կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-13 11:41
Առանց Կատեգորիա

Տնտեսական շահը գերակայել մարդու առողջությանը կամ շրջակա միջավայրին անթույլատրելի եմ համարում. Մերի Գալստյան

Տնտեսական շահը գերակայել մարդու առողջությանը կամ շրջակա միջավայրին անթույլատրելի եմ համարում. Մերի Գալստյան

Կանաչած Սևանի օրհասական վիճակի և խնդիրը լուծելու համար անհրաժեշտ հարցերի շորջ Yerkir.am-ը զրուցել է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և  բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանի հետ:

 

-  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի` արդեն նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը, անդրադառնալով Սևանի խնդրին, Facebook-ի իր էջում գրել էր, որ ինչպես նախորդ, այնպես էլ ներկա իշխանություններն ամեն բան արել են հետաձգելու ու Սևանում ստուգումներ չանցկացնելու համար: Գրել է նաև, որ իշխանությունները մասնավորի հետ «կոռուպցիոն» համագործակցության մեջ են ու Սևանի հարցը լուծելու կամք չունեն: Ի՞նչ կասեք նրա մեկնաբանության մասին:

- Նախկինում կառավարման հետ կապված խնդիրներ եղել են, հիմա էլ դրանք որոշակիորեն շարունակվում են: Ինչ վերաբերում է պատճառահետևանքային կապին՝ տեսչական մարմնի նախկին ղեկավարի՝ պաշտոնից ազատմանն ու Սևանի հարցին, ապա կարծում եմ, որ եթե այդպիսի պատճառահետևանքային կապ են տեսնում կամ նման խախտումների մեջ վստահ են, պարզապես պետք է դիմել իրավապահ մարմիններին՝ տրամադրելով համապատասխան տեղեկատվություն: Ես չեմ ցանկանա այս պահին մեկնաբանություն անել այդ մասով:

- Հնարավո՞ր եք համարում, որ իշխանությունները տնտեսական շահը վեր դասեն բնապահպանական խնդիրներից:

- Բազմիցս լսել եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ տնտեսական որևէ շահ չի կարող գերակա լինել մեր առողջության ու շրջակա միջավայրի նկատմամբ: Ու հենց այդ ուղեծրից, սկզբունքից ելնելով էլ՝ պետք է հավասարակշռված գործունեություն ծավալել, որոշումներ կայացնել: Տնտեսական շահը մարդու առողջությանը կամ շրջակա միջավայրին գերակայելը ես անձամբ՝ որպես պատգամավոր, անթուլատրելի եմ համարում:

 - Օրինակ՝ երբ հարց բարձրացվի, որ պետք է վերջ տալ ցանցային ձկնարդյունաբերությանը, անձամբ Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի:

- Նախևառաջ ամբողջ խնդիրն խորությամբ ուսումնասիրելու անհրաժեշտություն ունեմ և, այդ ուսումնասիրությունից հետո ամբողջությամբ ծանոթանալով խնդրին, կարող եմ կոնկրետ տեսակետ հայտնել: Ես բացառապես շարժվում եմ այն սկզբունքով, որ տնտեսական որևէ գործունեություն կամ ցանկացած եկամուտ չի կարող գերակա լինել ՀՀ քաղաքացու առողջության կամ շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ:

-  Ռիսկեր չե՞ք տեսնում, որ Սևանի այսպիսի վիճակը կարող է վանել զբոսաշրջիկներին կամ հավանական ներդրողներին:

-Իհարկե, ռիսկեր կարող են լինել, ու շատ եմ ցավում, որ այս իրավիճակի ականատեսն ենք, որն առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում: Այս պահին ինձ մնում է եզրակացնել, որ վատ կառավարման հետևանքով է, որ նման իրավիճակի ականատեսն ենք: Իրավիճակը պետք է արագ վերահսկողության տակ վերցնել, անել անհրաժեշտ միջոցառումները՝ համալիր ու ռազմավարական, կարճաժամկետ ու երկարաժամկետ, որպեսզի այդ իրավիճակը չեզոքացվի և առաջիկայում նման խնդիրներ չլինեն: Դա միանգամից կամ մեկ-երկու օրում տեղի ունեցող գործընթաց չէ, մենք գործ ունենք կենդանի օրգանիզմների ու կենդանի, բնական աշխարհի հետ, որի նկատմամբ ցանկացած միջամտություն հղի է վտանգներով: Վստահ եմ, որ կառավարության ներկաայցուցիչներն ու ԱԺ մեր հանձնաժողովի շրջանակներում ամեն բան անելու ենք, որ այդ խնդիրները լուծվեն:

- Կառավարությունը հայտարարել է, որ կանաչած Սևանի համար ցանկալի ու արդյունավետ լուծում գտնելու համար նաև միջազգային փորձագետներ են հրավիրվելու: Դրան զուգահեռ` տեսնում ենք, որ գրեթե ամեն օր հայ մասնագետներն ու գիտնականները կետ առ կետ ու ամենայն մանրամասնությամբ նշում են խնդրի առաջացման պատճառները և լուծումներ են առաջարկում: Մեր ունեցած ներուժը բավարար չէ՞, որ «դրսից մարդ ենք բերելու» ու նրանց վճարելու ենք դրա համար:

- Բացարձակապես բացասական չեմ վերաբերվում դրան:

- Չե՞ն վստահում մեր մասնագետներին:

- Գիտեք՝ վստահելու հարց չէ, միշտ էլ կարելի է հենվել նոր գիտական, փորձագիտական աջակցության վրա՝ վերջնական որոշումներ կայացնելու համար: Ես դրան միայն դրական եմ նայում ու վստահ եմ, որ տեղական փորձագետների ներուժն ու կարողությունները նույնպես  ռեալիզացվելու են: Իմ գործունեության շրջանակներում նույնպես փորձում եմ միջազգային փորձագետների աջակցությունը ստանալ ավելի լավ արդյունքներ ստանալու համար: Դա բնավ չի խանգարում ու արվում է ի լրումն մեր տեղական փորձագետների կարողությունների: Բացի այդ՝ նաև մեր փորձագետների կարողություններն են զարգանում այդպիսի հանդիպումնների ժամանակ:

Զրույցը՝ Վրույր Սևակի