաքացիների սոցիալական վիճակի, այնպես էլ Իրան-Հայաստան տնտեսական կապերի և ակնկալվող ներդրումների  ընդհանուր գործընթացի վրա։  

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կարևորում է հայրենադարձված մեր քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավումը, համահայկական ներուժի համախմբումը,  երկու երկրների ակտիվ տնտեսական ու ներդրումային ծրագրերի իրականացումը  և պահանջում է ՀՀ կառավարությունից ու ՀՀ Կենտրոնական բանկից` հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնումը: Միևնույն ժամանակ, մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել իրավական և քաղաքական դաշտում լուծումներ գտնելուն՝ ի շահ մեր հայրենակիցների:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին

22.11.2018 թ.