կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-15 14:25
Հասարակություն

Տնտեսվարողները պահանջում են, որ նախարարները հայտնեն` Սևանում լողալը վտանգավոր չէ

Տնտեսվարողները պահանջում են, որ նախարարները հայտնեն` Սևանում լողալը վտանգավոր չէ

Սևանա լճի լողափերի տնտեսվարողները հուլիսի 15-ի վաղ առավոտյան Սևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիա են իրականացրել, այնուհետև` գնացել Սևանի քաղաքապետարան, որտեղ կարճատև հանդիպում են ունեցել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հետ: Նրանք խոստացել են, որ կխոսեն կառավարության պատկան մարմինների ղեկավարների հետ և կհայտնեն այդ մասին տնտեսվարողներին:

Ըստ տնտեսվարողների` Սևանի կանաչելու պատճառով զբոսաշրջիկներ չեն այցելում լիճ, իրենք հարկեր չեն կարողանալու վճարել,  նախարարություններն էլ հայտնում են, որ Սևանում լողալը վտանգավոր է, ինչի հետ տնտեսավարողները համաձայն չեն և պահանջում են, որ նախարարներն ասեն, որ Սևանում լողալը վտանգավոր չէ: Տնտեսվարողներն անգամ Երևան-Սևան ճանապարհն էին փակել:

«Անցած տարվա հանգստացողների 2 տոկոսն է այս տարի Սեւանում հանգստանում։ Անցած տարի ազատ տեղ չունեինք, այս տարի մարդ չի գալիս»,- ներկայացնում են նրանք` նշելով, որ իրենց երեխաներն են լողում Սեւանում, ինչո՞ւ չեն թունավորվում, եթե թունավոր է Սեւանի ջուրը։

Տնտեսվարողները վստահ են, որ այս ամենում դիտավորություն կա: «Տուրիստական ընկերություններն ամեն ինչ անում են, որ մարդկանց տանեն Քոբուլեթի»,- կարծում են նրանք:

Ցուցարարները նաեւ վրդովված են՝ եթե Սեւանի ջուրը թունավոր է, ինչո՞ւ են այդ ջրով Արարատյան դաշտավայրը ոռոգում։

Տնտեսավարողների հետ հանդիպման եկավ նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Նրա խոսքով` եթե լճի ջուրն իսկապես վտանգավոր է, պետք է պաշտոնական հայտարարություն արվի, այլապես «մի կտոր» հաց աշխատող մարդիկ ֆինանսական մեծ վնասներ են կրում։

Ցուցարարները Սասուն Միքայելյանի առաջարկով բացեցին Սևան-Երևան ավտոճանապարհը՝ մինչև չորեքշաբթի սպասելու պայմանով։